ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՈՂՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Հակասեմիտականությունը Հայաստանում դարձել է քաղաքական պայքարի զենքերից մեկը՝ հատկապես անկախ պետականության վերականգնումից հետո: Միջազգայնորեն դատապարտելի նման կեցվածքը գրավում է նաեւ օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը, ինչպես, օրինակ, ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի: Վերջինիս` ԱՄՆ պետդեպին ուղղված ՀՀ իշխանությունների կողմից օժանդակվող հակահրեականության վերաբերյալ զեկուցագիրը հրապարակայնացրել է «Վիկիլիքսը»: Դիվանագետը պատմում է այն մասին, թե կոնկրետ ինչպես է դրսեւորվում այդ երեւույթը, ովքեր են հրահրողներն ու ինչպիսի բացասական դերակատարություն ունի այն:

Փենինգտոնը նախ եւ առաջ ներկայացնում է, որ ռուսալեզու «Գոլոս Արմենիի» եւ հայալեզու «Հայոց աշխարհ» թերթերը հակասեմիտական բնույթ կրող մեղադրանքների առաջամարտիկներն են: Դիվանագետի տեղեկություններով՝ երկու պարբերականներն էլ հովանավորվում են Սերժ Սարգսյանի կողմից, իսկ անցյալում երկուսն էլ սերտ կապեր են ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ, որը սույն փաստաթղթի ստեղծման պահին հանդես էր գալիս որպես կոալիցիոն կուսակցություն: ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարը մասնավորեցնում է, որ մեղադրանքներով լեցուն բազմաթիվ խայթողական հոդվածներ են լույս տեսել այդ թերթերում՝ գլխավորապես ընդդեմ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ում ներկայացրել են որպես դավաճանի՝ պնդելով, թե նա հավատարիմ կապերի մեջ է Իսրայելի ու մասոնական օթյակների հետ: Փենիգնտոնն ուշադրություն է հրավիրում նշված երկու թերթերում տպագրված մի հոդվածի վրա, որում Տեր-Պետրոսյանին մեղադրում են հրեաներից 100-200 միլիոն ԱՄՆ դոլար խնդրելու մեջ: Հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուղղակի անարձագանք է թողել այդօրինակ հրապարակումները, մինչդեռ տրամաբանական կլիներ, որ նման վիթխարի գումարների մասին հիշատակումների հեղինակներին հրավիրեին դատախազություն եւ հիմնավորումներ պահանջեին: Ի վերջո, եթե իշխանամետ թերթերի գրածները ճշմարիտ են, ապա Հայաստանում օտար կազմակերպությունների միջոցով փաստացի վնասարարություն, եթե ոչ հանցագործություն է տեղի ունեցել: Հակառակ դեպքում՝ զարմանալի է, թե ինչո՞ւ են իրավապահ մարմինները կենտրոնանում միայն ընդդիմադիր թերթերի՝ կոնկրետ հղում ունեցող տեղեկությունների վրա, բայց «անուշադրության» մատնում իշխանական լրատվականների «գերհիմնավոր հաղորդումները»: Իսկ միգուցե Հայաստանի իրավապահ մարմինները լավ էլ տեղյակ էին, թե ինչու եւ ում կողմից են արվում այդ հրապարակումները, որոնց գերագույն նպատակը ընդդիմությանը սեւացնելն էր:
Ինչեւէ, Փենինգտոնը փաստաթղթում հավելում է, որ հոդվածի հեղինակի հարձակման թիրախում է եղել նաեւ Տեր-Պետրոսյանի կինը, ով ազգությամբ հրեա է, եւ ում մեղադրում էին իր ամուսնու ու մասոնական կառույցների կապը ապահովելու մեջ: Հոդվածագրի մեկնաբանությամբ՝ հրեական ազդեցիկ ներկայացուցիչները պիտի Տեր-Պետրոսյանի քայլերն ուղղորդեին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հունով: Այդ կապակցությամբ արժե հիշատակել, որ նախագահության ստանձնումից անմիջապես հետո այդ ճանապարհով գնաց հե՛նց Սերժ Սարգսյանը: Ուստի հոդվածագիրը, իր իսկ տրամաբանությանը հետեւելով, պիտի պատասխանատվություն ցուցաբերեր առնվազն ընդունելու, որ Սերժ Սարգսյանին հրեաները տարել են իրենց ցանկալի ուղիով ու ազդում են նրա վրա, կամ էլ հենց նա է իրականում ակտիվորեն համագործակցում այդ «մութ մասոնների» հետ: Հետաքրքրական է, սակայն, որ նույն այդ իշխանական հոդվածագիրները ջերմեռանդորեն պաշտպանում էին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իշխանական քաղաքականությունը:
Փենինգտոնը նկատում է, որ Հանրային հեռուստատեսությունն էլ իր հերթին էր ակտիվորեն ներկայացնում վերոհիշյալ թերթերի հոդվածները՝ շեշտը դնելով Տեր-Պետրոսյանին սեւացնելու վրա: Ամերիկացի դիվանագետի աչքից չի վրիպել, որ իշխանության այսօրինակ խոսնակները չէին վարանում անգամ հայ երգչուհի Սիրուշոյի՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում 4-րդ տեղը գրավելու մեղքը բարդել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Փաստաթղթում դիվանագետը հիշատակում է նաեւ իշխանական լրատվամիջոցների տարբեր այլ հարձակումներն ընդդիմության նկատմամբ, ինչպես նաեւ արձանագրում բարձրաստիճան իշխանավորների լռությունն այս հարցում:
Փաստաթղթի վերջում Փենինգտոնը հանդես է գալիս մեկնաբանությամբ, որը հարկ ենք համարում ամբողջությամբ մեջբերել. «Հակասեմիտիզմի՝ որպես քաղաքական զենքի ի հայտ գալը Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե նոր է: Այն օգտագործվում է պրո-իշխանական տպագիր մամուլի կողմից եւ ավելի մեծ մասսաներին հաղորդվում Հանրային հեռուստատեսության միջոցով: Ենթադրելի է, որ սա թույլատրվում է եւ նույնիսկ հրահանգվում ներկայիս իշխանությունների կողմից, ովքեր սա օգտագործում են ընդդիմության առաջնորդին թուլացնելու նպատակով՝ ամրացնելով իրենց դիրքերը: Նման երեւույթն այն երկրում, որը չունի հակասեմիտական պատմություն, նույնիսկ քաղաքական նպատակներով պատճառաբանված, վտանգավոր է ու անպատասխանատու»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 
ԹԼԻԿՈՒՄ ՋՈՒՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ համայնքի բնակիչներն արդեն չորս տարի է՝ ջուրը գնում են: Նրանք 40 լիտր ջրի համար վճարում են 300 դրամ: Այս եւ այլ խնդիրների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Թլիկ համայնքի ղեկավար Ֆայզո Մատոյանի հետ:

-Թլիկը քանի՞ բնակիչ ունի:
-20 ընտանիք՝ 160 բնակիչ:
-Մի՞շտ է այդքան քիչ եղել ընտանիքների թիվը:
-Չէ, նախկինում՝ մի քանի տարի առաջ, 80 ընտանիք կար գյուղում:
-Ինչի՞ պատճառով են մարդիկ հեռանում գյուղից:
-Ջուր չունենալու: Ո՛չ ոռոգման ջուր ունենք, ո՛չ էլ՝ խմելու:
-Բա ինչպե՞ս եք ապրում:
-Դե, խմելու ջուրը Արագածավանից ցիստեռով բերում են, գնում ենք: 40 լիտրը՝ 300 դրամ: Ամեն 5 կամ 6 օրը մեկ բերում են, մենք էլ գնում ենք:
-Գոնե կարողանո՞ւմ են ամեն շաբաթ ջուր գնել:
-Դե, խմելու համար առանձնացնում են: Բայց անասունների համար Ախուրյան գետի վրա մենք պոմպ ենք դրել եւ դրանով հանում ենք:
-Ջրի հարցով ո՞ր կառույցին եք դիմել:
-Դիմել ենք ամեն տեղ: Հիմա խոսակցություններ կան, որ հնարավոր է առաջիկայում խորքային հոր փորենք: Տեսնենք:
-Քանի՞ տարի է, ինչ ջուրը գնում եք:
-Չորս տարի է: Իսկ նախկինում Ախուրյան գետից էինք բերում ու խմում, որը որ մաքուր չէր:
-Ինչո՞վ են զբաղվում, եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Անասնապահությամբ, բայց ավելի շատ ոչխար են պահում, որի կաթն էլ վաճառում են: Արտագնա աշխատող էլ չունենք: Գյուղում միայն ծերեր են մնացել, իրենք էլ ուր գնան:
-Ջրի պատճառով նաեւ հողագործությամբ չեք զբաղվում, այո՞:
-Անջրդի են լրիվ տարածքները: Անձրեւի հույսին ենք:
-Ցորեն, գարի էլ չեք ցանո՞ւմ:
-Եթե անձրեւ եղավ՝ բերք կստանանք, եթե ոչ՝ չենք ստանա: Ցանում ենք ու Աստված կանչում: Ինչ եղավ, եղավ…
-Անցյալ տարի Ձեզ լսե՞ց Աստված, բերք ունեցա՞ք:
-Անցյալ տարի լավ էր, բերք ստացանք: Անձրեւ եկավ: Ի՞նչ անենք: Ուրիշ ճար չկա:
-Իսկ Դուք չե՞ք ուզում գնալ:
-Չէ, ես էլ եմ արդեն ծեր, ո՞ւր գնամ:
-Իսկ այս հարցով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Արագածոտնի մարզպետարան դիմե՞լ եք:
-Դիմել ենք, դիմել: Պատասխանել են, որ անջրդի են այստեղի հողերը: Հնարավորություն չկա ջուր քաշելու:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 
ՄԱՐԶԵՐ

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Բանակում զինվորների սննդի որակի, զինծառայողների սնվելու պայմանների հիմնահարցն արդիական է: Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարության հանձնախումբը ստուգումներ է կատարել «Վանաձորի ԴՈՒՑ» անունով հայտնի զորամասում: Այդ ստուգումների արդյունքում զորամասի ճաշարանում սանիտարահիգիենիկ պայմանների մեծ խախտումներ են բացահայտվել։ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին` պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ խախտումների վերացման ուղղությամբ: ՊՆ մամլո խոսնակը տեղեկացրեց, որ պատիժներ են կիրառվել այդ զորամասի թիկունքի պետի, սննդի ծառայության պետի, ճաշարանի պետի եւ զորամասի բժշկի նկատամբ: Թե կոնկրետ ինչ պատիժներ են կիրառվել, Ա.Հովհաննիսյանը չցանկացավ մանրամասնել՝ հավելելով, որ նման խախտումներ թույլ տված զինվորական պաշտոնյաների նկատմամբ նախկինում էլ կիրառվել են պատժամիջոցներ, ինչն, անհրաժեշտության դեպքում, կշարունակվի նաեւ ապագայում:

 
ՀԱՐԿԱԴՐԵԼ ԵՆ ՄՈՒԾԵԼ

Մարտի 19-ին Տավուշի մարզպետարանում «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը կազմակերպել է սեմինար-քննարկում, որն անցկացվել է Տավուշի մարզպետարանի եւ «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսներ» ծրագրի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետարանի, զբաղվածության պետական ծառայության գործակալության, մարզի առողջապահական հիմնարկների հաշվապահներ: Ներկայացվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, պարզաբանումներ են տրվել կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ: Հայտարարվել է, որ այդ ֆոնդերի կառավարիչները ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընտրված եւ լիցենզավորված համաշխարհային առաջատար ընկերություններ են եւ ամբողջ աշխարհում կառավարում են բազմամիլիարդանոց ակտիվներ: Սեմինարի ընթացքում պարզաբանվել է, թե համակարգի մասնակիցները երբ եւ ինչ ձեւով կստանան կուտակային կենսաթոշակը: Սեմինարի մասնակիցներին բաժանվել են կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ որոշումներ: Իսկ մինչ մարզպետարանում բացատրական սեմինար է կայանում, մարզի համայնքապետարաններին հարկադրում են կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ կատարել: Ջուջեւանի, Ոսկեպարի եւ Պտղավանի համայնքապետարանների աշխատակիցների համար կուտակային հիմնադրամին մուծումներ չեն կատարվել: Պտղավանի համայնքապետարանի աշխատակիցները փետրվարի աշխատավարձը չեն ստացել, իսկ մյուս երկու համայնքապետարանները, հաշվի առնելով կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, այդ համակարգին մուծումներ չեն կատարել: Տավուշի մարզպետարանից զանգահարել են այդ համայնքապետարաններ, հարցրել, թե ինչու համակարգին մուծումներ չեն կատարել: Ապա ՀՀ ֆինանսների նախարարությունից համայնքապետարաններ հրահանգ եւ հաշվեհամար է ուղարկվել՝ անհապաղ մուծումները կատարելու պահանջով: Փաստորեն` դեռ ՍԴ-ի որոշումը չկա, սակայն համայնքապետարաններին պարտադրում են մուծումներ կատարել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս