Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակներում Երևան այցելած ԱՄԷ Ֆուջեյրայի էմիրության դատարանի նախագահ Մոհամադ Սայեդ Ալ Դհանհանիի և Ֆուջեյրա քաղաքի քաղաքապետ Մուհամադ Ալ Աֆկամի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հյուրերին համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ:
«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, կարևոր է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն Մոհամադ Սայեդ Ալ Դհանհանի, ակնկալում եմ, որ Ձեր և Ֆուջեյրա քաղաքի իմ գործընկերոջ աջակցությամբ փոխշահավետ համագործակցություն կհաստատենք նաև Երևանի և Ֆուջեյրայի միջև», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով Ֆուջեյրայի Էմիրության շեյխ Համադ բին Մոհամեդ Ալ Շարքիի ջերմ ողջույնները՝ Էմիրության դատարանի նախագահ Մոհամադ Սայեդ Ալ Դհանհանին իր հերթին վստահեցրել է, որ Ֆուջեյրայի քաղաքապետի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և Ֆուջեյրայի միջև հաստատվի արդյունավետ փոխգործակցություն:
Քաղաքապետ Մուհամադ Ալ Աֆկամն էլ, ներկայացնելով Ֆուջեյրայի կառավարման համակարգն ու իր մոտեցումները, նշել է, որ իրենք ևս պատրաստակամ են երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում՝ նկատելով, որ իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ:
«Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ կողմից ևս կանեմ հնարավորը, որպեսզի արդեն առաջիկայում մենք հստակ ծրագրերի կյանքի կոչման շուրջ քննարկումներ ունենանք: Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ Ֆուջեյրա, ինչը վստահաբար լավ հնարավորություն է մեր հարաբերություններին գործնական ընթացք տալու համար», – նշել է Ֆուջեյրայի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և Մուհամադ Ալ Աֆկամին շնորհավորելով Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործընկերոջը մաղթել է հաջողություններ պատասխանատու այդ պաշտոնում ևս: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ փոխադարձ այցով կլինի Ֆուջեյրայում և առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք համագործակցության համար կնախանշեն հստակ ուղղություններ ինչպես քաղաքային տնտեսության կառավարման հարցում փորձի փոխանակման, այնպես էլ ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների վերաբերյալ: