ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
armlur.am-ի տեղեկացմամբ, երեկ սպանություն կատարելու կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին բերման է  ենթարկվել Էջմիածին քաղաքի 33-ամյա բնակիչ Մարատ Սարգսյանը: Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը Մ. Սարգսյանի եւ Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 48-ամյա Մայիս Խաչիկյանի միջեւ տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ. Սարգսյանը սպանել է Մ. Խաչիկյանին եւ իր անձնական օգտագործման մեքենայով սպանվածի մարմինը անհայտ ուղղությամբ տեղափոխելուց հետո դիմել փախուստի: Մ. Խաչիկյանը զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ, իսկ սպանություն կատարողն աշխատում է «Առեքսիմբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղում որպես վարկային բաժնի առաջատար մասնագետ: Արդեն հայտնաբերվել է հանցագործություն կատարողի՝ «Նիսան» մակնիշի 30 ԼՏ 778 համարանիշի ավտոմեքենան Վաղարշապատից դեպի Չոբանքարա գյուղ տանող գերեզմաններում, իսկ ավտոմեքենայից մոտ 5 կմ հեռավորության վրա՝ անջուր ջրանցքի մեջ, հայտնաբերվել է սպանվածի դին` դանակի մի քանի հարվածներով:

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻՑ ԱՌԱՎԵ՞Լ Է
slaq.am-ը նկատել է, որ Երեւանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ավտոմեքենայի համարանիշերը, չգիտես ինչու, պատկանում են ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Հարց է առաջանում, ինչո՞ւ է Արթուր Գրիգորյանը վարում ՊՆ պետհամարանիշերով ավտոմեքենա… Ի՞նչ կապ կարող է լինել Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ ՊՆ-ի միջեւ, ինչո՞ւ պետք է Արթուր Գրիգորյանը վարի ՊՆ պետհամարանիշերով ավտոմեքենա, իսկ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքը` ոչ, ինչո՞վ է նա առավել…»,-հարցադրումներ է անում slaq.am-ը:  

ՎՈՎԱՆ ՈՍՏԻԿԱՆ Է
Նախորդ օրը  Սարդարապատի հուշահամալիր կատարած այցի ընթացքում, անդրադառնալով ներքին գործերի նախարարություն ստեղծվելու վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի պահանջներից մեկն է ներքին գործերի նախարարություն ստեղծելը, բայց դա ծրագրային է: Միեւնույն ժամանակ նա բացառել է  իր` պաշտպանության նախարար նշանակվելու մասին տարածված տեղեկությունները: «Ես ոստիկան եմ»,-ասել է նա:

ՇԱՏ ԲԱՆ ԿԿՈՐՑՆԵԻՆՔ
«Հանրապետության հրապարակը խորհրդանշում  է մեր հանրապետությունը, մեր պետականությունը: Չնայած այսօր թերուսներն ու մտավոր ուժի հակառակորդներն այն անվանում են առաջին հանրապետության օր, իրականում այն մեր անկախության վերականգնման օրն է եղել, դրա համար ճիշտն այստեղ հանդիպելն էր: Եթե չլիներ այն անկախ Հայաստանը, երեւի շատ բան կկորցնեինք»,-Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Այնուհետեւ նա մի խումբ քաղաքացիների հետ այցելել է  բոլոր այն մարդկանց շիրիմներին, որոնք կապ են ունեցել մայիսի 28-ի հետ:




Լրահոս