ՋԵՐՄՈՑՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄՏՆՈՒՄ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԱՇՏ
Հայաստան ներկրվող լոլիկի, վարունգի, ինչպես նաեւ գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել: «Ջերմատնային ասոցիացիա»-ի տնօրեն Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարեւանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունն էլ է դադարեցվել: Փոխարենը շարունակում են «ծաղկել» նորաբաց ջերմոցային տնտեսությունները, որոնք ավելի խոշոր են եւ մեծածավալ արտադրանք են տալիս ու հեշտությամբ գազի գինը վճարում: Իսկ թե ովքեր են խոշոր ջերմատերերը, դժվար չէ պատկերացնել. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը (բնականաբար, միջնորդավորված) եւ մեզ հայտնի շատ գործարարներ: Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից՝ նախորդ տարվա 3.312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի 11. 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Ուկրաինա: Բացի այդ, շեշտակի հարստություն են դիզում նաեւ բանջարեղենի եւ մրգի ներկրմամբ զբաղվողները. իսկ գյուղացին աղքատանում է ու աղքատանում: Ահա Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը. մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների գերակշիռ մասը հերթով փակում է ձեռնարկությունները: Նրանց մի մասն արտագաղթում է, մի մասն էլ՝ շարունակում է Հայաստանում՝ մի կերպ իր գոյությունը քարշ տալով:
Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է ընդամենը 2.4 տոկոս: Ընդ որում, լուրջ անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում. այստեղ ցուցանիշը նվազել է բավականին կտրուկ` միանգամից 4.1 տոկոսով: Նշենք, որ մինչեւ հիմա իշխանություններին հաջողվում էր արդյունաբերական արտադրանքի ծավալների հաշվին ապահովել ցանկալի թվանկարչություն, հիմա` նույնիսկ դա չկա: Եվս մեկ կարեւոր հանգամանք. 1.2 տոկոս աճ է արձանագրվել շինարարության ծավալներում, ու սա այն դեպքում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս ոլորտը համարել էր փուչիկ: Ի դեպ, նվազել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները` 5.8 տոկոսով, ընդ որում, 3.2 տոկոս նվազել են արտահանման, եւ 6.7 տկոսով` ներմուծման ծավալները:
Պարզվում է` ոչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չեն տիրապետում Հայաստանում կենսաթոշակառուների թվին: Նախօրեին կառավարության նիստում նրանց «բեմադրած» երկխոսության ժամանակ Տ. Սարգսյանն ասել էր. «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին»: Իսկ նախարարը խոսել էր 560 հազար թոշակառուի մասին: Այնինչ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կենսաթոշակառուների բոլորովին այլ թիվ է հրապարակել. 2014թ. տարեսկզբին ՀՀ-ում եղել է 515 հազար 340 կենսաթոշակառու: Ասել է թե՝ պաշտոնյաների հրապարակած թիվը 34-44 հազարով ավելի է պաշտոնական՝ ԱՎԾ տվյալներից: Ի դեպ, շատերը կհիշեն, թե ժամանակին Վազգեն Խաչիկյանն ինչպես էր ուռճացրել կենսաթոշակառուների թիվը, թոշակ էր տալիս գոյություն չունեցող մարդկանց: Փաստորեն, վարչապետն ու նախարարը եւս բռնել են նույն ճանապարհը:
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` մարտի 19-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացրել էր armlur.am-ը, Հովհաննիսյանն ու Զախարյանը քաղաքացի Գագիկ Վարդանյանին խաբել են, թե «3900 դոլար տուր եւ տղադ բանակ չի զորակոչվի»: Սակայն իրականում Գագիկի որդին ամուսնացած է եղել եւ ունի երկու երեխա: Այսինքն՝ համաձայն օրենքի՝ նա չի կարող բանակ զորակոչվել: Այս առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է: Հիշեցնենք, որ նրան պաշտոնանկ արեցին, քանի որ ոստիկանության զենք-զինամթերքը գաղտնի վաճառել էր:
ԱՌԱՆՑ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Եթե մինչեւ Պուտին-Սարգսյան նախօրեի հեռախոսազրույցը ՀՀ իշխանությունների որդեգրած չեզոք պահվածքը ողջունվում էր Հայաստանի ողջ քաղաքական դաշտի կողմից, ապա երեկվանից սկսած` Սերժ Սարգսյանի կողմից Ղրիմի հանրաքվեի, ըստ էության, ողջունումն առաջ բերեց քննադատության եւ մտահոգությունների ալիք: Թեեւ հարկ է նկատել, որ այդ հարցում ընդդիմադիր դաշտում առանձնապես մեծ դիմադրություն չկա: Ավելին` ՀԱԿ-ը երեկ շտապեց գնահատել Ղրիմի հանրաքվեն որպես «Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտության» դրսեւորում եւ, ըստ էության, ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ մնացած քաղաքական ուժերն էլ, բացառությամբ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի, այս հարցում, կարծես թե, առայժմ չեն շտապում ընդգծված տեսակետներ արտահայտել:
Մինչդեռ սա այն հարցն է, որն անմիջապես պրոեկտվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Առավել եւս` որ ԼՂՀ խորհրդարանն իր հայտարարությամբ, փաստորեն, Ղարաբաղի ինքնորոշման պայքարն ու բազում զոհերի գնով ձեռքբերված հաղթանակը նույնացրեց Ղրիմի բռնակցման հետ:
Եվ ահա այս իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ Ղարաբաղի ճակատագրի համար կարեւորագույն որոշումների կայացման գործընթացում ընդհանրապես օտարված է ոչ միայն հանրությունը, այլեւ ողջ քաղաքական դաշտը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի համար վճռորոշ խնդիրների շուրջ որոշումներ կայացնելիս Սերժ Սարգսյանը չի խորհրդակցում ոչ միայն ՀՀ ազդեցիկ քաղաքական ուժերի, այլեւ սեփական կուսակցության հետ: Թե՛ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության, թե՛ Ղրիմի հարցով դիրքորոշման դեպքում Սերժ Սարգսյանը, փաստորեն, կայացրեց միանձնյա որոշումներ եւ առանց որեւէ խոչընդոտի դրանք փաթաթեց ժողովրդի ու քաղաքական բացարձակապես բոլոր ուժերի վզին:
Եվ որքան որ վտանգավոր է Սարգսյանի որոշումներին քիչ թե շատ հակազդելու ունակ քաղաքական ընդդիմության բացակայությունը, նույնքան վտանգավոր է Ս. Սարգսյանի կողմից այդ ուժերի հետ թեկուզ ձեւականորեն հաշվի չնստելու` վերջին շրջանի գործելաոճը: Մինչդեռ նախկինում նա նման կարեւոր հարցերի (ինչպես օրինակ` հայ-թուրքական արձանագրությունների) շուրջ ՀՀ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում էր քննարկման Մարզահամերգային համալիրում, կամ էլ` առավել ազդեցիկ խորհրդարանական ուժերի հետ փակ խորհրդակցություն էր անցկացնում նախագահականում:
Իսկ հիմա, փաստորեն, դրա անհրաժեշտությունն էլ չկա. Վլ. Պուտինը Ս. Սարգսյանին անգամ նման ֆորմալ խորհրդակցությունների իրավունքից է զրկել: Նա, այլեւս, պետք է հանձնվի շատ արագ եւ առանց սեթեւեթանքների, անհրաժեշտության դեպքում` նաեւ հեռախոսով: Ըստ որում` սեփական նախաձեռնությամբ: