Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը եւ իշխանությունների` այս թեմայի վերաբերյալ արտահայտված բոլոր գործիչները միաբերան պատճառաբանում են մեր հանրապետության անվտանգությունն ապահովելու մղումով: Չնայած՝ ուղղակի չի ասվում, բայց ԵՏՄ-ի միանալու կոնտեքստում բոլորը «Հայաստանի անվտանգություն» ասելով՝ նկատի ունեն հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրը:
ՀԱԿ կուսակցության առաջնրոդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ոչ միայն արդարացրեց Սերժ Սարգսյանի` ԵՏՄ-ին միանալու որոշումը, ավելին՝ հակառակ կարծիք ունեցողներին անվանեց ջղաձգվողներ: ՀՀ առաջին նախագահը նույնիսկ հայտարարեց. «Մի՞թե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Հայաստանին Ուկրաինայի կորուստների թեկուզ տասներորդ մասի բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից»:
Իսկ ԵՏՄ անդամակցումն ինչպե՞ս է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, կամ այլ կերպ հարցը ձեւակերպենք՝ ԵՏՄ անդամակցումը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ի՞նչ նոր գործոն է ավելացնելու, որն այժմ մենք չունենք: Այս հարցի պատասխանը մինչ օրս չի հնչել ո՛չ պաշտոնյաների եւ ո՛չ էլ նրանց քայլերն արդարացնող ոչ իշխանականների շուրթերից:
Փոխարենը ունենք մի իրավիճակ, որտեղ այլեւս իրողություն է դարձել այն հանգամանքը, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի առաջ ընթանալու հետ զուգահեռ Ադրբեջանի գործողությունները ԼՂՀ-ի եւ Հայաստանի հետ սահմաններին գնալով դառնում են ավելի սանձարձակ եւ լկտի:
Նախիջեւանի սահմանի դիրքերը սովորաբար համարվում են հայ-ադրբեջանական դիրքերի ամենահանգիստ հատվածը: Զինադադարից հետո Նախիջեւանի սահմանին լուրջ, մարդկային զոհերով միջադեպեր գրեթե չէին եղել: Սակայն այս տարի հունիսի 5-ին հայ հանրությանը ցնցեց Նախիջեւանի սահմանի Երասխի հատվածից ստացված լուրը՝ հակառակորդի կազմակերպած դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողներ: Նկատենք, որ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի էր ունեցել ԵՏՄ-ի կազմավորման պաշտոնական արարողությունը, որին ՌԴ-ի եւ Բելառուսի նախագահներից բացի՝ մասնակցել էր նաեւ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ադրբեջանական կողմի` վերջին առնվազն 15 տարիների կտրվածքով աննախադեպ սադրանքը տեղի ունեցավ Հայաստանի ավտանգությունն ավելի ամրապնդելուն ուղղված գործընթացից հետո:
Հունիսին Հայաստանի պաշտոնյաներն առիթը բաց չէին թողնում հայտարարելու համար, որ ԵՏՄ-ի անդամակցումն այլեւս օրերի հարց է, նույնիսկ կոնկրետ ժամկետ էր նշվում` հուլիսի 15: Այն ժամանակ, երբ Հայաստանի պաշտոնյաները զբաղված էին ԵՏՄ-ի անդամակցության փաստաթղթերը պատրաստելով, հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը հերթական լկտի սադրանքը կազմակերպեց: ՀՀ ՊՆ-ի պաշտոնական տվյալներով` հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ-ի հայ-ադրբեջանական սահմանին 13 ընդհարում էր տեղի ունեցել, որոնց արդյունքում կրկին զինվորներ տուժեցին:
Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: Ներկայումս արդեն ավարտական փուլին է մոտենում այդ փաստաթղթի վավերացման գործընթացը: Նման պայմաններում Ադրբեջանը հերթական լկտի, զինադադարի կնքումից ի վեր նախադեպը չունեցող սադրանքն իրականացրեց` նոյեմբերի 12-ին կործանեց ԼՂՀ ԶՈՒ պատկանող ուղղաթիռը, ինչի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվեցին ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները: Ադրբեջանն այնքան սանձարձակ է զգում իրեն, որ մինչ օրս ԼՂՀ զինված ուժերին եւ միջազգային կառույցներին թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին եւ դիակները դուրս բերել:
Զուգադիպությո՞ւն է սա, թե՞ միտում, դժվար է ասել, բայց փաստը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին անդամագրվելուն ուղղված մեր յուրաքանչյուր քայլ ուղղորդվում է սահմանային լարվածությամբ: Ու Հայաստանում բոլորն արդարացի դժգոհում են այն փաստից, որ միջազգային հանրությունը չի կարողանում ադրբեջանական կողմին ստիպել, որ ուղղաթիռի օդաչուների դիերը վերադարձնի հայկական կողմին:
Բայց, մյուս կողմից, հարց է ծագում, իսկ ինչո՞ւ պետք է միջազգային կառույցները Հայաստանի համար ճնշեն Ադրբեջանին, որն, ի դեպ, աշխարհաքաղաքական զարգացումներում, Հայաստանի համեմատ, ավելի չեզոք դիրք է գրավել: Միջազգային կառույցները հրապարակային չեն արտահայտվում, բայց նրանց մոտեցումը կարելի է նաեւ հետեւյալ կերպ հասկանալ՝ ընտրել եք Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիայի ճանապարհը, թող ՌԴ-ն էլ ձեր անվտանգությունն ապահովի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ