Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը armlur.am-ի հետ զրույցում խոսելով Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու առաջարկի մասին, այսպիսի հայտարարություն է արել. «Արցախի ժողովուրդն իր ձայնը տվել է անկախ պետականությանը: Աշխարհում հայության թիվը 10 մլն է, Արցախի բնակչության թիվը` 150.000, ՀՀ-ի բնակչության թիվը 3 մլն: Այսքանից հետո, մի քանի հոգու կարծիքը լսելով, ասում են՝ չլինի՞ Արցախը պետք է միանա այլ պետության: Ախր մենք միասին ենք չէ՞ կառուցել Արցախը: Ինձ համար ցավալի է, որ բոլորը քննարկում են մեկ մարդու հայտարարությունը: Կամ մեկնաբանում են ՌԴ մեկ այլ քաղաքական գործչի հայտարարությունը (նկատի ունի Ժիրինովսկուն-խմբ.), ով արտահայտել է իր կարծիքը: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է արձագանքենք»: Ըստ Բաբայանի՝ կան մարդիկ, ովքեր սպասում են այդպիսի հայտարարությունների, որպեսզի հիշեցնեն իրենց մասին:
Այսօր Բրյուսել են մեկնելու ՀՀԿ եւ ԲՀԿ պատվիրակությունները: ՀՀԿ-ից Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը մասնակցելու են ԵԺԿ խորհրդի նիստին, իսկ ԲՀԿ պատվիրակությունը՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան եւ Էլինար Վարդանյան կազմով մասնակցելու են Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցության նիստին: Նշենք,որ ժամանակին ԲՀԿ-ն եւս ցանկանում էր անդամակցել ԵԺԿ-ին, սակայն դա չստացվեց ու հիմա իրենք փորձում են պահպանողական-ռեֆորմիստական կուսակցության անդամ դառնալ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀԿ եւ ԲՀԿ պատվիրակությունները մեկնելու են առանձին ինքնաթիռներով. ԲՀԿ-ն՝ սովորական` Երեւան-Փարիզ-Երեւան չվերթով, իսկ վարչապետն, ամենայն հավանականությամբ, կրկին կվարձակալի առանձին ինքնաթիռ՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից ծախսելով հսկայական գումարներ:
ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները վերջապես որոշել են ապրիլի 28-30-ին կայանալիք ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում հանդես գալ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք սկսելու են ստորագրահավաք իրականացնել ու պատրաստվել գործընթացին: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանից պարզել, թե իրենք ինչ են մտածում այս նախաձեռնության մասին: Ըստ պատգամավորի՝ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է լինելու, ուղղակի պետք է հիշել այդ 4 ուժերի կատարած քայլերը՝ անցյալում: «Ես մի մտահոգություն ունեմ, որ քաղաքական դաշտում այլեւս դոմինանտ են դառնալու իշխանությունն ու այլընտրանքային քաղաքական ուժերը, ընդդիմությունը դե ֆակտո քաղաքական գործոն չի լինելու, որովհետեւ բոլորը հավաքվում են այլընտրանքի շուրջ: Իսկ այլընտրանքը մեր գործընկերն է ու մենք միշտ էլ կարողացել ենք հարցերի շուրջ քննարկումներ ունենալ եւ լուծել այդ հարցերը»:
Երեւանի քաղաքապետարանը ատկատի «բյուրեղյա» մեխանիզմներ է մշակել. նրանք այնպիսի ծախսեր են անում, որոնք, մեղմ ասած, հնարավոր չէ վերահսկել: Օրինակ՝ 2013թ. բյուջեից քաղաքում դրոշների տեղադրման համար ծախսվել է 83.5 մլն դրամ, իսկ միայն օտարերկրյա նախագահների այցերի հետ կապված դրոշակազարդարման ծառայությունների համար՝ 14 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ դրոշակազարդման վրա ծախսվել է գրեթե նույնքան գումար, որքան քաղաքում վերելակների վերանորոգման համար. այս նպատակով նախատեսված 87.5 մլն դրամի փոխարեն ծախսվել է 38.5 մլն: Հիշեցնենք, որ 2012թ. էլ քաղաքապետարանը կրկին նույն նպատակով հսկայական գումարներ էր վատնել: Այն ժամանակ, ըստ փաստաթղթերի, քաղաքում դրոշների տեղադրման համար նախատեսվել էր 93 միլիոն 119 հազար դրամ, փաստացի ծախսվել՝ 85 մլն 674 հազար դրամ: Ահա թե ինչպիսին է ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի՝ ավելի լավ ատկատ անելու Երեւանը՝ փաստաթղթերում:
ԻՐԵՆՑ ՓՈԽԱՐԵՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը վճարելու համար կառավարությունը վարկ է վերցնում` չմանրամասնելով, թե վարկը ինչ աղբյուրներից եւ ինչպիսի տոկոսադրույքներով է հատկացվում: Ու թեեւ նախարարը վստահեցրել է, որ վարկերը վերցվում են առանց բյուջետային երաշխիքների, այնուամենայնիվ` ինքնին փաստը, որ մի խումբ մարդկանց կողմից թալանված արդյունաբերական հսկայի շուրջ 2500 աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար կառավարությունը ստիպված մտնում է նոր վարկերի տակ, արդեն իսկ արտառոց է:
Ինչպես հայտնի է, «Նաիրիտ»-ն ունի շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք, որից` շուրջ 100 միլիոնը ԱՊՀ միջպետական բանկից վերցված վարկի գումարն է, ինչպես նաեւ մոտ 25 միլիոնը` որպես օֆշորային Rhinoville Property Limited-ի (որին պատկանում է «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը) երաշխավոր: Գործարանը հայտնվել է մի քանի դատական գործընթացներում, որոնցից վերը նշված վարկատու աղբյուրին 2014թ. հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանում պարտվել է: Իսկ ահա իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության` «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով հայցը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է:
Այս ընթացքում, անգամ պարապուրդի մեջ գտնվելով` «Նաիրիտ»-ի օրական ծախսերը կազմել են 30 միլիոն դրամ, կամ` 70 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատակիցներին վճարելու համար օրական կուտակվող պարտքը` 3 միլիոն դրամ: Բայց սա ամենեւին չի խանգարել, որ անցած տարիների ընթացքում «Նաիրիտ»-ի վրա իրենց ձեռքերը տաքացնեն եւ գրպանները հաստացնեն մի խումբ պաշտոնյաներ: Իսկ գործարանի ղեկավարությունն էլ, այդ թվում եւ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ստանան աստղաբաշխական` մի քանի միլիոն դրամի աշխատավարձեր` չաշխատող գործարանը կառավարելու համար:
Սակայն, քանի որ ամեն բան ունի իր սկիզբն ու վերջը, կառավարությունում որոշեցին ամեն գնով վաճառել «Նաիրիտ»-ը, քանի դեռ այն վերջնականապես չի քայքայվել: Ավելի քան մեկ տարի է` այդ նպատակով բանակցություններ են վարվում «Ռոսնեֆտի» հետ` փորձելով գործարանը վաճառել պարտքերի հետ միասին: Սակայն քանի որ ռուսական ընկերությունը ոչ մի կերպ չի համաձայնվում այդ տարբերակին, կառավարությունում, փաստորեն, որոշել են գոնե աշխատակիցների պարտքերը մարել նոր վարկեր վերցնելու ճանապարհով: Այս կառավարությունը, փաստորեն, փորձում է նույն կերպ վերաբերվել նաեւ ՀՀ շարքային քաղաքացիներին` իրենց եղբայրների, մերձավորների եւ կլանի ներկայացուցիչների վայրի թալանի հետեւանքների համար ստիպելով վճարել մեզ բոլորիս: