Օպերացիայի ընթացքում սև արկղը և՞ս տարհանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց ադրբեջանական մամուլի տարածած այն տեղեկությունը, թե հայկական զինուժի կողմից տարհանված ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասերի թվում կարող է լինել նաև ուղղաթիռի սև արկղը:

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարհանվել են հատուկ նշանակության մասեր, բայց թե որոնք, նա թվարկել չկարողացավ: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ծառայողական քննությունը կպարզի բոլոր հանգամանքները: Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ բերված լինի սև արկղ, և այն վերծանելու նպատակով արտասահմանից ևս փորձագետներ հրավիրվեն, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ մեր մասնագետները դա կարող են անել սեփական ուժերով:
Նկատենք, որ սև արկղի առկայությունը կարևոր է այնքանով, որ դրա պարունակության վերծանումը վերջնականապես լույս կսփռի ողբերգության բոլոր մանրամասների վրա:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:




Լրահոս