8 ՕՐՈՒՄ ԿԲՈՒԺՎԻ՞ 51 ՕՐ ՍՈՎԱԾ ՄՆԱՑԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին Գորիսի ՔԿՀ-ից դատապարտյալների հիվանդանոց տեղափոխված Սուրեն Կիրակոսյանի հերթական դատական նիստը նշանակված է հունիսի 1-ին: Դատական նիստին մասնակցելու համար նրան նորից պետք է տեղափոխեն Կապան: Բայց Սուրենի մայրը պնդում է, որ իր որդին չի կարող այդքան ճանապարհ անցնել:
Հիշեցնենք, որ Սուրենը մեղադրվում է դասալքության մեջ:
Մենք փորձեցինք Սուրենի մորից` Զվարթ Կիրակոսյանից, պարզել, թե ինչպես է Սուրենի առողջական վիճակը. «Դեռ չի կազդուրվել: Առավոտյան զրուցեցի հետը: Թույլ է զգում: Ես կուզեի խնամել, գոնե ոտքի կանգներ»: Նա մեզ տեղեկացրեց, որ դատապարտյալների բժիշկներն իրեն վստահեցրել են, թե «ամեն ինչ կանեն, որպեսզի Սուրենը շուտ ապաքինվի»:
 «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ դատապարտյալների հիվանդանոցի հետ: Այնտեղից մեզ տեղեկացրին. «Սուրենի վիճակը նորմալ է: Բուժումներ է ընդունում: Եկած օրը հենց արգանակ ենք պատրաստել, տվել ենք, կերել է: Ամեն ինչ էլ ուտում է: Հիմա կարգավորվել է»: Հարցին, թե կարող է 51 օր հացադուլ արած զինվորը այս կարճ ժամկետում այդքան արագ կազդուրվել եւ մասնակցել դատական նիստին, բժիշկը պատասխանեց. «Այո՛, ինձ թվում է՝ կարող է: Եթե բուժումը կիսատ լինի, դատական նիստից հետո նորից կգա մեզ մոտ»:
Զրուցեցինք նաեւ «Նաիրի» բժշկական կենտրոնի թերապեւտներից մեկի հետ՝ պարզելու, թե ինչպես կարող է 51 օր հացադուլ հայտարարած մարդը 1 շաբաթում կազդուրվել: «Պետք է հիվանդին տեսնել: Իմանալ, թե ինչ հիվանդություններով է տառապում, գուցե ուղեկցող հիվանդություններ ունի: Տասը օրում գոնե ինքը որոշ չափով կկազդուրվի, բայց լիարժեք՝ 51 օր սոված լինելուց հետո, դժվար է ասել»,-ասաց թերապեւտը:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ. «Կալանավորի դատական պրոցեսի մասնակցության կարեւոր նախապայմանն իր առողջության վիճակն է, այսինքն` արդյոք այն բավարար է, որ նա կարողանա մասնակցել դատական նիստին: Կամ արդյոք առողջական վիճակը բավարար է, որ նա մեծ ճանապարհ անցնի»:
Սաքունցի խոսքերով՝ Սուրենին պարտադրաբար չեն կարող տեղափոխել դատական դահլիճ. «Բժիշկը պետք է տա իր եզրակացությունը` կարող է մասնակցել, թե ոչ, կամ կարող է այդքան ճանապարհ անցնել»:
Մենք հետամուտ կլինենք այս պատմությանը՝ պարբերաբար մեր ընթերցողներին ներկայացնելով հանուն իր առողջության 51 օր հացադուլ հայտարարած երիտասարդի մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս