ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԻՍԿԱԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով նոր զարգացումներ է ստանում:

ԱՄՆ-ն իր հերթին, ՌԴ-ն` իր հերթին, Կանադան ու Ճապոնիան իրենց հերթին հայտարարել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ավելին, ԵՄ երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են 21 ռուսների ու ղրիմցիների արգելել մուտք գործել ԵՄ տարածք, միաժամանակ սառեցնելով նրանց բանկային հաշիվները: Իսկ ԱՄՆ Սպիտակ տունը երեկ հայտարարել է 11 ռուսների ու ուկրաինացիների` ԱՄՆ-ում բանկային հաշիվների սառեցման եւ վիզայի սահմանափակման մասին: Ընդ որում, պատժամիջոցները վերաբերում են հիմնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչներին:
Սա, թերեւս, խոսում է «սառը պատերազմի» վերսկսման մասին: Մանավանդ որ, հակառակ միջազգային հանրության պնդումներին, թե իրենք չեն ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները, երեկ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդում ունեցած ելույթում ավելի է սրել իրավիճակը: Նա ողջունել է Ղրիմի հանրաքվեն, նշել, որ դա պատմական երեւույթ է: «Ղրիմը եղել եւ մնում է Ռուսաստանի մաս, եւ դրա դեմ անզոր են ժամանակն ու պայմանները»,-ասել է նա: Բացի այդ, Պուտինը խոսել է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին: «Մեզ սպառնում են պատժամիջոցներով, սակայն մենք արդեն սահմանափակումներով էինք ապրում: Մեզ փորձում են անկյուն մտցնել, սակայն մենք իրերն իրենց անուններով ենք կոչում: Այժմ անհրաժեշտ է դադարեցնել հիստերիան, հրաժարվել «սառը պատերազմի» հռետորաբանությունից եւ խոստովանել, որ Ռուսաստանն ազգային շահեր ունի, որը պետք է հաշվի առնել ու հարգել,- ասել է նա՝ հավելելով,-դեռ «սառը պատերազմի» տարիներին ԱՄՆ-ը, ապա նաեւ այլ երկրներ արգելեցին ԽՍՀՄ-ին մի շարք տեխնոլոգիաներ ու սարքեր վաճառել: Այսօր դրանք ձեւականորեն չեղյալ են հայտարարվել, սակայն ընդամենը ձեւականորեն: Իրականում նախկին արգելքներն առաջվա պես գործում են: Մի խոսքով, մենք բոլոր հիմքերն ունենք համարելու, որ Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը, որ տարվել է ե՛ւ 18-րդ, ե՛ւ 19-րդ, ե՛ւ 20-րդ դարերում, այսօր էլ շարունակվում է»: Իսկ այս ելույթից անմիջապես հետո, Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրել են Ղրիմի Հանրապետությունն ու Սեւաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմ ներառելու մասին պայմանագիրը:
Նկատենք, որ թեեւ Պուտինը Արեւմուտքի հասցեին կոնկրետ սպառնալիքներ չի հնչեցրել, սակայն սա դեռ չի նշանակում, որ ՌԴ-ն կնստի ձեռքերը ծալած: Պարզապես՝ նրանք համապատասխան քայլեր կանեն ավելի ուշ, եւ հանկարծակի: Չնայած, մյուս կողմից, երեկ երեկոյան Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, թե ՌԴ-ի հետ Ուկրաինայի կոնֆլիկտը թեւակոխել է «ռազմական փուլ»: Ըստ նրա՝ ռուս զինվորները կրակ են բացել ուկրաինացի զինծառայողների վրա, ինչը վարչապետը որակել է «պատերազմի հանցագործություն»: Հաղորդվում է նաեւ ուկրաինական կողմից մեկ զոհի մասին:

Աշխուժություն Ղարաբաղի հարցում

Ակնհայտ է, որ այս գործընթացներն ուղղակի եւ անուղղակի ազդեցություն կունենան ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի վրա, եւ այդ ազդեցությունները կլինեն ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական հարթության վրա:
Մինչ այդ, վերջերս ակտիվացել են ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ իրադարձությունները: Երեկ Ստեփանակերտ էր այցելել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը. նա հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում տեղի ունենալիք միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովի շրջանակներում, որը նախատեսված է անցկացնել մարտի 25-26-ին: Հատկանշական է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Բացի այդ, նա երեկ նաեւ ուշագրավ ազդակներ է փոխանցել: «Մենք չենք կարող հավերժ բանակցել, պետք է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ քննարկումը»,-ասել է նա:
Նկատենք, որ նախկինում Մամեդյարովը երբեք նման տոնայնությամբ չէր խոսել ԼՂ խնդրի կարգավորման մասին, այլ ընդհակառակը՝ գերադասել է Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել: ԼՂ խնդրի կարեւորության մասին է խոսել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ավելի կարեւոր է դարձնում Ադրբեջան-ԱՄՆ եւ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները: Ավելին, Ուկրաինայում զարգացող իրադարձությունները մեկ անգամ եւս ցույց են տալիս, թե ինչու պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Կարեւոր է, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր ձեռնարկեն ԼՂ-ում կոնֆլիկտի հանգուցալուծման ուղղությամբ, այդպիսով վերացնելով ապակայունությունը տարածաշրջանում: Ոչ ոքի պետք չէ, որպեսզի այս կոնֆլիկտը շարունակվի»,-հայտարարել է նա:
Այնպես որ, սպասենք հետագա զարգացումներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԴՀՈԼՆԵՐ
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայկական երաժշտական համաժողով»-ի անդամներին եւ հայտարարել. «Այդպես էլ պետք է մնաք, որ կարողանաք օրինակ ծառայել մեր դպրոցականներին, որպեսզի դպրոցականների մոտ ցանկություն լինի` ում նմանվել, ոչ թե խաբեբայի, ստախոսի, թուլամորթի կամ դատարկ որոշ դհոլների, այլ մարդու, ով արժեք է ներկայացնում եւ պատմության մեջ ձեռագիր է թողել»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից պարզել, թե ում է նկատի ունեցել ԲՀԿ առաջնորդը. վերջին շրջանում ԲՀԿ-ն շատ է խոսում դհոլների մասին:
-Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ակտիվորն ներգրավված կամ հետաքրքրված են քաղաքականությամբ, կամ քաղաքական գործիչ են… թե ովքեր են հայաստանյան քաղաքական դաշտի պատվավոր դհոլները, պետք է որ պարզ լինի: Ես, անկեղծ ասած, չեմ պատրաստվում թվարկել դհոլների ողջ համույթը: Կարծում եմ, դուք էլ դրա մասին գիտեք, պարզապես ցանկանում եք մեկ անգամ եւս մեզանից լսել: Ինչ որ ասել է պարոն Ծառուկյանը, շատ հստակ էր, նրանց բոլորին էլ անուն առ անուն դուք բոլորդ էլ գիտեք:

 

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Սննդային հավկիթի ներկրումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն ընդառաջելով ձու արտադրողների խնդրանքին ժամանակավորապես արգելել է հավկիթի ներկրումը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ ձու արտադրող ընկերությունները պայքարում են հավկիթի ներկրման դեմ: Քանի որ այս պատճառով չեն կարողանում իրացնել իրենց արտադրած տեղական հավկիթները: Ձու արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ կբավարարեն ձվի պահանջարկը եւ ձու ներկրելու կարիք չկա: «Մենք շատ ուրախացանք: Ի դեպ, մայիս-հունիս ամիսներին ձվի գերարտադրություն ենք ունենալու»,-լրացրեց Ստեփանյանը: Սակայն տեղեկացրեց, որ ձուն դժվար թե էժանանա:

 

ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ
Մարտի 28-ին ՀՀ Սահմանադրական դատարանը պատրաստվում է հրապարակել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը, իսկ մինչ այդ, «Դեմ եմ» նախաձեռնությունը պատրաստվում է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի աջակցությամբ, շաբաթ օրը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Բայց չնայած սրան, «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ այս մասով քաղաքական որոշումն արդեն կայացած է: ՍԴ-ն այս օրենքի մասով իրեն հատուկ ոչ միանշանակ վճիռ է կայացնելու՝ «խուճուճ ձեւակերպումներով», բայց միաժամանակ օրենքը կճանաչվի սահմանադրական: Երեկ «Ժողովուրդ»-ը ՍԴ խոսնակ Հովհաննես Պապիկյանին հարցրեց` հանրահավաքից ու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումից առաջ ի՞նչ տրամադրություններ են տիրում ՍԴ-ում: «Ձեր այդ հարցի պատասխանը ես չունեմ»,- պատասխանեց նա:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՆՏԻԴՀՈԼ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ 20-ամյակի կապակցությամբ շնորհավորելով Հայկական երաժշտական համաժողովի անդամներին` ասել է. «Դուք քաղաքականությունից հեռու մարդիկ եք, քաղաքականությամբ չեք զբաղվում, դա ողջունելի է, այդպես էլ պետք է մնաք, որ կարողանաք օրինակ ծառայել դպրոցականներին, որ նրանց մեջ ցանկություն լինի նմանվել ոչ թե խաբեբայի, ստախոսի, թուլամորթի կամ դատարկ դհոլների, այլ՝ մարդու, ով արժեք է ներկայացնում եւ պատմության մեջ ձեռագիր է թողել»: Ծառուկյանի այս հայտարարության հետ կապված Արտաշես Գեղամյանը armlur.am-ին ասել է. «Բաժանում եմ այդ տեսակետը: Հանկարծ դհոլ չդառնան, հանկարծ, թերուս լինելով ու սակավ գիտելիքներ ունենալով, իրենց վրա քաղաքական պատասխանատվություն չվերցնեն»:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, տնտեսական զարգացման եւ սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների խնդիրներին՝ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

 

ՕՐԵՆՔՈՎ Է ՍՊԱՆԵԼ
Ազգությամբ եզդի, 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը մարտի 15-ին Գյումրիում սպանել է իր խորթ հորը՝ ազգությամբ քուրդ, 54-ամյա Էվիլիա Գյուլիշթեքինին: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը armlur.am-ին հայտնել է, որ Բաքոյանը եզդիների օրենքով իրավունք ուներ սպանել խորթ հորը` մոր վրեժն առնելու համար: Հիշեցնենք, որ Բաքոյանի մորը` Մայա Բաքոյանին, մոտ մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու եղբայրը` 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով կնոջը: «Օրենքով նա չպետք է դատվի: Մեր ազգային կրոնական օրենքներով նա իր մոր վրեժն է լուծել: Բայց ազգային օրենքը որտե՞ղ է անցնում»: Թամոյանը armlur.am-ին հայտնել է, որ պատրաստվում է դիմել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի մեղմ վարվեն Բաքոյանի հետ:

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկում) ռեկտորատի նիստում պրոֆեսորադասախոսական անձնակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

 

ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետան, ով մոտ երկու շաբաթ է` գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, ապաքինվում է: ԲԿ-ի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը armlur.am-ին հայտնել է, որ տիկին Գրետան երկարատեւ բուժում պետք է անցնի, քանի որ նրա մոտ, բացի իշիեմիկ ինսուլտից, այլ հիվանդություններ էլ կան: Գրետա Սարգսյանը դեռ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, բայց հաղորդակցվում է հարազատների ու մտերիմների հետ:

 




Լրահոս