ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵԼ ԹՎԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ երեկ խորհրդարանական «հրաշալի քառյակը» քննարկում էր կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում փորձում էր ցույց տալ, թե իրենք տքնաջան աշխատում են, ավելին՝ արդեն լուրջ ձեռքբերումներ են գրանցել:

Որպես կառավարության լավ աշխատանքի արդյունք, ներկայացվել է Հայաստանում աղքատության թվի կրճատումը: Այս նպատակով նույնիսկ բեմադրվեց վարչապետ-ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար երկխոսությունը: «Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը, ըստ մեր տեղեկատվական շտեմարանի տվյալների՝ մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ եւ 330 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ»,-վարչապետի հարցադրումներին պատասխանել է Արտեմ Ասատրյանն ու շարունակել,- «Բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն՝ շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ»:
Ճիշտ եւ ճիշտ՝ խորհրդային տարիների հին ու բարի սովորույթի նման, երբ «հնգամյակը կատարում էին» չորս տարում: Այս դեպքում, սակայն, ՀՀ կառավարությունն է՛լ ավելի «առաջ է անցել», ու հիմա նախարարը հայտարարում է ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը շուրջ հինգ անգամ պակասեցնելու, իսկ ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվն էլ՝ մոտ 40 տոկոսով կրճատելու մասին: Իր խոսքերը հիմնավորելու համար Ասատրյանը նույնիսկ թվեր է հրապարակել: Թվեր, որոնք ականջ են շոյում, բայց՝ ոչ ավելին: Թվեր, որոնք մի փոքր ավելի համապարփակ ուսումնասիրելու դեպքում բոլորովին այլ պատկեր են բացահայտում:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին աղքատության թվի կրճատումը տեղի է ունեցել ոչ թե մարդկանց կենսամակարդակի բարելավման հետեւանքով, այլ՝ պարզ թվային աճպարարությունների արդյունքում:
Նախ՝ վերջին տարիներին իշխանությունները հետեւողականորեն բարձրացրել են աղքատության շեմը: 2008 թ. աղքատ էր համարվում մինչեւ 29 հազար 903 դրամ եկամուտ ունեցողը, ապա 2009-ին՝ 30 հազար 920 դրամ, 2010-ին՝ 33 հազար 517 դրամ, 2011թ.՝ 36 հազար 158, իսկ 2012թ. 37 հազար 44 դրամ եկամուտ ստացողը: Գործում է նաեւ աղքատության ծայրահեղ շեմ. 2010-ին ծայրահեղ աղքատ էր համարվում մինչեւ 19 հազար 126 դրամ, իսկ 2012-ին՝ 21 հազար 732 դրամ եկամուտ ունեցողը: Ասել է թե՝ եթե քաղաքացին ամսական հիմա ստանում է 22 հազար դրամ, նա այլեւս չի համարվում ծայրահեղ աղքատ, այլ արդեն սովորական աղքատ է, իսկ եթե եկամուտը հասել է 38 հազար դրամի, ուրեմն մարդն այլեւս աղքատ չէ: Չնայած որ նվազագույն սպառողական զամբյուղն արժե մոտ 56 հազար դրամ, իսկ պարենային նվազագույն զամբյուղը՝ 31 հազար դրամ: Տիգրան Սարգսյանի կառավարությանը, ահա, նման մեթոդներով, հաջողվել է Հայաստանում լրջագույն «առաջընթաց» գրանցել, բայց միայն թղթի վրա: Ըստ այդ թղթերի՝ 2010-ին աղքատ էր բնակչության 35.8 տոկոսը, 2011-ին՝ 35 տոկոսը, իսկ 2012-ին՝ 32.4 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատ էր 2010-ին 3 տոկոսը, 2011-ին՝ 3.7 տոկոսը, 2012-ին էլ՝ 2.8 տոկոսը: Տեղեկացնենք նաեւ, որ 2013թ. աղքատության ցուցանիշները դեռ չեն հրապարակվել. ԱՎԾ-ն դա կանի այս տարվա երկրորդ կեսին:

Ասացեք, Շուրա, ձեզ որքա՞ն գումար է հարկավոր

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը խոսել է կենսաթոշակների բարձրացման մասին: Թե որքան է կազմել այդ բարձրացումը, Արտեմ Ասատրյանը խոհեմաբար չի հայտնել: 2014թ. պետական բյուջեով կենսաթոշակը բարձրացրել են միջինը 6 հազար դրամով: Իսկ արդյոք 6 հազար դրամը ՀՀ քաղաքացու կյանքում լո՞ւրջ դեր է կատարում. պատասխանը մեկն է՝ միանշանակ ոչ: Մանավանդ, եթե փորձենք գումարել այս ընթացքում գրանցված գնաճը, որն ավելի ու ավելի է խեղդում. 2013թ. այն կազմել է 5.8 տոկոս, իսկ 2010թ. համեմատ՝ 15.8 տոկոս: 2011թ. գնաճը 2.6 տոկոս էր, 2010թ. համեմատ՝ 12.9 տոկոս: Այս տարի եւս մեծ գնաճ է սպասվում` մոտ 5.5 տոկոս (չնայած՝ տարեվերջում գնաճը կառավարության կանխատեսումներից շատ է լինում):
Արդյունքում ստացվում է, որ կառավարությունը մի քանի հազար դրամ ավելացնելով թոշակը, մարդկանց աղքատության «շեմից» հանելով, փորձում է ցույց տալ, թե սխրանք է գործել: Ու ոչինչ, որ մարդկանց կենսամակարդակն այս ընթացքում չի փոխվել, ավելին՝ վատացել է: Կարեւորը՝ ճոռոմ թվերն են, ծափերն ու փուչիկները:
Հ.Գ. Ի դեպ, ասում են՝ աղքատության դեմ պայքարի հրաշալի միջոց կա. աղքատության շեմը կարելի է սահմանել 10 հազար դրամ, եւ արդյունքում ՀՀ-ում այլեւս չեն լինի աղքատներ. 10 հազար դրամից ավելի ստացողները միանգամից կհամարվեն միջին խավ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՍԵՓԱԿԱՆ  ԲՈՍՏԱՆԸ
ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շարունակում է զարկ տալ սեփական բիզնեսին, եւ դա՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ընդ որում, նա գործի է դրել վաղուց հայտնի մեխանիզմներ՝ իր ղեկավարած ՊԵԿ-ն օգտվում է իրեն պատկանող ընկերությունների ծառայություններից: ՊԵԿ աշխատակազմը հիմնականում օգտվում է «Միցուբիշի» մակնիշի մեքենաներից, որոնց ներկրողը Գ.Խաչատրյանն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը 2մլն դրամ կամ մոտ 5 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների համար: Այդ ծառայությունը մատուցելու է «Մեգամոթորս» ընկերությունը, որի սեփականատերը եւս Գագիկ Խաչատրյանն է: Խոսուն փաստ է, այդպես չէ՞: Իսկ վարչապետը կոռուպցիայի դրսեւորումներ է փնտրում:

 

ԱՆԿԱԽ  ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Չնայած ԱԺ չորս խմբակցությունները երեկ որոշել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնել ապրիլի 28-ին, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե այդ ամենն իրեն չի հետաքրքրում: Ավելին, երեկ Տ.Սարգսյանը մասնակցել է «Բրեյն րինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք իրենց քայլերը չեն պայմանավորում կառավարության անդամների տրամադրություններով: «Մեր օրակարգում վարչապետի կամ կառավարության անդամների տրամադրության փոփոխության որեւէ հարց չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ոչ ցանկանում են նրանց տրամադրությունը բարձրացնել, ոչ էլ՝ փչացնել: Ըստ Զոհրաբյանի՝ իրենք ֆիքսելու են այս տարիներին գրանցված խայտառակ ցուցանիշները:

 

ՀԱՅԹԱՅԹՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նկարիչների միությունում ծանր օրեր են: Միության ղեկավարությունը չի կարողացել վճարել սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ միությունը միշտ էլ դժվարությամբ է կարողանում հասցնել եւ վճարել կոմունալ ծախսերը: «Մենք պետությունից օգնություն չունենք եւ ինքներս ենք հայթայթում գումար, բայց միշտ չէ, որ հաջողվում է: Ավելին, միության որոշ տարածքներ տվել ենք վարձակալմամբ, եւ եթե այդ վարձավճարներն ուշացնում են՝ մենք խնդիր ենք ունենում»,- ասաց միության նախագահը՝ հավելելով, որ առայժմ բանը նրան չի հասել, որ միության էլեկտրաէներգիան անջատեն: Փառք Աստծո:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՏՐԿԱՀԱՃՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտում Ղրիմի ինքնորոշմանը նվիրված տոնախմբության կապակցությամբ «Նախախորհրդարան»-ը երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Երեւանի պատվերով Ստեփանակերտում կայացած համերգը, որը ողջունում էր Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը, վասալների կողմից իրենց տերերի հանդեպ անխոհեմ ստրկահաճության դրսեւորում էր: Ժողովուրդը, որ հռչակել է անկախություն եւ պաշտպանել սեփական ազատությունն իր արյամբ, ներքաշվում է մի գործընթացի մեջ, որտեղ նա ցուցադրվում է, ասես, ծուռ հայելու մեջ»:

 

ՏԱՐԱԾՈՂԸ ԼՐԱԳՐՈ՞Ղ Է
Միացյալ երիտասարդական լիգայի անդամ (ՄԵԼ) Սեւակ Հովհաննիսյանը armlur.am- ին ասել է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները տարածել է մի երրորդ անձ, ով մասնագիտությամբ լրագրող է. «Փաստերի հավաքման ու ամբողջացման դեպքում կհրապարակենք տարածողի անուն-ազգանունը»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարներում միայն Կարեն Արայանը չէ. «Լուսանկարներում դեմք չի երեւում, չէ՞: Այդ լուսանկարներում կան ընտանիք ունեցող դերասաններ ու պաշտոնյաներ»:

 

ԶԱՆԳ ՊՈՒՏԻՆԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում նրանք անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ս. Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

 

ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՍԷՖԻԼՅԱՆԻ
Կուտակայինի դեմ մարտի 22-ին կայանալիք հավաք-երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի ելույթին դեմ են արտահայտվել «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն: «Նախախորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանը NEWS.am-ին ասել է, որ «Նախախորհրդարան»-ին «Դեմ եմ»-ը հրավիրել է ելույթ ունենալու եւ խնդրել, որ խոսի Ժիրայր Սէֆիլյանը: «Մենք էլ համաձայնվել էինք, սակայն ԱԺ-ում կայացած նիստից հետո երիտասարդները հայտնեցին, որ չորս ուժերը դեմ են, որ Սէֆիլյանը խոսի: Ինչքան էլ տարօրինակ է, դեմ են արտահայտվել «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն»,-նկատել է Հակոբյանը:

 




Լրահոս