ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉՍՏԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սատկեց գյուղացիներին պատկանող ավելի քան 180 խոզ: Թեեւ գյուղացիները համոզված էին, որ խոզերի անկումը աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից է, սակայն պատկան մարմիններն այդպես էլ պաշտոնապես չհայտարարեցին անասունների սատկելու պատճառը, որպեսզի պետական բյուջեից սահմանամերձ գյուղի բնակիչներին դրամական աջակցություն չտրվի:

Վազաշենցիները նամակ էին ուղարկել ՀՀ կառավարություն՝ փոխհատուցում պահանջելով աֆրիկյան ժանտախտից սատկած խոզերի համար: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը մեզ ասել էր, որ խոզերի անկման խնդրով ինքը դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, սակայն մերժողական պատասխան է ստացել: Գյուղապետի վկայությամբ՝ իրեն պաշտոնապես չեն հայտնել՝ արդյոք գյուղի խոզերն աֆրիկյան ժանտախտից, թե մեկ այլ հիվանդությունից են սատկել, ինքն էլ արդեն հոգնել է այս խնդիրը կառավարությանը ներկայացնելուց:
Նշենք, որ Վազաշենից է սերում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նրա եղբայրը՝ Հակոբ Հովսեփյանը, Ռուսաստանում մեծ գործարար է: Եղբայրների կողմից հայրենի Վազաշենում, հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին, մեծ կոթող է կառուցվել։ Հովհաննես Հովսեփյանին գրավոր հարցրեցինք՝ արդյոք տեղյա՞կ է, որ աֆրիկյան ժանտախտի համաճարակի պատճառով իր համագյուղացիները մնացել են բանկերից վերցված վարկերի բեռի տակ, սակայն այդպես էլ պետությունից աջակցություն չեն ստացել: «Վազաշենցիները դիմե՞լ են ձեզ այդ հարցով, եւ ինչո՞ւ սահմանամերձ գյուղի բնակիչներին պետական աջակցություն չցուցաբերվեց»: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանից ստացված գրավոր պատասխանում ասվում է. «…Ինչ վերաբերում է համագյուղացիներին հուզող բազում խնդիրներին, ապա կարող եք տեղեկանալ գյուղի բնակիչներից եւ գյուղապետից՝ Հովհաննես Հովսեփյանի շարունակական աջակցության եւ հոգածության մասին: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներին հուզող աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետ կապված խնդրի մասին վազաշենցիները Հովհաննես Հովսեփյանին չեն դիմել»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ՄՐՑԱՎԱՐ ՉՈՒՆԵՆԱԼԸ ԽԵՂՃԱՑՆՈՒՄ Է

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի մարզական ֆեդերացիաների կատարած աշխատանքներն ու հիմնախնդիրները։ Մեր այսօրվա զրուցակիցն է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ պետբյուջեից այդ ֆեդերացիային հատկացվում է 9 միլիոն դրամ, որը, ըստ մեր զրուցակցի, քիչ է. «Ոմանք 50 միլիոն են ստանում, էլի ասում են՝ քիչ է»։

Մենք հիշեցրեցինք, որ մեր գեղասահորդները մասնակցել են նաեւ օլիմպիական խաղերի, սակայն Սոչիում մասնակից չունեինք։ Ո՞րն էր պատճառը։ «Վարկանիշ ձեռքբերելը շատ է դժվարացել. տեխնիկապես ու նաեւ ֆիզիկապես շատ բան է փոխվել գեղասահքի մեջ։ Եվ սահադաշտ չլինելու պատճառով ռուսաստաններում պարապելով չկարողացանք վարկանիշ ձեռքբերել։ Իհարկե, զգացնել տվեց գումարի պակասը»,-ասաց ֆեդերացիայի նախագահը։
Իսկ որտե՞ղ են պարապում մեր գեղասահորդները։ «Երբ որ հնարավոր է լինում, Մարզահամերգային համալիրում ենք մարզվում, իսկ եթե հնարավոր չի լինում, ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն ենք անցկացնում Ծաղկաձորում, նաեւ` Բաթումիում ենք պարապում, իսկ հավաքական թիմը հիմնականում մարզվում է Ռիգայում եւ Մոսկվայում»,- նշեց Մ. Ստեփանյանը։ Նաեւ պարզեցինք, որ քաղաքապետարանը խոստացել է վերականգնել Շենգավիթի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտը։ «Աչքներս տեսնի, ուրախանանք»,- ասաց մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ մեզ մոտ կան պատանիներ, երեխաներ, ովքեր ի վիճակի են հաջողության հասնել, վարկանիշ ձեռքբերել, օրինակ՝ Անաստասիա Գալստյանը մասնակցել է Բուլղարիայում կայացած պատանիների աշխարհի առաջնությանը եւ վարկանիշով 41 մասնակցիցների մեջ 20-րդ տեղն է զբաղեցրել։ Տարբեր երկրներում կան գեղասահքի հայ մասնագետներ, ովքեր համապատասխան սահադաշտ, պայմաններ լինելու դեպքում պատրաստ են վերադառնալ եւ աշխատել հայրենիքում։ Մեր զրուցակիցը կարեւորեց նաեւ հայաստանցի մրցավարներ ունենալու անհրաժեշտությունը. «Մրցավար չունենալը մեզ շատ է խեղճացնում, եւ մերոնցից արդեն 2 հոգի մրցավարական սեմինարների, դասընթացների են մասնակցում»։
Ի դեպ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը, հետեւելով Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, չի կիսում ոմանց կարծիքն այն մասին, որ գեղասահքի կանանց չեմպիոնուհի ռուս Ադելինա Սոտնիկովան արժանի չէր այդ կոչմանը։ «Նա շատ լավ հանդես եկավ եւ արժանիորեն հաղթեց։ Պարզապես ամեն մարզաձեւում էլ կա մեկը մյուսին վատաբանելու միտումը»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 




Լրահոս