Վաչե Տերտերյանը դեմ չէ աշխատել Արմեն Երիցյանի հետ. ով կլինի միացյալ նախարարության ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում «Փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այսինքն՝ խորհրդարանը հաստատեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն այսուհետ լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում: Նախարարությունների միավորումից հետո այն կոչվելու է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ միավորվող նախարարությունների ղեկավար է նշանակվելու Արմեն Երիցյանը:

Նշենք, որ օրենքին քվեարկել են 70 կողմ, 6 դեմ և 30 ձեռնպահ: Օրենքին դեմ են քվեարկել ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեղավար Հեղինե Բիշարյանը, անդամներ Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը, Լեւոն Դոխոլյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հիմնականում ձեռնպահ են քվեարկել:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նա պատկերացնում երկու նախարարությունների միավորված աշխատանքը:

-Պարո՛ն Տերտերյան, խորհրդարանն արդեն հաստատել է ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծ-օրենքը, որով միավորվում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները: Տեսակետ կա, որ անհամատեղելի գերատեսչությունների միավորում է տեղի ունեցել, համամիտ ե՞ք, Ձեր գնահատմամբ` արդյո՞ք նշված երկու կառույցները կկարողանան արդյունավետ գործել համատեղ:

-Ոլորտի առումով եթե նկատի ունեք, ապա ասեմ, որ դա հարաբերական է, տարբերություններ էլ ունեն, նմանություններ էլ ունեն: Իսկ եթե բովանդակության առումով նկատի ունեք, ապա արտակարգ իրավիճակների կանոնադրական խնդիրներից մի մեծ մասն էլ առնչվում է որոշակի ծրագրերի հետ, որոնք իրականացնում են… Կամ ասենք՝ կարող են իրականացնել տարածքային կառավարման նախարարության համակարգում: Այսինքն՝ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգն այս վերջին տարիներին, համենայնդեպս, գնում է դեպի ապակենտրոնացում՝ եռաստիճան՝ համայնքներում որոշակի գործառույթներ, մարզերում եւ ազգային մակարդակում: Էլ չեմ ասում վերջին ռազմավարությունը, որը ներկայացրել էր նախարարությունը, դա է՛լ ավելի է վկայում դրա մասին: Իսկ ինչ է աղետների ռիսկերի կառավարումը, դրա կանխարգելումը, կանխատեսումը, իրավիճակային լուծումները, դրանք բոլորը տարածքային զարգացման ծրագրեր են: Այսինքն՝ որպեսզի սողանք չլինի, համապատասխան ծրագիր պետք է իրականացվի եւ այլն: Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ իրենք միասին կարող են աշխատել:

-Բայց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այդ նույն տրամաբանությամբ կարելի է միավորել նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները:

-Եթե կառավարման գործառույթների արդյունավետությունը, նպատակահարմարությունը    համապատասխանեն,  իհարկե,  տեսական   առումով կարելի է մի նախարարության մեջ ամեն ինչ էլ դնել: Բայց, ի վերջո, այսօր Կառավարությունը մի մարմին է, որը տարբեր ճյուղեր ունի, այլ բան է, թե ինչքանով են նպատակահարմար այդ միավորումները: Սահմանային դեպքեր կան, որոնք պետք է անտրամաբանական չլինեն կամ գոնե բանական լինեն: Հանրությունը միշտ ասում է, որ պետք է լինեն ավելի կուռ կառուցվածքներ, հիմա սա նման մի քայլ է, որը պետք է բերի աշխատանքների ավելի արդյունավետ իրականացման: Կբերի, թե ոչ.. ես կարծում եմ, որ կբերի: Համենայնդեպս պետք է ամեն ինչ անել, որ բերի: Որեւէ նախարարություն պետք է միացվեր… որոշ ժամանակ առաջ իրար միացվեցին նաեւ պետական եկամուտների կոմիտեն եւ ՀՀ ֆինանսերի նախարարությունը: Ի վերջո, մենք նաեւ չպետք է մոռանանք, որ ժամանակին փրկարար ծառայությունը, արտակարգ իրավիճակների վարչությունը եղել են մեր նախարարության համակարգում. իրենք այնտեղ են ձեւավորվել:

-Նշվում է, որ նորաստեղծ նախարարությունը ղեկավարելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Դուք նրա հետ ցանկանո՞ւմ եք աշխատել, արդյո՞ք նա այն նախարարն է, ով կկարողանա ղեկավարել երկու գերատեսչությունները:

-Ձեզ հետ էլ եմ տեսնում իմ աշխատանքը, պարոն Երիցյանի հետ էլ եմ տեսնում աշխատանքը, բոլորի հետ էլ տեսնում եմ: Այսինքն՝ դա իմ տեսնելով չէ, իսկ եթե մարդկային առումով եք ասում, ապա ասեմ, որ ամեն ինչ նորմալ է, որեւէ պրոբլեմ չկա, աշխատելու առումով որեւէ խնդիր չեմ տեսնում: Իսկ մնացած բաներն իմ իրավասության մեջ չեն մտնում:

-Իսկ Դուք ինքներդ Ձեզ տեսնո՞ւմ եք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ աշխատելիս, ըստ Ձեզ՝ Դուք լինելո՞ւ եք նոր նախարարության կազմում:

-Ես չեմ տեսնողը, տեսնողներին պետք է հարցնեք, իսկ ինչ վերաբերում է բովանդակային աշխատանքին, իհարկե, պատրաստ եմ աշխատել:

-Հույս չունե՞ք, որ նոր նախարարությունում կնշանակվեք:

-Ես ոչ միայն հույս ունեմ, այլեւ շատ բաներում վստահ եմ, բայց այն, ինչն իմ իրավասության շրջանակներում է:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս