Ի՞ՆՉ ԵՆՔ ԽՄՈՒՄ` ՍՈ՞ՒՐՃ, ԳԱՐԻ՞, ՍԻՍԵ՞Ռ, ԹԵ՞ ԿԱՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր իրեն հարգող հայ օրը սկսում է մի բաժակ սուրճով: Անուշիկ  Խաչատրյանը վաղուց արդեն դադարել է սուրճ խմել. «Նախկինում երբ գլուխս ցավում էր, մի բաժակ սուրճն ինձ օգնում էր, հիմա արդեն՝ ոչ: Պարզվում է` ես աղբ եմ խմում, ու ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում»: Իսկ Արտակ Սարգսյանն էլ դժվարանում է ասել, թե որքան սուրճ է օրական խմում: Նա իրեն սրճամոլ չի համարում, ասում է «հյուրասիրում են, խմում եմ», անգամ չի էլ մտահոգվում,  թե ինչ որակի սուրճ է վայելում. «Որակի մասին մտածենք` սոված-ծարավ կմեռնենք»:
Ի՞նչ որակի սուրճ ենք այդպես անհագ խմում մենք` հայերս: «Ժողովուրդ»-ն իր ուսումնասիրությունն է անցկացրել ու պարզել, որ սուրճի գինը կախված է այն բանից, թե նրա մեջ որքան է սուրճի քանակությունը: Շատերս սուրճ խմում ենք հյուրասիրության ժամանակ կամ ախորժակը փակելու համար: Սակայն սուրճի չարաշահումը բերում է լուրջ առողջական խնդիրների:
Բժիշկ-դիետոլոգ Ֆեդյա Գսպոյանն անձամբ է սուրճ մշակում եւ խմում է միայն իր ծառից հավաքած բերքը: Կարծում  է, որ այդպես ե՛ւ անվտանգ է, ե՛ւ որակյալ: «Մեր երկրում վաճառվում է պատիճավոր սուրճ, իրականում պիտի օգտագործել սուրճի  միայն միջուկը, ինչպես, օրինակ, ընկույզի միջուկը: Նշեմ, որ սուրճի չարաշահումը  բերում է սիրտ-թոքային համակարգի խանգարման, գրգռվածության, անքնության»,-ասում է բժիշկ Գսպոյանը:
Եթե սուրճը վնաս է առողջությանը, ապա ի՞նչ կարող է անել վատորակ սուրճը:  Գարու, սիսեռի, նույնիսկ գիպսի խառնուրդով սուրճը հայկական շուկայում վաճառվում է բարձրորակ սրճատեսակների անվան տակ:
«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ մեր երկրում վաճառվող սուրճը ոչ մի չափանիշի չի համապատասխանում: «Հայաստան ներկրվում է ամենացածր որակի` կորեական սուրճ, սակայն խանութներում վաճառվում է «Ռոյալ-Արմենիա» սուրճի փոխարեն: Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ ներկրվող սուրճի մեջ ծանր մետաղներ առկա չեն, ուստի  առողջության համար սուրճը  վտանգ  ներկայացնել չի կարող:  Սակայն սուրճի մեջ կոֆեինի քանակությունը սահմանված նորմայից զգալի ցածր է: Այդ նորմերին չեն համապատասխանում խոնավությունը, փաթեթավորումը եւ այլն»,-ասում է Ա. Պողոսյանը եւ սպառողներին հորդորում կարդալ մակնշումը, թեկուզ սխալ թարգմանությամբ, օրինակ այսպես՝ «սՈՋՌՑ Չ տՐՏւսՈՊվՏՎ ՎպրՑպ». սա արդեն իսկ հուշում է փաթեթի պարունակության կեղծվածության մասին:
2012-ի առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել շուրջ 4 մլն 601 հազար 656 կգ սուրճ: Հանրապետություն ներկրվող սուրճն անվտանգ է` պնդում են որակի հսկիչները: Որակը ստուգվում է հենց սահմանին, այլ բան է «սերտիֆիկացիան», որը թողնված է տնտեսվարողի խղճին: Մասնագետները պնդում են, որ սուրճին հատիկավոր մշակաբույսեր խառնելն օրենքով չի արգելվում: Բայց պահանջվում է սպառողին այդ մասին տեղեկացնել:
«Ստուգումները սուրճի ոլորտում քիչ են եղել, քանի որ անվտանգության տեսակետից  այն եղել է ցածր ռիսկային գոտում: Սուրճի բաղադրության մեջ վնասակար նյութեր չեն հայտնաբերվել: Գերխնդիրը մակնշման բացակայությունն է»,-ասաց սննդի անվտանգության պետական ծառայության լրատվության բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Սննդի անվտանգության տեսչությունը ոլորտում ստուգումները կխստացնի, գուցե այն ժամանակ էլ վաճառքում հայտնվեն սուրճի փաթեթներ, որոնց վրա  բաղադրության մեջ կնշվի գարի, կաղին կամ սիսեռ` գնելու որոշումը թողնելով գնորդին:
Ի՞նչ ենք այդքան անհագությամբ խմում  մենք` կոֆեի՞ն, գարի՞, թե՞ կաղին:  Կարելի է կարծել, թե թանկ սուրճը կեղծված չէ: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ թե՛ թանկ, թե՛ էժանագին սուրճի տեսակների բաղադրության մեջ առկա է օսլայի պարունակությունը: Մասնագետները նշում են, որ եթե սուրճը, յոդի հետ շփվելով, կապույտ երանգ է ստանում, ուրեմն անորակ է, խառնուրդ կա: Նաեւ ասում են, որ տնային պայմաններում էլ հնարավոր է կեղծ սուրճը տարբերել իսկականից: Եթե սուրճի հատիկը սառը ջրի մեջ դժվարությամբ է ընկղմվում, նշանակում է` այն մաքուր է: Ի դեպ, լավորակ սուրճի մրուրը չպետք է մածուցիկ լինի: Լավ սուրճը կարելի է տարբերել նաեւ տեսքով ու բույրով: Եթե սուրճը փայլում է, այն վկայում է սուրճի մեջ առկա եթերային յուղերի մասին, սակայն կեղծարարներն այս հարցում էլ են հնար գտել: Փայլ տալու համար տարբեր յուղեր են օգտագործում:
Շատերս հատիկավոր սուրճ ենք նախընտրում` կարծելով, թե այն մաքուր է: Հիմա վարպետորեն կեղծում են նաեւ հատիկավոր սուրճը: Նույնիսկ հնարավոր է գիպսից, կավից պատրաստել հատիկներ, գլազուրապատել եւ խառնել սուրճի ընդհանուր քանակությանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս