ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արդարադատության ակադեմիայի շենքում

Երեկ Երեւանում բացվել է Արդարադատության ակադեմիան: Բացման արարողությանը, բացի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Թե ինչքանով այս հաստատությունը կնպաստի մեր երկրում արդարության վերականգնմանը, դժվար է ասել. կարեւորը` շենքը կա:

 

 

 
ՀԱՐՑ. Լսել եմ, որ անշարժ գույքի նոր հասցեի տրամադրման համար անհրաժեշտ է համայնքի ղեկավարի որոշումը: Խնդրում եմ ասեք, ինչպես է տեղի ունենում վերջինիս կարգը: Ո՞ր դեպքերում է պետք դիմել համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի նոր հասցե ստանալու համար:

Գուրգեն Մխոյան (36 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, այլ տեսակի անշարժ գույքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին համապատասխան ղեկավարի որոշումը, եթե՝
1. անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ գրանցման ներկայացվող անշարժ գույքի հասցեն կամ նշված հասցեն չի պարունակում «ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի (այսինքն՝ փողոցի, հրապարակի, պողոտայի եւ այլն) անվանում» կամ «անշարժ գույքի հերթական համար» վավերապայմանները.
2. ներկայացվում է անշարժ գույքի միավորների բաժանման կամ միավորման պետական գրանցման դիմում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանված կարգը բավականին հստակ ներկայացված է, մնում է Գ. Մխոյանը ընտրի համայնքի ղեկավարի որոշումն անհրաժեշտ է, թե ոչ:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե երիտասարդն ունի առողջական խնդիրներ, ապա ինչ կարգով է նա պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում կամ տարկետում ստանում:

Ստելլա Միրզոյան (52 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է քաղաքացիներին առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ տարածքային զինկոմիսարիատները կազմակերպում եւ անցկացնում են նրանց համակողմանի ուսումնասիրություն՝ առողջական եւ ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու համար: Ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակը որոշվում է անհատական գնահատման կարգով:
Այն դեպքերում, երբ զորակոչիկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան զորակոչել, նա ներկայացվում է կենտրոնական բժշկական հանձնաժողով: Առանձին դեպքերում ախտորոշումը ճշտելու նպատակով կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող է զորակոչիկին հսկողական հետազոտման ուղարկել զինվորական բուժհիմնարկ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն ժամանակավորապես խանգարող, բայց բուժման ենթակա հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովը տալիս է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո, անկախ առողջական վիճակից, զորակոչիկները նորից ներկայացվում են կենտրոնական բժշկական հանձնաժողով:
Տարածքային զորակոչային հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները հանրապետական հավաքակայանում անցնում են լրացուցիչ բժշկական հետազոտում: Եթե այնտեղ հայտնաբերվում են զորակոչիկների զինվորական ծառայությանը խանգարող հիվանդություններ, ապա նրանք հետ են վերադարձվում կրկնակի փորձաքննության:

ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում մանրամասն ներկայացված է առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների հետազոտման կարգը, բայց գաղտնիք չէ, որ դեպքեր են բացահայտվում, երբ ծառայության համար ոչ պիտանի, հիվանդ երիտասարդներին հանձնաժողովն առողջ է ճանաչում եւ ուղարկում պարտադիր ծառայության:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության վայրը փոխում է, ապա նոր բնակության վայրում փաստացի հաշվառվելու համար կարո՞ղ է առանց սեփականատիրոջ համաձայնության հաշվառվել նրա բնակության վայրի հասցեում:

Ալիսա Հայրապետյան (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. սեպտեմբերի 17-ի «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն, որոշման 16-րդ եւ 17-րդ կետերի համաձայն՝ հաշվառում չունեցող անձը դիմումը ներկայացնում է այն տեղական ռեգիստր, որի տարածքում նա փաստացի բնակվում է: Քաղաքացու հաշվառումն իրականացվում է՝ առանց կոնկրետ հասցե նշելու: Որպես բնակության վայր նշվում է փողոցը կամ թաղամասը:
– Բնակիչը ռեգիստրում հաշվառման մասին դիմումի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հուլիսի 14-ի «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված փաստաթղթերը:
– Ըստ N 4-րդ հավելվածի 5-րդ եւ 5.1. կետերի՝ մշտական բնակության վայրը փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող եւ տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, բնակվելու իրավունքը հավաստող՝ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):
Սույն ցանկի երրորդ եւ հինգերորդ կետերով նախատեսված՝ սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձեւը սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը: Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ:

«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս մեր հայրենակիցներին օրենքը չշրջանցել հետագայում է՛լ ավելի բարդ իրավիճակներում չհայտնվելու համար:

 

 




Լրահոս