ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ի վերջո, ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը, որոշում կայացրեցին ապրիլի 28-30-ի ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում հանդես գալ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Քննարկումը տեւեց շուրջ մեկուկես ժամ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության աշխատասենյակում, որից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք հստակ որոշում են կայացրել:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք որոշել են սկսել ստորագրահավաք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ապրիլի քառօրյայում արտահերթ կարգով մտցնելու նպատակով: «Սա տեխնիկական որոշում չէ, այլ մի ամբողջ գործընթացի սկիզբ: Միշտ էլ ասել ենք, որ կառավարությանն անվստահություն հայտնելու քայլը խնդիրների լուծում չէ, դա համախմբման գործիք է: Ինքնին լավ գործընթաց է, բայց նաեւ մի քայլ է, որը սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտն է Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմի հեռացումը: Առաջին հերթին մենք որոշել ենք մշակել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական քայլերի ծրագիր, որոնք պետք է կատարվեն այն կառավարության կողմից, որը պետք է գա անվստահությունը հայտնելուց հետո: Խոսքն այն քայլերի, ծրագրերի մասին է, որոնք պետք է կատարի ՀՀ կառավարությունը երկիրն այս վիճակից հանելու նպատակով»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանից պարզել, թե ՀՀԿ-ում ինչ են մտածում ԱԺ «հրաշալի քառյակի» որոշման մասին:
-Պարոն Նիկոյան, ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը որոշել են առաջիկայում անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը ու սկսել են այդ նպատակով ստորագրահավաքը: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ հարցին, եւ ըստ Ձեզ` քառյակին կհաջողվի՞ արդյունքի հասնել:
-Որպեսզի այդ հարցին պատասխանեմ, ընդամենը պետք է ուսումնասիրենք անցյալը: Դուք հիշո՞ւմ եք, երբ պառլամենտական ընտրություններից առաջ այդ նույն 4 ուժերը հավաքվել էին ու Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագիտական տեխնոլոգիա էր իրականացնում, ինչպես որ ինքը խոստովանեց, եւ բոլորը՝ 4 ուժերը, տրամադրված էին հանրապետականի դեմ, միավորող ինչ-որ կոչեր էին արվում: Այդ ընթացքում եւս ինչ-որ տակտիկական քայլեր էին մշակվում եւ այլն, եւ այլն, ու երեւի հիշում եք, թե այդ ամենն ինչով ավարտվեց՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հաղթանակով: ՀՀԿ-ն պառլամենտում ձեռքբերեց մեծամասնություն, իսկ ԲՀԿ-ն էլ դարձավ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը: Դրանից հետո եւս 4 ուժերը միավորվեցին՝ կոնսենսուս մինուս 1 լոզունգի տակ, որպեսզի այլընտրանք հանդիսանան ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ: Նմանատիպ կոչերով բավականին երկար ժամանակ առաջնորդվեցին այդ նույն ուժերը, իսկ արդյունքն ի՞նչ եղավ: Կարծում եմ` դուք ականատես եղաք ու շատ լավ հիշում եք:
-Բայց, կարծես թե, այս անգամ ոչ իշխանական ուժերն ավելի վճռական են տրամադրված ու փաստերի հիման վրա են կառուցում իրենց հայտարարությունները: Գուցե այս անգամ կարողանա՞ն արդյունքի հասնել:
-Բայց հիշեք, որ նույն այդ 4 ուժերն են: Իսկ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Ասում եմ, եթե ուզում ենք իմանալ, թե առաջիկայում ինչ կլինի, մենք կարող ենք ուսումնասիրել նախկին երկու դեպքերը եւ կռահենք, թե ինչ կարող է լինել երրորդ դեպքում: Ես մի մտահոգություն ունեմ, որ քաղաքական դաշտում այլեւս դոմինանտ են դառնալու իշխանությունն ու այլընտրանք քաղաքական ուժերը: Ընդդիմությունը, որպես այդպիսին՝ դե յուրե, իհարկե ինքն իր գործունեությունը կշարունակի, բայց դե ֆակտո քաղաքական գործոն չի լինելու, որովհետեւ բոլորը հավաքվում են այլընտրանքի շուրջը: Իսկ այլընտրանքը մեր գործընկերն է ու մենք միշտ էլ կարողացել ենք հարցերի շուրջ քննարկումներ ունենալ եւ լուծել այդ հարցերը:
-Այլընտրանքի միակ նպատակը ՀՀ կառավարության հրաժարականն է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, գուցե դրա շուրջ իշխանությունն այլընտրանքի հետ համաձայնությա՞ն գա:
-Եթե 4 ուժերը հասկանում են, որ իշխանափոխությունն իրականացնեն ու դրա առաջին քայլը ՀՀ կառավարության հրաժարականն է… մտածում եք, որ ՀՀԿ-ն ավելին չի հասկանում ու իր քայլերն այնպես չի ծրագրի, որոնք ուղղված կլինեն այդ ծրագրերի չեզոքացմանը: Մենք էլ մեր ծրագրերն ունենք: Բազմաթիվ անգամ ՀՀԿ-ականներն ասել են, որ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի հետ կապված մտագոհություն, մտավախություն չունեն: Դա նոր երեւույթ չէ, մեր քաղաքական կյանքում դա եղել է միշտ, բոլոր ժամանակահատվածներում, ու ես արդեն նշեցի այդ 4 քաղաքական ուժերի գործունեության երկու դրվագ: Այդ երկու ժամանակահատվածում հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն՝ դա նախագահական եւ պառլամենտական ընտրությունների ժամանակ էր, որը չեղավ:

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է

Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե իրենք պատրաստ են հանդիպել «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Սակայն նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանդիպելու մտադրություն չունեն:

«Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները, եւ դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք եւ դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարեւորագույն խնդիրն է նպաստել եւ խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը»,- «Դեմ եմ»-ի հետ երկխոսելու պատրաստակամությունը հիմնավորել է վարչապետը` հավելելով. «Այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, որոնք դիմել են մեզ բազմաթիվ նամակներով եւ իրենց մտահոգություններն են հայտնել այս ռեֆորմի կապակցությամբ, միեւնույն ժամանակ զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ»:
Այնուհետեւ Տ. Սարգսյանը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք երկխոսության, որովհետեւ դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար: Մենք պատրաստ ենք երկխոսության եւ ընդունում ենք, որ մեր օրենքները՝ մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող, չեն կարող լինել առանց թերությունների: Բնականաբար, այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաեւ մեր ընդդիմախոսները»:
Սակայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն ցանկանում երկխոսության գնալ, քանի որ արդեն ուշ է. «Մենք չենք գնում, չնայած նրան, որ մենք կարեւորում ենք երկխոսությունը ու մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով: Մենք այս ընթացքում բազմաթիվ նամակներ ենք գրել, այդ թվում նաեւ վարչապետին: Այդ առաջարկը ողջունելի է, բայց ժամանակավրեպ ու ուշացած: Ընդ որոում, ուշացածը մի կողմ, մենք կգնայինք երկխոսության, եթե այնտեղ հստակ հաղորդագրություն լիներ, որ քննարկվելու է «պարտադիր» բառի հանել կամ չհանելը: Մինչդեռ վարչապետի խոսքից դա չի բխում, ընդամենն ասվում է, որ կարող է` թերություններ կան օրենքում, որոնք կարելի է շտկել»:
Իսկ հարցին, թե ինչու են ՀՀ վարչապետի հետ հանպիպումը համարում ուշացած` մեր զրուցակիցը պատասխանեց, որ հարցն արդեն գտնվում է ՍԴ-ում. «Բայց անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի` մեզ համար շահավետ, թե ոչ, մեր պայքարը շարունակվելու է»:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԽՈՑԵԼԻ Է  ԴԱՌՆՈՒՄ
Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտնի արտահայտությանը, tert.am-ին ասել էր, թե «Եթե որեւէ մեկը որոշի, որ կարող է այդկերպ ինձ հետ խոսել, ապա ես նրան կարող եմ որակել եւ կորակեմ արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով եւ ինչու չէ` նաեւ հարակից բառերով: Միգուցե, իր կենսագրության համար պետք կգա»: Այնուհետեւ Հ. Թովմասյանը նշել էր. «Ես կարծում էի, որ ձեր նշած անձը կկարողանար իր մեջ ուժ գտնել եւ ներողություն խնդրել այն լսարանից, ում հասանելի է եղել իր արտաբերածը, եւ նախարար Հրայր Թովմասյանից… Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ` բոլորը կիմանան»:
Ա. Ռուստամյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը հավելյալ որեւէ բան չունի ասելու: «Ինչ որ ասել եմ, ասել եմ: Ուղղակի ցավում եմ, որ ինքը չի զգում, որ ինչքան խոսում է այս թեմայով, այնքան ավելի խոցելի է դառնում` իրարամերժ եւ հակասական հիմնավորումներ տալով»:

 
ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր դեռ սպասում են Սերժ Սարգսյանի պատասխանին: Հիշեցնենք, որ մարտի 12-ին` վաղ առավոտյան, «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները հավաքվել էին Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ: Նրանց հանդիպեց նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ով առաջարկեց հեռանալ առանձնատան մոտից՝ խոստանալով կարգավորել խնդիրը: Տուժած քաղաքացիներից մեկը՝ Զոյա Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դեռ ոչ մի նորություն չկա: Մեզ անցյալ բողոքի ակցիային խոստացան, որ տասն օր հետո պարզ կլինի ամեն ինչ: Հովսեփյանն ասաց, որ տասն օր հետո գնանք մեզ մոտ եւ իրենք վերջնական պատասխան կտան, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ: Դեռ երկու օր կա ժամկետի լրանալուն»: Ի դեպ, բնակիչներից մի քանիսն էլ մտադիր է դիմել դատարան՝ «Արցախբանկ»-ի գրավի պայմանագիրը վիճարկելու նպատակով:

 
ՀԱՑԱԴՈՒԼ ԱՐԹԻԿԻ ՔԿՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկում 4 անձ հացադուլ է հայտարարել: Վերջիններս այդ քայլին գնացել են իրենց նկատմամբ հարուցված քրեական գործն անօրինական համարելու հետեւանքով եւ հացադուլ հայտարարելով փորձում են այդկերպ հասնել արդարության: Նշենք, որ հացադուլ հայտարարած 4 անձն էլ մեղադրվում է ավազակային հարձակման մեջ:

 




Լրահոս