Հայաստանում այս տարի նախորդ տարվա համեմատ ցեմենտի արտադրությունը նվազել է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականի առաջին ինն ամիսներին 295 հազար 700 տոննա ցեմենտ է արտադրվել: Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրված է եղել 325 հազար տոննա ցեմենտ: Այսինքն՝ ցեմենտի արտադրության ոլորտում գրանցվել է 9 տոկոսի անկում: Գաջի արտադրության թվերն ավելի ողբերգական վիճակում են: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 16 մլն 309 հազար տոննա գաջ: Սա այն դեպքում, երբ 2013 թվականի նույն ժամանակահատվածում արտադրված է եղել 22 մլն 639 հազար տոննա: Այս ոլորտում նախորդ տարվա համեմատ անկումը կազմել է 28 տոկոս:
«Միկա ցեմենտի գործարանի» վերագործարկման բոլոր փորձերը ոչ միայն այս տարի, այլեւ նախորդ տարի այդպես էլ հաջողություն չունեցան, գործարանը ներկայումս պարապուրդի է մատնված: Սա, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ծավալները գնալով նվազում են, ինչը հանգեցնում է ցեմենտի պահանջարկի անկմանը: Շինարարության ոլորտում անկումը շարունակվում է արդեն մոտ երեք տարի: ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է շինարարության մոտ 3 տոկոս անկում: ԱՎԾ-ի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2011-ին շինարարության ծավալը կազմել է 504 միլիարդ 800 միլիոն դրամ, 2012-ին՝ 479 միլիարդ 400 միլիոն, իսկ 2013-ին` 453 միլիարդ 400 միլիոն: