ՍԽԱԼ Է ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԲԱԺԱՆԵԼ ԺԱՆՐԵՐԻ
Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը համոզված է, որ հայ երգարվեստն արդեն քսան տարի է՝ այն վիճակում է, ինչ որ հիմա է։ Որոշակի «ցիվիլիզացիայի» է ենթարկվել, բայց խոսքի եւ իմաստի առումով ոչինչ չի փոխվել։ Իհարկե, կան երգեր, որոնք ասելիք ունեն, բայց, օրինակ, հեռուստաընկերությունները դրանք շատ քիչ են ներկայացնում։
-Երբ զրուցում ես այդ հեռուստաընկերությունների տերերի հետ, ասում են, որ անձամբ իրենք լավ երգեր են լսում, բայց ստիպված գովազդում են վատը, քանի որ հասարակությունը դա է ուզում։ Ես դեմ եմ դրան, որովհետեւ մեր հասարակությունն ավելի լավն է, քան մենք կարծում ենք, ու եթե լավը ներկայացնենք, դա ավելի լավ կընկալի, քան մենք պատկերացնում ենք։ Եթե հիմա որեւէ ապրանքանիշ, որը շատ է գովազդվում, ասենք, «Կոկա-կոլա»-ն կամ որեւէ ֆիրմային պամպերս համերգ կազմակերպի, անպայման դահլիճը կլցվի. գովազդված է։
-Բայց չէ՞ որ հենց նման գովազդված երգիչների համերգներին ասեղ գցելու տեղ չի լինում, եւ բացի այդ` մարդիկ պարզապես տուն են պահում։
-Ընդհանրապես աշխարհը բաժանված է երկու տեսակի մարդկանց խմբերի՝ աշխարհը շալակած տանող եւ աշխարհի շալակին ելած։ Առաջինների համար աշխարհի հոգսն իրենցն է, իսկ երկրորդներն ավելի շատ պահպանում են իրենց կենսաբանական գոյությունը, ինչի համար երբեք որեւէ մարդկային հատկանիշ էական չէ, միտքը, իմաստը, սիրտը եւ հոգին պարտադիր պայմաններ չեն։ Նրանք թքած ունեն դիմացինի ցավի, ապրումների վրա։ Արվեստում՝ մասնավորապես երգարվեստում էլ վիճակը նույնն է։ Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր երգարվեստում հեշտությամբ են գումար վաստակում։ Ընդ որում, նրանց թվում կան մարդիկ, ովքեր նաեւ լավ գիտեն բարձրարվեստ երգի արժեքը, սակայն, քանի որ իրենց վատ երգի համար են վճարում, հո չե՞ն կարող իրենց ապահով կենցաղից, բարեկեցիկ կյանքից հրաժարվել հանուն, այսպես ասած, բարոյական, լավ երգի։ Այսինքն՝ լավ երգեն, բայց վա՞տ ապրեն։ Ես այս դեպքում ոչ թե երգիչներին եմ մեղադրում, այլ նրանց, ովքեր տոմսերն առնում են, գումար են վճարում, իրենց շորերն են պատռում նման համերգներին ներկա լինելու համար։ Այդ երգերը ճաշակ թելադրող են դառնում, իսկ դա մարդկանց մեջ ներմուծվում է ավելի շատ քառակուսի տուփից՝ հեռուստացույցից։ Քանի որ խոսեցինք հեռուստացույցից, ասեմ, որ պատահաբար դիտեցի Արամ MP3-ի՝ այս տարվա «Եվրատեսիլ»-ին ներկայացվելիք երգի տեսահոլավակը։ Ես ընդհանրապես Արամին՝ որպես տաղանդավոր արտիստի, շատ եմ ընդունում, հարգում ու պետք է ասեմ, որ երգը լավն է, որակյալ։ Ավելի ճիշտ՝ որակյալ է «Եվրատեսիլ»-ի համար։ Ավելի լավ երգեր եղել են, բայց սա այն դեպքն է, երբ երգը ե՛ւ որակյալ է, ե՛ւ նրանց պահանջներին համապատասխան։ Հուսով եմ՝ այս տարի հաջողություն կունենանք։
-Դուք հիմնականում հեղինակային երգերի կատարող եք։ Ըստ Ձեզ՝ հեղինակային երգն այսօր հավուր պատշաճի ներկայացվո՞ւմ է։
-Ինչպես սխալ է աշխարհը տարանջատել մասնագիտական ուղղություններով, այնպես էլ սխալ է երգարվեստը բաժանել ինչ-որ ժանրերի։ Պատկերացրեք, թե ինչ փոքրիկ մասնիկ է իրենից ներկայացնում երգարվեստը, եթե հիշենք, որ գոյություն ունի հումանիտար ուղղություն, դրանում՝ արվեստ, որի մեջ էլ՝ երգարվեստ։ Ու դեռ այդ երգարվեստում էլ առանձնացնում ենք հեղինակային երգ, հայրենասիրական երգ եւ այլն։ Երբ հարցնում են՝ ի՞նչ ժանրում եք ստեղծագործում, եզդու մի լավ անեկդոտն եմ հիշում։ Եզդին հեռուստացույց է առել, տուն է տանում, ու երբ հարցնում են՝ ի՞նչ հեռուստացույց է, պատասխանում է՝ չգիտեմ։ Ու հետո ավելացնում է. «Առաջինն է։ Որ լավ ցույց տա, պապայի անունն ենք դնելու»։ Երգն ինչ-որ ապրումներից է ծնվում, իսկ դրանից հետո ինքն է իր ժանրը որոշում։ Ես, օրինակ, «հայրենասիրական երգ» ասածը, նման անվանակարգերը չեմ ընդունում։ Ռուբեն Հախվերդյանը լավ խոսք ունի. «Լավ երգը հայրենասիրական է, վատ երգը հայրենասիրական չէ»։ Հեղինակային երգն էլ կարող է ինչ-որ սուտ փիլիսոփայական մտքեր պարունակել. իբր, խելոք բան են գրում, բայց կարող է ավելի վատը լինել, քան մի հատ, ասենք, ռաբիս երգ։ Օրինակ՝ գուսան Տոտիկի գրած երգերից շատերը լավն են, որովհետեւ անկեղծ են։
«ՀԵՌԱՑԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Այսօր Գառնիի տաճարում տեղի կունենան Վահագնի ծնունդի հետ կապված տոնական ծիսակատարություններ։ Կլինի ծիրանի ծառատունկ, տոնածառ ծիրանի ծառզարդար, զոհաբերության արարողություն՝ մատաղ, կօրհնվեն ուռենու ճյուղերը, կօծվեն տարեհացը, գինին եւ կմատուցվեն ներկաներին։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում արորդիների քուրմ Գեղամը, մասնավորապես, ասաց, որ «Արորդիների ուխտ»-ը 1991 թվականից Վահագնի ծնունդը տոնում է Գառնիի Մայր տաճարում. «Այն մեր ցեղակրոն կամ, ինչպես քրիստոնյաներն են ասում, հեթանոս համայնքի գլխավոր տոնն է, զուգահեռվում է գարնանամուտի հետ։ Մենք տարբերակում ենք երկրային տարի եւ տիեզերական տարի հասկացությունները, ու, մեր հաշվարկներով, 9597 տարի տոնվում է, իսկ տիեզերական տարին տեւում է մոտավորապես 10000 տարի»։ Արորդիները համարում են, որ տիեզերական գարունը շատ մոտ է, արդեն ընթացքի մեջ է, եւ ամեն տարի Վահագնի ծնունդը տոնելով՝ նաեւ վահագնականչ են անում, սպասում Վահագնի նոր ծնունդին։ «Իսկ, ինչպես մեր դիցարանում է ասվում, Վահագնը գալիս է աշխարհը մաքրելու Վիշապի պղծությունից եւ պահպանելու մեր աստվածային արի ցեղը երկրի վրա»,- համոզված է մեր զրուցակիցը։
Էջմիածնի հետ հարաբերությունների առնչությամբ քուրմ Գեղամը նշեց, որ ժամանակին փորձել են համագործակցության եզրեր գտնել, երբ առաջարկել են միատեղ տոնել Վարդավառը որպես ազգային տոն, որպես ազգի միասնության խորհուրդ, սակայն եկեղեցու կողմից մերժում են ստացել։ Ըստ քուրմի՝ այդ տոնը մեր Աստղիկ դիցուհու՝ սիրո աստվածուհու տոնն է, սակայն եկեղեցին դրա խորհուրդը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում։ «Մեր մոտեցումները եկեղեցու հետ այնքանով են, որքանով որ եկեղեցում գտնվում են նույնպես մեր արյունակից հայերը։ Մենք ընդհանրապես արժեւորում ենք ոչ թե մարդու գաղափարական կամ կրոնական ընկալումները, այլ նրա արյունը, արարչական արի հայկական ծագումը։ Եվ մեր բոլոր ազգակիցներին ենք կոչ անում այդպես վարվել։ Ծագումից ավելի բարձր սրբություն մենք չենք ընդունում եւ չենք պատկերացնում»,-նշեց քուրմ Գեղամը։
Ինչ վերաբերում է աղանդներին, ապա մեր զրուցակիցը համոզված է, որ այն բոլոր գաղափարները, արժեքները, որոնք Հայաստան են մուտք գործում դրսից, ոչ մի օգուտ, միեւնույն է, չեն բերելու մեր ազգային ինքնաճանաչմանը, ինքնագիտակցությանը։ Իսկ այսօրվա շատ խնդիրների պատճառը նա համարում է այն, որ «հեռացել ենք մեր ինքնությունից, չենք գիտակցում մեր արարչական առաքելությունը երկրի վրա»։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ
ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշվել է, որ Արա Շիրազի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` մարտի 21-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված): Իսկ վերջին հրաժեշտը` մարտի 22-ին` ժամը 12:00-14:00-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16): Ավելացնենք, որ հուղարկավորությունը կլինի ժամը 14:00-ին Երեւանի քաղաքային պանթեոնում:
ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Երգիչ Արման Թովմասյանն ապրիլի 7-ին երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է Մոսկվայում: Երգը կոչվում է «Շոկոլադկա»: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Դավիթ Օգան, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, իսկ գործիքավորումը կատարվել է Մարտին Միրզոյանի կողմից:
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՈՒՄ
Դերասան ամուսիններ Աբել Աբելյանը եւ Օլյա Հակոբյանն այս տարի երկրորդ անգամ ծնող կդառնան: Նրանք ունեն մեկ որդի, ով դեռ մեկ տարեկան չկա: Առաջիկայում զույգը կունենա եւս մեկ տղա: Ինչպես հայտնում է դերասանը, երկրորդ երեխան ծնվելու է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Անվան հարցում դեռեւս չեն կողմնորոշվել, բայց մտածում են Ռոբ եւ Էմիլ անունների շուրջ:
ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
Ռուս ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժում է ստանում ԱՄՆ-ում, իրեն ավելի լավ է զգում: Քիմիաթերապիայի կուրսից հետո երգչուհին Լոս Անջելես է փոխադրվել, որտեղ էլ հենց գտնվում է գլխուղեղի քաղցկեղի բուժման առաջատար հիվանդանոցը: Ժաննային փորձնական հատուկ դեղամիջոց են ներարկում, որը պետք է օգնի հաղթահարել հիվանդությունը: Արտիստուհու հոր խոսքով՝ աղջկա վիճակը զգալիորեն լավացել է: Նա 6 կգ քաշ է կորցրել եւ աստիճանաբար կանգնում է: Իհարկե, նրա տեսողությունը դեռ չի վերականգնվել, բայց հարազատները վստահ են, որ բուժման նոր մեթոդն անպայման կօգնի, ուռուցքը կփոքրանա եւ Ժաննան կրկին կսկսի տեսնել: