ՇՐՋԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա գլխավորած պատվիրակությունը նախ եղավ Բուլվարային, ապա  Մուշ-2 թաղամասերում: Բուլվարային կոչվող թաղամասը Մուշ-2-ին միացնելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 500 մլն դրամ: Վարչապետը ծանոթացավ ճանապարհաշինության աշխատանքներին, որոնց նախագծային մշակումներն արդեն ավարտված են: Ըստ ժամանակացույցի` օգոստոս ամսին շինաշխատանքները կավարտվեն: Ուշագրավն այն էր, որ ինչպես միշտ, այս անգամ էլ «շնորհակալություն» ասողների հոծ զանգված էր բերվել թաղամաս: Որքան էլ ցավալի է, դարձյալ մանկավարժներ եւ դպրոցականների ծնողներ մոտակա 38 դպրոցից: Տիգրան Սարգսյանը, սակայն, նրանց չմոտեցավ, եւ հավաքվածները չհասցրին նախատեսած «ջերմ խոսքերը» փոխանցել վարչապետին:
Այնուհետեւ պատվիրակությունը մեկնեց Մուշ-2 նորակառույց թաղամաս: Դեռեւս քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը վարչապետին ներկայացրեց արված աշխատանքները: Նրանք շրջեցին մի քանի բնակարաններում, որոնք գրեթե պատրաստ են շահագործման: Հարցին, թե հավանեց բնակարանները, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Մեզ համար կարեւոր է, որ բնակիչները հավանեն: Շինարարները բավականին որակով գործ են կատարել, եւ հիմա մնում է, որ բնակիչներն ընտրեն, թե ինչ գույնի են ուզում, որ մենք ներկենք իրենց բնակարանները: Ամեն մեկն իր ճաշակով ընտրություն կկատարի, եւ շինարարները կբավարարեն բոլորի ցանկությունները»:
Հիշեցնենք, որ բնակարանաշինական ծրագիրը շարունակվելու է, եւ ինչպես նախորդ շաբաթ անօթեւաններին տեղեկացրեց Վարդան Վարդանյանը, կառուցվելու է եւս 400 բնակարան: Շինաշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում: Կառավարության ղեկավարը շեշտեց, որ զուգահեռաբար բնակարանաշինական ծրագիրը կմեկնարկի գյուղական բնակավայրերում:
Հյուրերը եղան նաեւ թաղամասում կառուցվող դպրոցում, որը նախատեսված է 1080 աշակերտների համար: Մուշ-2-ի նորակառույց դպրոցը շահագործման կհանձնվի ավելի շուտ, քան բազմաբնակարանները:
Հ.Գ. Գյումրի կատարած այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը չխուսափեց լրագրողների հարցերից: «ԲԿՀ-ն կառուցողական ընդդիմություն կլինի՞, թե՞ ոչ» հարցին վարչապետը վստահ պատասխանեց. «Իսկ ո՞վ ա ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն ա լինելու»: Այնուհետեւ հավելեց, որ հարգում է իրենց գործընկերների որոշումը եւ համոզված է, որ հետագայում ակտիվ համագործակցություն կլինի:
ԲՀԿ-ի ընդդիմություն լինել-չլինելու վերաբերյալ խոսեց նաեւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: «Ժամանակը կգա, կտեսնենք»,-կարճ կապեց նա: Ուշագրավ մեկ հանգամանք. երբ վարչապետը հայտարարեց, թե ով է ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, նրա մեջքի հետեւում կանգնած Վարդան Վարդանյանը սկսեց քահ-քահ ծիծաղել: Ըստ երեւույթին` անգամ ԲՀԿ-ական նախարարը չի հավատում սեփական կուսակցության` ընդդիմություն դառնալու հեռանկարին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս