«ԲՀԿ-ն բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր պաշտոնապես մեկնաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին: Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում:

Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ դժգոհությունների ողջ ծավալին: Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով, որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության ուժեղացումը: Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովրդական պայքարին:

Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի: Մենք կարևորում ենք նաև հզոր զանգվածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են և որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ: Համաժողովրդական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել»:

Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգության» առաջնորդը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ թեև հոկտեմբեր ամսին եղել են հրապարակային երկու շատ լավ հավաքներ, բայց որոշ հարցեր մնում են բաց՝ հրապարակային գործունեության շարունակության խնդիրը, շարժման սկզբունքների հրապարակայնացման հռչակման  հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը: «Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն», – ընդգծել էր նա:




Լրահոս