ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՄԱՅԻՍԻՆ

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օֆշորային հայտնի սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը շատ է ցանկանում վերադառնալ Հայաստան. պարզապես: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարարը Հայաստանում կլինի մայիս ամսին, եւ ըստ նրա հարազատների՝ բոլորը կիմանան, թե ով ով է:

Նշենք, որ շուրջ 7 ամիս հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանին վերջապես հաջողվել էր ձերբակալել Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան էր ժամանել:

Որտեղի՞ց սկսվեց այդ ամենը
hetq.am-ը բացահայտել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը: Նշված ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Ըստ հրապարակման՝ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:
Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չէր կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին: Արդյունքում գործարար Փայլակ Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ճանաչվել տուժող:
Վերը նշված վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Հեքիաթներն ու իրականությունը
Եվ այսպես, մինչ ոստիկանությունը շարունակում է քննությունը, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հայտարարեցին, թե իրենք որեւէ կապ չունեն օֆշորում գրանցված ընկերության հետ:
Իսկ ահա գործարար Սուքիասյանը hetq.am կայքի միջոցով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նամակ էր գրել՝ հայտնելով, թե այդ կազմակերպության հիմնադիրն ինքն է. «Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից»:
Սակայն գործարարի այս հայտարարությանը հավատացողների գլխին սառը ջուր լցրեց Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը՝ ասելով, թե Կիպրոսում հնարավոր չէ որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել՝ առանց տվյալ անձի թույլտվության:
Թե ինչ ընթացք կստանա այս պատմությունը Աշոտ Սուքիասյանի կալանավորումից հետո, դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի քաղաքական կնքահայր Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի մտերիմ Գագիկ Համբարձումյանը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետը, իբրեւ թե զբաղված է Տ. Սարգսյանի եւ օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունները համադրելով, փորձաքննելով: Ու այս 8 ամսվա ընթացքում այդպես էլ չի կարողանում հասկանալ՝ փաստաթղթերի տակ վարչապետի ստորագրությունն է դրված, թե՞ այլ մարդու:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը 2014թ. ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձել էր պարզել, թե ինչ փուլում են գտնվում օֆշորային սկանդալի հետ կապված Ա. Սուքիասյանի եւ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի ստորագրությունների համադրման աշխատանքները:
«Ժողովուրդ»-ի հարցին ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել էին. « 2014 թ. հունվարի 20-ին եւ փետրվարի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Կիպրոսի իրավապահ մարմիններին են ուղարկել հիշեցումներ միջնորդության կատարման ընթացքի վերաբերյալ: Կիպրոսի Հանրապետությունից, ի պատասխան հայկական կողմի 3 գրությունների, դեռ որեւէ արձագանք չի ստացվել»: Այսինքն՝ մինչ օրս հայտնի չէ, թե արդյոք փորձաքննության ուղարկված Սարգսյանի եւ Կճոյանի ստորագրությունները համընկել են օֆշորային փաստաթղթերի տակ դրվածների հետ:

 

Նախարարները խուսափում են
Իսկ ի՞նչ են մտածում այս մասին ՀՀ կառավարության անդամները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, թե այդ հարցը իրեն չպետք է տանք, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ասաց. «Հետո», Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը լսելով հարցը չցանկացավ պատասխանել, իսկ ահա տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, թե իրենց չառնչվող հարցերին ինքը չի պատասխանում: Միայն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասախանեց, թե չի հավատում, որ նման բան կա։

 

Ո՞վ է նրա թիկունքին
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Աշոտ Սուքիասյանը մայիս ամսին կլինի Հայաստանում: Ավելին՝ այն լուրերը, թե նա չի ցանկանում Հայաստան գալ, չեն համապատասխանում իրականությանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Սուքիասյանը տրանզիտի ճանապարհով Վրաստանից պետք է վերադառնար Հայաստան, սակայն Վրաստանում ձերբակալեցին: Աշոտ Սուքիասյանի մերձավորների շրջանում վստահ են, որ Փայլակ Հայրապետյանը շատ մեծ թիկունք ունի, որ կարողացել է այս ամենը սարքել Սուքիասյանների գլխին: Իսկ թե ով է Փայլակ Հայրապետյանի թիկունքը՝ Սուքիասյանների հարազատներին դեռ անհայտ է:
Սա դեռ վերջը չէ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս սկանդալային պատմության ի հայտ գալուն պես Աշոտ Սուքիասյանի որդուն` Էդգար Սուքիասյանին, հրավիրել են ոստիկանություն եւ հետաքրքրվել, թե որտեղ է իր հայրը, սակայն վերջինս ասել է, թե տեղյակ չէ:
Ինչեւէ, գործարար Աշոտ Սուքիասյանի ընտանիքը սպասում է նրա վերադարձին, որից հետո բոլորն էլ կիմանան իրականությունը:
Իսկ ահա Փայլակ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իր թիկունքը միայն ճշմարտությունն է, եւ եթե ինքը թիկունք ունենար ոչ ոք չէր կարող իրեն խաբել:
Սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԴԱՏԱՐԱՆԸ

«Ժողովուրդ»-ը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանն ամեն կերպ փորձում է ազատվել իր համար անցանկալի աշխատակիցներից: Մասնավորապես մանկապարտեզի տնօրենն աշխատանքից հեռացրել էր սպանված նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի թիմակիցներին: Իսկ ահա այս տարվա հունվար ամսին բացակայությունների համար աշխատանքից հեռացրել էր մանկապարտեզի մանկավարժուհի Արմինե Պետոյանին:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նախկին գյուղապետի թիմակից Արմինեն այս մեկ ամսվա ընթացքում ձեռնունայն չի նստել եւ դիմել է Առողջապահության նախարարության աշխատանքային տեսչություն, որտեղ նրան պատասխանել են, թե անօրինական կերպով են իրեն հեռացրել աշխատանքից: Այսպիսով, Արմինե Պետոյանը պատրաստվում է դիմել դատարան իր իրավունքները վերականգնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Ճիշտ է, մենք հիմա մեր դարդը թողած, ուրիշի դարդն ենք լացում, բայց, ուզենք թե չուզենք, պետք է անդրադառնանք, քանի որ այդ պատժամիջոցներն ազդելու են մեզ վրա»:

Վարդան Այվազյան Armlur.am
Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ական պատգամավորը հույսով է, որ Ռուսաստանի Դաշնության վրա կիրառվող պատժամիջոցները «կազդեն» Հայաստանի վրա, քանի որ սա առաջին նման կարծիքը չէ, որ հնչում է ՀՀԿ-ականների կողմից: Այսինքն, եթե չազդեն էլ, շատ հարմար կլինի ներկայացնել՝ իբրեւ թե ազդում են, եւ դա կդառնա հերթական պատրվակը երկիրը մի փոքր էլ թալանելու համար: Նաեւ այդպես կարդարացվեն հերթական թանկացումները: Դե իհարկե, ամեն ինչ կարելի է բարդել Ռուսաստանի վրա: Եվ, բնավ, կարիք կլինի զարմանալու, եթե նման պատժամիջոցների «ազդելու» դեպքում մի շարք իշխանավորներ է՛լ ավելի հարստանան:

 

«Դա լուրջ խթան կդառնա ծառայությունների որակը բարելավելու, մրցակցային առողջ դաշտ ստեղծելու գործում»:

Դերենիկ Դումանյան 1in.am
Առողջապահության նախարարը նկատի ունի առողջապահական հիմնարկների վարկանշային մակարդակների սահմանման գործընթացի իրականացումը, նաեւ առաջարկել է բուժաշխատողների՝ արդեն մշակված էթիկական կոդեքսն ուղարկել մասնագիտական ասոցիացիաների քննարկմանը: Փաստորեն, նախարարությունն անզոր է բուժհաստատություններում նորմալ սպասարկում իրականացնելու հարցում, դրա համար էլ հույսը դրել է ինչ-որ ծրագրերի իրականացման վրա: Հայաստանի բուժաշխատողների սպասարկումից այցելուները միշտ էլ դժգոհ են եղել: Իսկ նախարարությունը խիստ միջոցներ ձեռնարկելու փոխարեն անպտուղ ծրագրեր է իրականացնում:

 

 

«Մեզ մոտ երբեւէ չի բարձրացվել այն հարցը, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Ես ինքս ընտրել եմ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրությունների ժամանակ եւ համաձայն չեմ այն մտքին, որ ամեն ինչում մեղավոր է երկրի նախագահը»:

Զոհրաբ Զոհրաբյան 1in.am
Բա ո՞վ է մեղավոր, ըստ բարգավաճահանրապետական տրամաբանության` միայն վարչապե՞տը: Բայց չէ որ բոլորս էլ հասկանում ենք, որ մեր երկրում վարչապետը, մեղմ ասած, կախում ունի նախագահից, եւ ոչինչ չի կարող անել առանց «վերեւի» համաձայնության: Հետեւաբար նախկին ՀՀԿ-ական եւ ներկայիս ԲՀԿ-ականն արդեն հիմնավոր հաստատում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ իշխանություններին ծառայություններ մատուցելու իրողությունը: Երիցս ճիշտ էր Սամվել Նիկոյանը, երբ ասում էր, որ այլընտրանքային ԲՀԿ-ն իրենց գործընկերն է եւ երբ ինչ ասեն, սիրով կանի:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս