Աշնակում մայիսի 27-ին՝ ֆիդայիների ոգեկոչման օրը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեցին քրեական տարրերի հետ միասին, որոնք կապ չեն ունեցել ո՛չ նախորդ դարասկզբի ֆիդայական շարժման, ո՛չ էլ հետագայում Արցախյան ազատամարտի հետ:
Ուշագրավ է եղել նաեւ այդ միջոցառման ընթացքը. Աշնակի գյուղապետ Գեւորգ Մարտիրոսյանը փորձել է ելույթ ունենալ, սակայն «ընկերներ» բառից այն կողմ չի կարողացել արտաբերել: Մինչ հավաքվածները կհասցնեին ծիծաղել գյուղապետի վրա, իրավիճակը փրկել է գյուղացիներից մեկը, որն էլ ընթերցել է գյուղապետին վերապահված տեքստը, այն է՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Աշնակի պատվավոր գյուղացու կոչում շնորհելու մասին: Ի դեպ, զգացվում էր, որ այս միջոցառման համար հսկայական գումարներ են ծախսվել, եւ սա այն դեպքում, երբ նույն Աշնակի բնակիչները տառապում են ոռոգման ջրի ու այլ նմանատիպ խնդիրների պատճառով: Նրանցից ոմանք միջոցառումից հետո շվարել էին. «Այդքան փող ունեք, ոռոգման ջո՛ւր քաշեք, ոչ թե ծափ-ծլնգոցի վրա ծախսեք»:
Ի դեպ, միջոցառմանը ներկա էր նաեւ Վազգեն Խաչիկյանը, որը շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ ՀՀ սոցիալական հիմնադրամի նախկին նախագահի գործը քննում է ոստիկանությունը՝ Աղվան Հովսեփյանի վերահսկողությամբ:
ՔՐԵԱԿԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ