Հայաստանին տրված վարկային միջոցներով ՀՀ Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2007 թվականից սկսած գազաֆիկացվել են Տավուշի մարզի Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չինարի համայնքները: 2012 թվականից գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան եւ Ջուջեւան համայնքներում:
Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Վերոհիշյալ 6 սահմանամերձ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է եղել գազաֆիկացված եւ օգտվել բնական գազից: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Աշաղի Աքսիբարա գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա համար էլ Ոսկեպարի բնակիչներն անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում:
Իսկ մնացյալ անտառամերձ համայնքները գազաֆիկացված չէին, ուստի անտառի վրա մարդկային ճնշումը մեծ էր, տարիներ շարունակ մեծ ծավալի հատումներ են արվել: Ներկայումս այդ համայնքներում գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են: Ջուջեւան համայնքում գազատար խողովակն անցկացված է, սակայն ներքին ցանցը դեռ կառուցված չէ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարները չգիտեն, թե երբ կգործարկվեն գազատարները, եւ երբ իրենք կկարողանան օգտվել կապույտ վառելիքից:
Սահմանամերձ Ոսկեվանում 2014թ. հունիսի 1-ին մեծ հանդիսավորությամբ, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, բացվեց մանկապարտեզ, որի կառուցման համար ծախսվել է 117 միլիոն դրամ:
Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ նորակառույց գեղեցիկ շենքը պետք է ջեռուցեն բնական գազով, եթե փայտ այրող վառարաններ տեղադրեն, շենքի ներսը կվնասվի: Գյուղապետի խոսքերով` մանկապարտեզում առայժմ էլեկտրական տաքացուցիչներ են տեղադրել, սակայն ձմռան ցրտին այդ տաքացուցիչներով ջեռուցման խնդիրը չի լուծվի, ուստի ստիպված կլինեն փայտ այրող վառարաններ տեղադրել:
Մեր տեղեկություններով` սահմանամերձ գյուղերում կառուցված գազատար ցանցերը չգործարկելու պատճառն այն է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` ԻՖԱԴ-ի կողմից Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում կառուցված գազատար ցանցերը դեռ չեն հանձնվել գազի շահագործման ձեռնարկությանը: Այդ կազմակերպությունը դրանք պետք է հանձնի համայնքապետարաններին, որոնք էլ իրենց հերթին պետք է անհատույց օգտագործման հանձնեն «Գազպրոմ-Արմենիա» ՓԲ ընկերությունը:
Առայժմ այդ հանձնում-ընդունումը չի կայացել, եւ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները ձմռան շեմին նորից մնացել են անտառի հույսին:
Ոսկան Սարգսյան