ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել, ու երբ ստանա, նոր պաշտոնապես կտեղեկացնի իր դիրքրորոշման մասին:
-Պարո՛ն Գեղամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը որոշել է Ձեզ նշանակել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը շուրջ 6 ամիս է՝ ղեկավար չունի: Դուք այդ հարցը երբեւէ քննարկե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ:
-Ես այդ հարցին քանիցս անդրադարձել եմ, բարի եղեք՝ Ձեր կոլեգաների անդրադարձներին ծանոթացե՛ք:
-Բայց Դուք համաձա՞յն եք ղեկավարել ԱԱԽ-ն:
-Երբ առաջարկը կլինի, ես պաշտոնապես կհայտարարեմ: Հաջորդ Ձեր հարցը:
-Ինչքանո՞վ է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը համապատասխանում Ձեր պատկերացումներին, արդյո՞ք կկարողանաք ղեկավարել այդ մարմինը:
-Այդ հարցին պատասխանելու համար նախ ես պետք է իմանամ, թե Դուք ինչ պատկերացումներ ունեք այդ կառույցի մասին, որպեսզի հստակ պատասխանեմ, բայց քանի որ զրկված եմ այդ հնարավորությունից, ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին: Ազգային անվտանգության խորհրդի անելիքների մասին կարելի է դասախոսությունների շարք կարդալ, ըստ էության՝ մեկ շաբաթվա, ուղղակի ո՛չ Դուք, եւ ո՛չ ես այդ ժամանակը չունենք:
-Շուրջ 6 ամիս է՝ ԱԱԽ-ն քարտուղար չունի, եւ կարծիքներ կան, որ այնքան էլ պիտանի կառույց չէ: Անելիք կա՞, կարծում եք:
-Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցերը Ձեզ այդքան խորությամբ հուզում է:
-Իմ հարցը վերաբերում է…
-Ես հասկանում, թե Ձեր հարցն ինչին է վերաբերվում, ես էլ ասում եմ, եթե խորությամբ տիրապետեիք այս ստրուկտուրային, նման աշխատանքներին, ապա նման հարց չէիք տա: Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրները համալիր խնդիրներ են, այդ կառույցն այդ խնդիրները սպասարկող միջոցներից մեկն է, ուստի Ձեր հարցը ի սկզբանե հասցեատիրոջն ուղղված չէ:
-Վերջին ժամանակահատվածում ԱԱԽ-ն մշտապես քննադատությունների «կիզակետում» է եղել իր ոչ ռեալ գործունեության պատճառով, քննադատվել է նաեւ այն պաշտոնյան, որը ղեկավարում էր ԱԱԽ-ն…
-Ո՞ւմ կողմից, եթե հստակեցնեք՝ ում կողմից է եղել, նոր մեր զրույցն առարկայական կլինի: Քննադատություն ասվածը վերացական բան է, երբեմն առանձին անհատների կամ կազմակերպությունների կողմից քննադատական խոսքը պետք է ընկալել որպես կոմպլիմենտ, իսկ երբեմն էլ հակառակը՝ դրական գնահատականը՝ որպես խիստ եւ մտահոգիչ քննադատություն: Անպայմանորեն կարդացե՛ք 12 գրքերիցս գոնե 3-ը՝ 3 վերջին գրքերը: Այնտեղ կան անդրադարձներ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերին անմիջականորեն վերաբերող պատասխաններ:
-Պարո՛ն Գեղամյան, իսկ Դուք ԱԱԽ նախկին քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին արժանի փոխարինող համարո՞ւմ եք Ձեզ:
-Կրկին Ձեզ խնդրում եմ՝ անհատականացնել պետք չի: Ես անվտանագության խորհրդի աշխատանքներին մանրամասնորեն ծանոթ չեմ, առավել եւս՝ աշխատակազմի աշխատանքներին, ուստի իմ կողմից կոռեկտ չի, որ ես որեւէ կերպ արձագանքեմ նման բովանդակության հարցերին:
-Եթե նշանակվեք ԱԱԽ քարտուղար, ի՞նչ կփոխեք այդ կառույցում առաջին հերթին:
-Կարդացե՛ք իմ հեղինակած 12 գրքերից վերջին 3-ը, մի քիչ ծավալում են, բայց այնտեղ Դուք Ձեր հարցի պատասխանը կգտնեք:
-Փաստորեն ՀՀ-ի ազգային անվտանգությունը Ձեր ուշադրության կենտրոնում է միշտ եղել…
-Ո՛չ, ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական այն զարգացումների, որի մեջ ներքաշված է մեր տարածաշրջանը եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունը: Դրանք պարզապես իմ հրապարակային ելույթներն են, հրապարակային հարցազրույցներն են, հեռուստաելույթներն են, ինչու չէ նաեւ՝ ամենաբարձր ատյաններում հնչեցված խոսքի վավերացումն է թղթի վրա:
-Իսկ վերջին Ձեր գրած գրքերն արդյո՞ք կապ ունեն ԱԱԽ-ի պաշտոնում Ձեր հավանական նշանակման քննարկումների հետ:
-Ես 1995 թվականից իմ բոլոր ելույթները թղթի եմ տալիս, իսկ կարծում եմ 95 թվականին նման հարցեր օրակարգում չկային, ուստի այս տարիների ընթացքում իմ աշխարհահայացքային ամփոփումները տեղակայված են այդ գրքերում: Հաշվի առնելով այն ամենը, որին արժանացել են իմ հոդվածները, կարելի է ասել, որ դրանք պահանջված են, նաեւ պահանջված են այն պարզ պատճառով, որ այսօր ամենահեղինակավոր կազմակերպությունները, երբ լուրջ քննարկումներ է լինում՝ քաղաքական, փորձագիտական, հրավեր են ուղարկում, որպեսզի ես մասնակցեմ դրանց:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ