Նոյեմբերի 18-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հանդիպել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Armlur.am-ը զրուցեց Արամ Հարությանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:
– Պարո՛ն Հարությունյան, ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ հարցեր եք քննարկել, և որո՞նք են լինելու հետագա քայլերը:
– Հանդիպման ժամանակ առաջարկվել է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ առանձին համաձայնագիր ստորագրել, կամ՝ ասենք «Եռյակ»-ի հետ: Հիմա ճշտվում է և առաջիկայում հայտարարությունը կլինի, թե որ տարբերակով ենք մենք համագործակցում: Այսօր երկիրը կիսապատերազմական վիճակի մեջ է, ընդ որում՝ իշխանություններն են սեփական ժողովրդին պատերազմ հայտարարել: Դրա համար այդտեղ ամբիցիայի խնդիր չկա, ուղղակի ուզում ենք մեր լուման դնել այդ համաժողովրդական շարժմանը:
– Ո՞րն է պատճառը, որ առաջինը հանդիպեցիք հենց պարոն Ծառուկյանի հետ:
– Հրավեր է եղել, մենք էլ հանդիպել ենք: Հրավերը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մենք, իհարկե, նախօրոք՝ ասուլիսների ժամանակ, տարբեր հարցազրույցների ժամանակ ասել ենք, որ պատրաստ ենք միանալ և համագործակցել:
– Ակնհայտ է, որ «Եռյակ»-ի ներսում տարաձայնություններ կան: Ըստ Ձեզ, որքանով դա կարող է վնասել շարժմանը:
– Շատ լավ է, որ տարբեր տեսակետներ կան: Ժողովորդավարությունը հենց դրանումն է, որ համաձայնվենք ընդհանուր ճանապարհ ընտրելուն, որովհետև բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ կարող են ունենալ նաև մարտավարական հարցերում: Հարթակի վրա դա չի խանգարում, դա մի կուսակցություն չէ, և մեկի հրամանով չեն շարժվում:
– Այսինքն, ըստ Ձեզ, այնուամենայնիվ, այդ տարաձայնությունները չեն կարող միության փլուզման պատճառը դառնալ:
– Այնպես չէ, որ ամեն ինչ կախված է «Եռյակ»-ից: «Եռյակ»-ն այս պահին կատարում է ժողովրդի պատվերը: Այնպես չէ, որ եթե մեկը «խռովեց», դա կվնասի շարժմանը, քանի որ այդ շարժումն ամբողջ ժողովուրդն է: Նրանք իշխանափոխություն են ուզում, քանի որ հասկանում են, որ որևէ ձևով հնարավոր չէ այս իշխանությունների գոյության պայմաններում ունենալ առաջընթաց: Մենք տեսնում ենք, որ բոլոր ոլորտներում ձախողումներ կան, իշխանությունն էլ ընդամենը մեկ խնդիր են լուծում՝ փող աշխատել և իշխանությունը պահել՝ նորից փող աշխատելու համար: