Նոր խորհրդարանի միջանցքներում երեկ քննարկվում էին նաև նոր կառավարության կազմի հետ կապված հարցեր: Որևէ նշանակում կամ թեկնածություն, սակայն, դեռ վերջնական չէ, և հնարավոր է` անսպասելի որոշումներ կայացվեն:
Եթե նախօրեին իշխանական կուլիսներում որպես Գեղարքունիքի մարզպետի թեկնածու քննարկվում էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, երեկ արդեն շատերը վստահաբար պնդում էին, որ այս մարզի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Առողջապահության նախարարի պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն` բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի և ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի: Երեկ, երբ թերթի թղթակիցը փորձել է Բաբլոյանից ճշտել իր նշանակման հետ կապված հարցը, նա պատասխանել է, որ նախօրեին է Ֆրանսիայից եկել և դեռ ոչինչ չգիտի: Գործադիրում, ինչպես գրել է թերթը, պաշտոն է ստանալու նաև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նոր կառավարության կազմը, թերևս, որոշվի եկող շաբաթ կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ: