Տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:

Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գ.Գրիգորյանը տեղեկատվություն է ներկայացրել մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների կողմից տարվող աշխատանքների և խնդիրների վերաբերյալ:
Մարզային փրկարարական վարչության պետն անդրադարձել է այս ասպարեզում կազմակերպվող գործընթացներին, առաջիկա ծրագրերին և մարզի համայնքների կողմից համապատասխան գործառույթների իրականացման մանրամասներին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վ. Գալոյանն անդրադարձել է մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքներին և գործընթացի կազմակերպման ընթացքում արձանագրված ընդհանրական բնույթի թերացումներին:
Մարզի խորհրդի օրակարգի շրջանակներում 2014 թվականի գյուղատնտեսական տարին է ամփոփել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը` մանրամասնելով տարվա ընթացքում մարզում իրականացված բերքահավաքի և աշնանացանի աշխատանքների կատարման ցուցանիշներն ու հիմնական իրողությունները:
Մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրների և առաջիկա անելիքների մասին մարզի խորհրդի անդամներին ամփոփ տեղեկատվություն է տրամադրել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը:
Մարզխորհրդի նիստում քննարկվել է նաև մարզում իրավախախտ անչափահասների հետ տարվող կանխարգելման աշխատանքների, այս ասպարեզում հիմնական գործառույթներ ունեցող կառույցների համագործակցության և առկա խնդիրների վերաբերյալ հարցը, որը ներկայացրել է մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Պետրոսյանը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանը մարզի խորհրդի նիստի օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 2014թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ և ներկայացրել համայնքների բյուջեների կատարողական ցուցանիշներն ըստ տարբեր հարկատեսակների:
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը մարզի խորհրդի նիստի ավարտին ներկայացրել է նաև մարզպետի նորանշանակ խորհրդականներ և օգնականներ Դավիթ Իվանյանին, Անդրանիկ Գևորգյանին, Արտակ Գրիգորյանին և Ավետիք Բադալյանին, ովքեր իրենց գործունեությունն են ծավալելու համապատասխանաբար մարզի Հրազդանի, Եղվարդի, Չարենցավանի ու Աբովյանի տարածաշրջաններում:
Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը կարևորել է օրակարգային հարցերի քննարկման և վերլուծության արդյունքում նախանշված հրատապ գործընթացների ուղղությամբ համայնքների կողմից համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:




Լրահոս