ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԵԿԻ ԽՈՍՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ զրուցեց armlur.am-ը` վերջին օրերին Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առաջարկի առնչությամբ:

Դեռ չէինք հասցրել մարսել հրապարակախոս Զորի Բալայանի գրած նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով խնդրում էր Ղարաբաղը դարձնել Ռուսաստանի մի մասը, երեկ հայտնվել է եւս մի գեներալ, ով եւս կրկնում է նույն խոսքերը:
1in.am-ի հետ զրույցում 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է. «1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն՝ Ղարաբաղը պատկանել է ռուսական իմպերիային, ԼՂ-ն երբեք չի եղել ԽՍՀՄ կազմում: Եվ ուրեմն ինչո՞ւ ԼՂ-ն չլինի Ռուսաստանի կազմում, որովհետեւ, Գյուլիստանի հաշտության պայմանագրի փաստաթղթերի համաձայն, ռուսական տարածք է: Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, ապա ինչո՞ւ ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ողջ Հայաստանը Արցախի հետ միասին պետք է հանրաքվե անցկացնի ու մտնի ՌԴ կազմի մեջ»:
-Պրն Բաբայան, վերջին օրերին հայտնի մարդկանց կողմից հնչում է տեսակետ՝ Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու մասին: Ինչ է, նրանք հայտնում են Արցախի դիրքորոշո՞ւմը: Որեւէ արձագանք ունե՞ք այդ առնչությամբ:
-Արձագանքը հետեւյալն է. Արցախի ժողովուրդն իր ձայնը տվել է անկախ պետականությանը: Աշխարհում հայության թիվը 10.000.000 է, Արցախի բնակչության թիվը` 150.000, ՀՀ-ի բնակչության թիվը 3 մլն: Այսքանից հետո, մի քանի հոգու կարծիքը լսելով, ասում են՝ չլինի Արցախը պետք է միանա այլ պետության: Ախր մենք միասին ենք չէ՞ կառուցել Արցախը: Ինձ համար ցավալի է, որ բոլորը քննարկում են մեկ մարդու հայտարարությունը: Կամ մեկնաբանում են ՌԴ-ի մեկ այլ քաղաքական գործչի հայտարարությունը (նկատի ունի Ժիրինովսկուն-խմբ.), ով արտահայտել է իր կարծիքը: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է արձագանքենք:
-Բայց հաշվի առնելով այն, որ այդ մարդիկ ունեն որոշակի դերակատարություն կամ կշիռ, օրինակ՝ Նորատ Տեր Գրիգորյանցը…
-Իսկ այն զինվորները, որոնք սահման են պահում, կամ այն մայրերը, որոնք երեխա են լույս աշխարհ բերում, կամ այն մարդիկ, որոնք մահացել եւ թաղվել են այս հողում, դերակատարություն չունե՞ն:
-Իհարկե ունեն:
-Ահա, հետեւաբար մեր անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեք են, որոնց համար արյուն է թափվել: Մոտ ապագայում մեր տեսլականը չի փոխվելու, քանի որ օբյեկտիվ հիմքեր չկան: Միգուցե ապագայում որոշում կայացվի Միացյալ Հայաստանի, սա ուրիշ խնդիր է:
-Բայց չարժե՞, որ ԼՂՀ-ը վերահաստատի իր դիրքորոշումն ու պաշտոնական հայտարարություն տարածի՝ հակադարձելով այս հայտարարությանը:
-Վերջերս նշվել է արցախյան շարժման տարեդարձը, որի ժամանակ ԼՂՀ նախագահը պաշտոնական ուղերձ է հղել, որի մեջ ամեն ինչ գրված է: Հո մենք չե՞նք կարող ամեն անձի հայտարարությունից հետո պետական մակարդակով ուղերձ հղել: Ի վերջո, սա պետություն է, իմիջի հարց ու հազար ու մի հարց կա, ինչի՞ մանրանանք: Դրանով մենք ցույց տանք, որ մեր պետությունը տհա՞ս է:
-Իսկ ըստ Ձեզ` ինչո՞ւ են այդ մարդիկ նման հայտարարությամբ հանդես գալիս:
-Ես չգիտեմ, իրենցից հարցրեք, բայց եթե մեկն ասում է, դա չի նշանակում, որ դա պետական մակարդակով արված հայտարարություն է: Այդ մարդն այդպես է մտածում:
-Պարզապես երբ գեներալ-լեյտենանտն է նման հայտարարություն անում…
-Իսկ մենք քանի՞ գեներալ ունենք: Մենք հազար ու մի խնդիր ունենք: Ի դեպ, ասեմ՝ կան մարդիկ, ովքեր սպասում են այդպիսի հայտարարությունների, որպեսզի սկսեն լուրեր տարածել, որ հիշեցնեն իրենց մասին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
«Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցները հույս ունեն, որ մարտի վերջին ստանալու են եւս մեկ ամսվա աշխատավարձ: «Հավանաբար կտան: Տեսնենք: Դե հույս չունենք, բայց նախարարը կրկին խոստացել է»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց աշխատակիցներից մեկը՝ Արայիկը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու չեն շարունակվում աշխատակիցների կողմից անցկացվող բողոքի ակցիաները, նա պատասխանեց. «Դե քանի որ հիմա բանակցությունների փուլում են` գործարանի հետ կապված, դրա համար մենք դեռ ոչ մի քայլ չենք ձեռնարկում, որպեսզի չխանգարենք»:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցները պահանջում են վճարել 15 ամիս շարունակ կուտակված աշխատավարձը, ինչպես նաեւ ներկայացնել գործարանի վերագործարկման եւ աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը: Գործարանը գրեթե 4 տարի է, ինչ պարապուրդի է մատնված, եւ օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

 

ՉԵՆ ԱՅՑԵԼԵԼ
Արթիկի քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, ոչ ոք հարազատներից այցելության չի գնացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ միայն Վահեի եղբայրը` Հովհաննես Ղուկասյանն է ՔԿՀ գնացել՝ իր եղբորը սնունդ փոխանցելու համար: Հիշեցնենք, որ 2013 թ. ապրիլի 23-ին՝ Ժամը 13.00-ին, Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո), ով հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

 

ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
Սայաթ-Նովա 10, 12 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնող «Լարկո գրուպ» ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնի (սանէպիդկայան) կողմից 100 հազար դրամով տուգանվել է:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանից: «Օդի եւ ձայնի, աղմուկի ազդեցությունը մարդկանց վրա շատ է եղել, ինչի համար էլ մենք դիմում էինք գրել եւ Կենտրոն վարչական շրջանը վարույթ է հարուցել, տուգանել է»,- լրացրեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Սայաթ -Նովա 10, 12 շենքերի բնակիչները պահանջում են դադարեցնել «Լարկո գրուպ»-ի կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: Քանի որ շենքը կառուցվելու դեպքում քաղաքացիների բնակարաններ լույս չի մտնելու, բացի այս փակվելու է դեպի իրենց շենքեր տանող հրշեջ եւ շտապօգնության մեքենաների ճանապարհը, ավելին՝ թուլացնելու է իրենց շենքերի սեյսմակայունությունը: Ի դեպ, այս գործով այսօր ՀՀ վարչական դատարանում կայանալու է դատական առաջին նիստը:

 

ՎԻՐՈՒՍԱԿԻՐ ՆԱՄԱԿՆԵՐ
ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է, որ վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ-ի անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը, որոնք իրականում վիրուսներ են: «Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում նմանատիպ վնասաբեր ծրագրերն իրական վտանգ են պարունակում համակարգչի պաշտպանվածության մակարդակը թուլացնելու եւ նրանում առկա տեղեկատվությանն ապօրինի տիրանալու համար»,- զգուշացնում է ԱԱԾ-ն՝ խորհուրդ տալով նման նամակներն անմիջապես ոչնչացնել:

 

 
ԲԼԹ

«Այդպես էլ պետք է մնաք, որ կարողանաք օրինակ ծառայել դպրոցականներին, որ նրանց մեջ ցանկություն լինի ում նմանվել, ոչ թե խաբեբայի, ստախոսի, թուլամորթի կամ դատարկ դհոլների»:

Գագիկ Ծառուկյան News.am

Ո՞ւմ է ԲՀԿ առաջնորդը կոչ անում չնմանվել. օրեր առաջ լրատվամիջոցների խմբագրությունների առջեւ դհոլներով ակցիաներ իրականացնողների՞ն: Բայց չէ՞ որ դրանք հենց ԲՀԿ-ական երիտասարդներն էին, որոնց գործողությունները ոչ պակաս դհոլային էին, քան այն քաղաքական գործիչները, ում ԲՀԿ-ականները «դհոլ» են անվանում: Ստացվում է՝ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում չնմանվել երիտասարդ ԲՀԿ-ականներին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու են նրանց պահում կուսակցության շարքերում, միայն կրկեսային բեմադրությունների եւ իր անձը քննադատողների դեմ դհոլներով հիստերիա բարձրացնելու համա՞ր:

 

 
«Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը»:

Հրայր Թովմասյան Tert.am

Արդարադատության նախարար, համատեղությամբ արդեն նաեւ լեզվաբան Հրայր Թովմասյանի խոսքն, իհարկե, վերաբերում է «ղալաթ» անողներից մեկի կողմից իր հասցեին ասված՝ «չաթլախ» բառին: Եվ եթե նման դեպքը, ըստ բառարանագետ նախարարի, միայն ներողությունով չի հարթվում, ապա ինչո՞վ է հարթվում մեր իրականության մեջ: Միգուցե նկատի ունի «գողականո՞վ»: Տրամաբանական է, որ կարող է դա նկատի ունենալ, քանի որ մեր երկրում հենց նման սահմանափակ եւ քրեական մտածողություն ունեցող մարդիկ են պաշտոններ ստանձնում: Ինչ վերաբերում է Թովմասյանի դիրքին, ապա նրա դիրքը բացառում էր նաեւ «ղալաթ» բառն օգտագործելը:

 

 

 

«Դասական ընդդիմությունը չի կարող հատվածային պայքար մղել։ Դասական ընդդիմությունը հավաքական պայքար է կրում»:

Արթուր Բաղդասարյան «Առավոտ»

Նախ՝ սկսենք նրանից, որ մեր երկրում դասական ընդդիմություն չկա եւ ընդդիմությունն արժեզրկելու մեջ իր անգնահատելի ավանդն ունի «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինս 2008-ին այնպես չարեց, որ Հայաստանում ընդդիմությունը երբեւէ կարողանա հավաքական պայքար կրել: Ընդդիմադիր զանգվածի մի զգալի հատվածին իր շուրջը համախմբելով՝ նա այդ հատվածին կտրուկ հիասթափեցրեց ընդդիմությունից։ Իսկ հիմա Բաղդասարյանին պարզապես մնում է դասական ընդդիմության մասին պոպուլիստական հռետորաբանությունը, կարծես թե ինքը երբեք այդ ամենի մեջ չի եղել:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 




Լրահոս