Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փակ շուկայի խնդրին, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաեւ իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 Փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից եւ փլուզումից խուսափելու նպատակով:
Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը:
Եզրակացության եւ ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»:
ԴԵՌ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ