«ՖԻԼՄԵՐԸ ՏԱՐԱՆ, ԶԻԲԼԱՆՈՑՈՒՄ ԹԱՓԵՑԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, երբ նրան հարցրեցինք, թե որն է դրանցից ամենալավը, նա պատասխանեց, որ ամենալավ ֆիլմը նկարահանելուց հետո միշտ ծնվում է նոր ամենալավը։

-Ինչքան հասունանում ես, այնքան ավելի շատ ես տեսնում աշխարհը, ավելի շատ ես տեսնում մարդկանց աչքերի ներսում թաքնված երեւույթները, եւ ինձ թվում է՝ 77 տարեկանում ավելի լավ կճանաչեմ բոլորին։
-Ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հոգեհարազատ։
-Ես սիրում եմ տրագիկոմեդիայի ժանրը, որովհետեւ հայի աչքերում ծիծաղի մեջ տխրություն, արցունք կա, տխրության, արցունքի մեջ՝ ծիծաղ։ Եվ դրանով են հետաքրքիր իմ ֆիլմերը՝ «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս»-ը եւ այլն։
-Ձեր եղբայրը՝ Ֆրունզիկը, այդպիսին էր, միանշանակ կոմիկական կերպար չէր։ Ինչպիսի՞ն եք Դուք նրան հիշում։
-Շատ հաճախ ինձ հետ ծանոթանալուց հետո մարդիկ ասում են՝ Ֆրունզիկի պես դերասան չկար։ Փաստ է, որ ժողովուրդն անփոխարինելի սեր ունի դեպի Ֆրունզը, ընդ որում, ոչ միայն հայերը, այլեւ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ազգերը։ Տաղանդը մնում է տաղանդ, եւ այդպիսի բան չկա, որ ժողովուրդը հանկարծ անտեսի տաղանդին, նա տեսնում է, սիրում, գուրգուրում ու պահպանում է նրան։
-Ո՞ր դերասանի հետ եք ավելի հեշտ աշխատում։ Պրոբլեմներ հաճա՞խ են ծագում։
-Բոլորի մոտ էլ լինում են թե՛ վարքի հետ կապված, թե՛ աշխատանքային ու ստեղծագործական պրոբլեմներ։ Եթե դրանք չեղան, ուրեմն դու իզուր ես զբաղված այդ գործով։
-Նախօրոք մտածո՞ւմ եք ֆիլմի երաժշտության, դրա հեղինակի մասին։ Պատահակա՞ն է, որ Ձեր մի քանի ֆիլմերի երաժշտության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է։
-Իմ ֆիլմերի երաժշտությունը միշտ գրել են տաղանդավոր կոմպոզիտորներ՝ նույն Տիգրան Մանսուրյանը, Յուրա Հարությունյանը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Տիգրան Մանսուրյանին, ապա տարիներ առաջ ես թերթում մի հատված էի տպագրել «Մեր մանկության տանգո»-ից, Տիգրանը կարդացել էր, զանգեց ինձ (մենք ընկերներ ենք) եւ ասաց, որ ցանկանում է այդ ֆիլմի կոմպոզիտորը լինել։ Ո՛չ ինքը սխալվեց, ո՛չ ես, եւ նա հրաշալի երաժշտություն գրեց, հրաշալի։ Տիգրանը տաղանդավոր, հանճարեղ կոմպոզիտոր է։ Իսկ կինոնկարում ընդհանրապես դերասանական խաղը լրացնում է երաժշտությունը, երաժշտությունը՝ դերասանական խաղը, այդ ամենին ավելանում է նաեւ նկարչությունը… Երբ այդ ամենը ճիշտ ես համադրում, ամեն ինչ շատ լավ է ստացվում։
-Հայկական կինոն, ըստ Ձեզ, զարգանո՞ւմ է։
-Հայկական կինոն կոնկրետ Ազգային կինոկենտրոնում մեծ դժվարությամբ վերելք է ապրում. լավ երիտասարդներ ունենք՝ ե՛ւ տղաներ, ե՛ւ աղջիկներ։ Բայց հայկական կինոյի հերը անիծեցին ՀՀՇ-ականները, որովհետեւ վաճառեցին բոլոր կինոթատրոնները, կինոպրակատում պատերազմից՝ Գերմանիայից բերած ու նաեւ մեր շատ ֆիլմեր կային, որոնք մի օր լցրեցին ինքնաթափ մեքենա եւ տարան, Սովետաշենի զիբլանոցում թափեցին։ Հիմա ո՞նց կարող է կինոն զարգանալ։ «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառեցին, խաբեցին ողջ ժողովրդին, ինձ էլ՝ հետները։ Ցույց տվեցին մի մակետ, ըստ որի՝ Հոլիվուդի նման մի ստուդիա էին կառուցելու, բայց մինչեւ հիմա քարուքանդ են անում, ու պիտի այդպես էլ շարունակվի։ Տարան, տարան, քանդեցին, ինչ-որ բաներ էին սարքել, որոնք կինոյի հետ կապ չունեին։ Այնտեղ արդեն չկա կինոստուդիա հասկացողությունը։ Եվ նման հանցագործություն անողները չպատժվեցին։ Ամբողջ նախկին սովետի տարածքում գտնված կինոստուդիաները սեւ ու սպիտակ ժապավեն երեւակելու (պրայավկայի) խնդիր ունեն, իսկ մեր` նման սարքավորումները 3-4 տարի առաջ քարուքանդ արեցին, ոչնչացրեցին։ Այդ բարբարոսության պատճառով կինոստուդիայի գրեթե բոլոր բաժիններում այսօր մասնագետներ չունենք, եւ մեծ ջանքերով, ահռելի մեծ ցանկությունով Ազգային կինոկենտրոնում ֆիլմեր ենք նկարում։

 

 

 

«ԵՐԳԱՐՎԵՍՏՆ ԻՄ ՀՈԲԲԻՆ Է»

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կարծում է, որ Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը համապատասխանում է տվյալ մրցույթի չափանիշներին, շատ ճաշակով ստեղծագործություն է, որը Արամը գեղեցիկ ձեւով ներկայացրել է ։ Երգչուհին նաեւ համոզված է, որ Արամը մրցույթի օրը նույնպես շատ լավ ելույթ կունենա։

-Չեմ կարող չխոսել տեսահոլավակի մասին, որը շատ հուզիչ, գեղեցիկ եւ, այսպես ասած, դրական էներգետիկայով լի է։
-Արամը կարո՞ղ է այդ երգով հաջողություն ակնկալել։ Վերջին տարիներին «Եվրատեսիլ»-ում հիմնականում, այսպես ասած, հիթային երգերն են հաղթում։
-Հիմնականում՝ այո, բայց եղել են դեպքեր, երբ հաղթել են ոչ հիթային երգերը, եւ ընդհանրապես «Եվրատեսիլ»-ը շատ անկանխատեսելի մրցույթ է, ու չես կարող ասել՝ որ տարի ինչ երգ կարող է հաջողություն ունենալ։ Ամեն դեպքում մեր աղոթքներն Արամի հետ են լինելու, բոլորս նրան ենք երկրպագելու, նրա համար ենք ցավալու։
-Անցյալ տարվա մասնակցի` Գոռ Սուջյանի երգի երաժշտությունը պրոֆեսիոնալ երաժիշտ էր գրել, կատարումն էլ պրոֆեսիոնալ էր, բայց մեր մասնակիցը հաջողություն չունեցավ, այսինքն՝ միշտ չէ, որ երգի եւ նաեւ երգչի պրոֆեսիոնալիզմը նշանակություն ունի։
-Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մրցույթն անկանխատեսելի է։ Անցյալ տարի այդ երգը հաջողություն չունեցավ, բայց չի բացառվում, որ նախանցյալ կամ այս տարի բարձր տեղ կզբաղեցներ։ Այնպես որ՝ երբեք չենք կարող ասել, թե ինչ կլինի այդ մրցույթում։
-Երբեւէ Ձեր մտքով չի՞ անցել մասնակցել «Եվրատեսիլ»-ին։
-Ճիշտն ասած, ես այդքան էլ չեմ սիրում մրցույթների մասնակցել։ Ես, կարելի է ասել, այդ շրջանն արդեն անցել եմ տարիներ առաջ. մասնակցել եմ շատ, այդ թվում՝ միջազգային մրցույթների։ Բայց դա, ինչպես ասում են, իմը չէ։ Ես ասել եմ ու կկրկնեմ՝ երգարվեստն իմ հոբբին է, եւ ես պարզապես երգում եմ` իմ հաճույքի եւ իմ երկրպագուների համար։
-Բացի այդ, երեւի թե մի տանից երկուսը շատ կլինեն (Անահիտ Սիմոնյանի ամուսինը՝ կոմպոզիտոր, երգիչ Հայկոն, 2008 թվականին մասնակցել է այդ մրցույթին եւ զբաղեցրել 8-րդ հորիզոնականը)։
-Այո՛, այո՛, իհարկե (ծիծաղում է-Ռ.Թ.)։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐԱ ՇԻՐԱԶԸ
Մարտի 18-ին, 72 տարեկան հասակում մահացել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: «Նաիրի» բժշկական կենտրոնից փոխանցում են, որ նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ինսուլտ: Հիշեցնենք, որ Արա Շիրազը բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին էր: Նա 1966թ. ավարտել է Երեւանի թատերական արվեստի ինստիտուտը: Ա. Շիրազի աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում եւ այլուր: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979թ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակի՝ Երեւանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը:
«Ժողովուրդ»-ը ցավակցում է Արա Շիրազի հարազատներին եւ ընկերներին:

 

ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԵՔՍՊԻՐԻՆ
Մարտի 19-22-ը Երեւանում կանցկացվի Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային ամենամյա փառատոնը, որը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Միջոցառմանը կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները՝ Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա այսօր` Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Վաղը՝ մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, Եղիշե Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետեւ, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:

 

ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԸ
Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հղի է: Սբ Պատրիկի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ Ուիլյամը հերքել է այս լուրը եւ հայտնել, որ ինքն ու կինը ներկայումս բավարարված են 1 երեխայով ու մտադիր չեն մոտ ապագայում եւս մեկ երեխա ունենալ: Հիշեցնենք, որ նրանց առաջնեկը՝ արքայազն Ջորջը, լույս աշխարհ է եկել 2013թ. հուլիսին, նա թագաժառանգների ցանկում 3-րդն է՝ պապից ու հորից հետո:

 




Լրահոս