«ՉԵՆ ՊԱՅԹՈՒՄ` ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՐՔՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչները վերջին ժամանակներս հաճախակի են հատում ադրբեջանական սահմանն ու գերի ընկնում: Դեռեւս հունվարի 28-ին լուրեր տարածվեցին, թե տարածքն անօրինական հատելու համար ձերբակալվել է 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով մարտի 4-ին խոշտանգված վիճակում վերադարձվեց հայկական կողմին: Իսկ մարտի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Թովուզի շրջանի բնակիչները գերեվարել են սահմանը հատած կարմիրաղբյուրցի Արսեն Խոջոյանին: Վերջինս Մ. Խոջոյանի բարեկամն է: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ նշված գյուղի բնակիչները նման հաճախականությամբ գերի են ընկնում թշնամուն:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Պարոն Հովհաննիսյան, վերջին մեկուկես ամսվա ընթացքում Վերին Կարմիրաղբյուր գյուղից ադրբեջանական սահմանը հատելու արդյունքում գերի է ընկել երկու հոգի: Արդյոք դա պատահաբա՞ր է տեղի ունեցել:
-Քանի դեռ Ադրբեջանի հետ չկա խաղաղության հստակ պայմանագիր եւ սահմանազատում, միշտ էլ բացառիկ դեպքեր կարող են լինել, որ մարդիկ սահմանը հատեն ու չնկատեն, որ իրենք այլ տեղ են հայտնվել, որովհետեւ այդ սահմանազատումը հստակ չկա: Տեղանքը շատ բարդ է, դրան գումարած` կա նաեւ եղանակային վատ հանգամանք, եւ մարդը կարող է մեկ մետր այս ու այն կողմ քայլելով հայտնվել հակառակորդի տեսադաշտում:
-Իսկ ինչո՞ւ այդպիսի հատվածներում չկան արգելող նշաններ, որպեսզի մարդը հասկանա, որ չպետք է այդ հատվածում լինի:
-Նշաններ կան դրված, ու մեկ հատ չէ, հարյուրավոր նշաններ են, որոնց վրա գրված է. «Զգուշացեք, ականապատված դաշտ է»: Կան նաեւ հազարավոր ականներ, որոնց չպայթելն էլ ինչ-որ առումով նաեւ բախտի գործոն է, քանի որ տարեկան հարյուրավոր կենդանիներ ու տասնյակ մարդիկ են պայթում այդ ականների վրա: Բայց երբեմն որոշ մարդկանց բախտը բերում է ու չեն պայթում, սակայն հայտնվում են հակառակ կողմում:
-Բայց, օրինակ, 22-ամյա Արսեն Խոջոյանը խաղողի այգում է եղել ու հանկարծակի հայտնվել է ադրբեջանական սահմանում: Եթե նշում եք, որ կան զգուշացնող նշաններ, այդ դեպքում ինչպե՞ս կարող էր երիտասարդն իր այգում լինելով` մեկեն հայտնվել այլ տարածքում:
-Չգիտեմ, չեմ կարող կոնկրետ իր դեպքում ասել, թե ինչ է եղել: Համայնքի ղեկավարն արդեն ասել է, թե այնտեղ ինչքան կտրտված տեղեր կան, որ կարող ես հատել, անցնել ու մոլորվել: Իհարկե առաջին հայացքից տարօրինակ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը տեղաբնակ է եւ պետք է տարածքն ավելի լավ իմանար, բայց ինչպես տեսնում եք` նման դեպքեր էլ են լինում:
-Խոսակցություններ կան, որ նշված գյուղից մարդկանց պարզապես գողանում են: Ի՞նչ եք կարծում, նման բան հնարավո՞ր է:
-Չեմ կարծում, որ դա լուրջ տեսակետ է:
-Լավ, իսկ ՀՀ ՊՆ-ն ի՞նչ է անում, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում:
-Էլի եմ կրկնում. մինչեւ այդ տարածքներում հստակ` միջազգային նորմերին համապատասխան սահմանազատում չլինի, այս խնդրից չենք կարող խուսափել: Դրան այլ լուծում չկա, ամբողջ աշխարհում միայն դա է: Նույնիսկ եթե ուզենաս պատ կառուցել, պետք է որոշակի համաձայնության գաս, թե այդ պատը որտեղ ես կառուցում:
-Այսինքն` մարդկանց նման ձեւով «կորուստը» շարունակական բնույթ է կրելո՞ւ:
-Դե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում նմանատիպ կոնֆլիկտների դեպքում տասնյակ տարիներ այդ կերպ շարունակվել է… եթե մենք մեր հարեւանների հետ չենք գալու համաձայնության՝ քաղաքակիրթ ձեւով, ցավոք, այս խնդիրը մնալու է:

Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար ԿԱՄՈ ՉՈԲԱՆՅԱՆ
-Պարոն Չոբանյան, արդեն որերոդ անգամ է Ձեր համայնքի բնակիչները ադրբեջանական սահմանը հատում են ու հայտնվում հակառակորդի տարածքում: Ինչի՞ հետեւանք է այդ ամենը:
-Պատճառը լինում է շատ թանձր մառախուղը, ու եթե մարդիկ անասուն պահելուց են լինում, հեշտ են մոլորվում այդ տարածքում:
-Բայց միթե այդ տարարծքում չկան այնպիսի նշաններ, որոնք մարդկանց կհուշեն, որ իրենք անթույլատրելի սահմանի վրա են գտնվում:
-Հստակ սահմանազատում չկա` ո՛չ մեր կողմից, եւ ո՛չ էլ իրենց, ինչպե՞ս կարող են մարդիկ հստակ իմանալ: Եթե հստակ սահմանազատում լիներ, այդ ժամանակ հնարավոր կլիներ… գոնե նշաններ լինեին, որ ականապատված է, բայց չկան:
-Բայց ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նշաններ կան տեղադրված:
-Ականապատ տարածքներում… մեր կողմից կա դրված:
-Իսկ կոնկրետ նշաններ, որոնք տեղեկացնում են, որ դա հակառակորդի սահմանն է եւ չպետք է այդ տարածքում լինել, չկա՞ն:
-Դե չգիտեմ, այդ հարցը պետք է զինվորականներին տաք, ես չեմ կարող հստակ պատասխանել, իրենք միայն կարող են ասել կա՞, թե՞ չկա: Գյուղը 5 կմ է հեռու սահմանից, կրակոցներ մշտապես կան: Մենակ զինվորականները կարող են ասել, թե իրականում ինչ է կատարվում:

 

 

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԸ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Մարտի 14-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Մեր ունեցած տեղեկություններով` հնարավոր է առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը ընդհանրապես հրաժարվի ոչ իշխանական ուժերի հետ պայքարի դուրս գալուց:

Նախ հիշեցնենք, թե ԲՀԿ-«Ժառանգություն» կուսակցությունների հանդիպումից հետո ինչպիսի բովանդակությամբ հաղորդագրություն էին տարածել կուսակցությունների լրատվական ծառայությունները: «Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշեցին շարունակել խորհրդակցությունները»,-նշված էր հաղորդագրությունում:
Հիշեցնենք նաեւ, որ նախքան այդ հանդիպումը, երկար ժամանակ երկու կուսակցությունների ներկայացուցիչները որեւէ բառ չէին ասում հանդիպման վայրի վերաբերյալ: Պարզվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավախություն է ունեցել, որ անցած հանդիպման նման՝ Գ. Ծառուկյանը կարող է իրենց խոսակցությունը ձայնագրել, ինչի պատճառով էլ կտրականապես հրաժարվել է ԲՀԿ առաջնորդին պատկանող կոնյակի գործարանում հանդիպել:
Այս հանդիպումից հետո «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, թե հանդիպումը տեղի է ունեցել մասնավոր տարածքում: Իսկ մասնավոր տարածքը Գ. Ծառուկյանի առանձնատունն է եղել, որտեղ Ր. Հովհաննիսյանն իրեն ավելի ապահով է զգացել: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպումը շատ անլուրջ ու ոչինչ չասող է եղել, քանի որ Ր. Հովհաննիսյանն իր սովորության համաձայն որեւէ հստակ բան չի խոսել: Վերջինիս Գ. Ծառուկյանն առաջարկել է միանալ ՀՀ վարչապետի հրաժարականին ուղղված ոչ իշխանական 3 ուժերի պայքարին, սակայն Ր. Հովհաննսիյանը հայտարարել է, թե չի կարծում, որ ՀՀ-ում այսօր դա ամենագլխավոր խնդիրն է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո Ր. Հովհաննիսյանը նման մի անլուրջ հանդիպում էլ ունեցավ Սերժ Սարգսյանի հետ: Այն ժամանակ, երբ ամբողջ ժողովուրդը սպասում էր դրսում, նա անհասկանալի պահանջներով մտերմիկ զրույց էր վարում Ս. Սարգսյանի հետ եւ հետաքրքրվում, թե «դիգին Ռիտան ինչպե՞ս է»:
Ինչեւէ. «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցածի մասին իրենք հաղորդագրություն են տարածել ու ավելացնելու ոչինչ չունեն:
Հ. Գ. Երեկ արդեն 4 ոչ իշխանական ուժերից առնվազն 3-ում այնպիսի տրամադրություններ էին, որ եթե «ժառանգություն»-ը իրենց չմիանա, է՛լ ավելի լավ կլինի:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
Առաջիկայում խորհրդարանական չորս ուժերն իշխանություններին տհաճ անակնկալ են պատրաստվում մատուցել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ չորս ուժերը շատ շուտով կներկայացնեն հետագա քայլերի ճանապարհային քարտեզը` հստակեցնելով իրենց գործողությունները: Իսկ դրանից հետո արդեն չորս ուժերը փորձելու են իրագործել իրենց պլանները։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե քննարկումներն ավարտելուց հետո արդեն կներկայացնեն ճանապարհային քարտեզը: «Սպասեք, կտեսնեք»,- ասաց նա:

 

ՉԻ ԽՈՍՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանից պարզել՝ արդյոք իրեն ԼՂՀ իշխանությունները պաշտո՞ն են առաջարկել: «Ինձ այս պահին հարմար չէ խոսել, փորձենք մի քանի րոպեից»: Ու մինչեւ օրվա ավարտը, նրա հեռախոսազանգերին պատասխանում էր մի մարդ ու ներկայանում՝ որպես Վ. Վարդանյանի վարորդ՝ խոստանալով զանգահարել: Սակայն Վարդանյանն այդպես էլ ո՛չ զանգահարեց, ո՛չ էլ պատասխանեց մեր զանգերին:

 

ՍՈՒՏ ԹՎԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի` շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել էին հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: «Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմում է հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը: Եվս 50 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրում կարվի հայ-ռուսական համատեղ 1820 ձեռնարկությունում»,-հայտարարել էր Սոկոլովը: Իսկ իշխանություններն այդ հանգամանքը փորձեցին ներկայացնել որպես լրջագույն ձեռքբերում:
Մինչդեռ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե դրանք ընդամենը խոսքեր են: «Ճիշտ է, դեռ 2013թ. վերաբերյալ տարեկան կտրվածքով ցուցանիշներ չկան, եւ այս թեմային հանգամանալից կանդրադառնանք այդ տվյալներն ունենալով։ Սակայն անգամ 2013թ. 9 ամսվա տվյալներն ուսումնասիրելով` մենք բոլորովին այլ պատկեր ենք ստանում: ՀՀ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 155 մլն դոլար, որը 62.1-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվածից: ՌԴ-ից ուղղակի ներդրումները կազմել են 42 մլն եւ կրճատվել 20.7 տոկոսով: Այսքանից հետո, այդ հանդիպման ժամանակ արված հայտարարություններն ինձ համար անհասկանալի են: Եվս մեկ կարեւոր հանգամանք. եթե 1820 ձեռնարկությունում 50 մլն դոլարի ներդրում է իրականացվում, նշանակում է` յուրաքանչյուր ձեռնարկությունում ներդրել են մոտ 30 հազար դոլար, ինչը չնչին թիվ է: Փաստորեն, ամենամեծ գործընկեր երկիրն անգամ ներդրում չի անում: Այնպես որ, դրանք ընդամենը խոսքեր են»,-ասաց նա` հավելելով, որ արված ներդրումները տեսանելի չեն:

 

 




Լրահոս