Մայիսի 27-ին` ժամը 22:30-ի սահմաններում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, որ Երեւանի կենտրոնում գտնվող եւ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Փակ շուկան քանդում են: Երեկոյան շուկայի մոտ մի խումբ սրտացավ մարդկանց հայտնվելուն պես շինարարությունը դադարեցվեց, սակայն հուշարձան շենքի տանիքի զգալի մասն արդեն քանդված էր:
Երեկ «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը տեղի ունեցածը հանցագործություն որակեց եւ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի հանդեպ վանդալիզմը շարունակվում Է: Նախաձեռնության անդամները շենքի ապագայի նկատմամբ սրտացավ քաղաքացիներին ժամը 11-ին հավաքեցին շուկայի դիմաց: Ստեղծված իրավիճակից վրդովված՝ մի խումբ քաղաքացիներ, որոնք արդեն իսկ հավաքվել են «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնության ներքո, փորձում էին պարզել, թե ինչ իրավական հիմքեր կան շուկան քանդելու համար, իսկ այդ ժամանակ տեղի բնակիչներն էլ իրենց հերթին դուրս եկան ընդդեմ ակցիայի մասնակիցների:
Հարակից շենքերի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, թե ուրախ են, որ Փակ շուկան քանդում են, քանի որ, ըստ նրանց, վերջապես տարածքը կազատվի աղբավայրից, եւ մյուսների պես իրենք էլ կօգտվեն բարեկիրթ առեւտուր անելու հնարավորությունից: «90-ականներից հետո այստեղ էլ շուկա չկար: Ավելի լավ է քանդեն, վերացնեն, տուրիստն էլ գա լավ զգա, բնակիչներն էլ լավ զգան: Եկե՛ք տեսեք՝ ինչ է այստեղ կատարվում, ամբողջ տարածքն առնետներով է լցված»,-բողոքեցին բնակիչները:
Ակցիայի մասնակիցների եւ տեղի բնակիչների մեջ կոնֆլիկտ էր հասունանում: «Արա՛, ճիշտ են ասում, որ դուք շառլատան եք»,-ակտիվիստներին դիմեց բնակիչներից մեկը: Բողոքի ակցիայի մասնակիցներն էլ բնակիչների հակաակցիան որակեցին ծախվածություն: «Շուկայի շենքն առնողը գնել է սրանց, ծախվածնե՛ր»,-բացականչում էին նախաձեռնության մասնակիցները: Քանդմանը դեմ քաղաքացիները փորձեցին բնակիչներին բացատրել, որ գուցե ընդամենը պետք է պահանջել իշխանություններից ոչ թե քանդել, այլ վերանորոգել եւ տարածքը մաքուր պահել:
«ՎԱՆ» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Հասկանում եմ տեղի բնակիչներին, որ այստեղ հակահիգիենիկ վիճակ է, բայց հասկացե՛ք, չպետք է թույլ տանք, որ հուշարձանը քանդեն: Ես համոզված եմ` նրանք, ովքեր համաձայն են, որ այն քանդվի, քանդողի կողմից (հիշեցնենք, որ շուկայի տարածքը գնել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը-Ք.Մ.) փողով գնվել են, առած են այս բնակիչները»:
Ակցիայի մասնակիցները, շուրջ 4 ժամ մնալով շուկայի տարածքում, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ «Հաղորդում հանցագործության մասին» նամակով դիմեցին ոստիկանություն: Իսկ ներկաները սկսեցին ստորագրահավաք, որին միացավ շուրջ 58 քաղաքացի:
ԱԿՑԻԱ ԵՎ ՀԱԿԱԱԿՑԻԱ` ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՐՑՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ