Որոշ ընկերություններ խաբում են Պաշտպանության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. բացահայտված գոմեշի մսի հայտնի դեպքից հետո թվում էր, թե հայոց բանակի մասնակցությամբ ֆինանսական չարաշահումների թեման վաղուց պետք է փակված լիներ, սակայն պարզվում է՝ այն ավելի խորը դրսեւորումներ ունի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն 2014 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտքի դիմաց երեք ընկերությունների դեմ դատական հայց է ներկայացրել. ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 28 միլիոն դրամ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարվող տարատեսակ ապրանքների դիմաց ֆինանսական անհասկացվածություն կա, եւ բանն հասել է այնտեղ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել դիմել դատարան, որպեսզի կարողանա վերադարձնել նախարարության եւ պետական բյուջեին կուտակված պարտքը:

Իսկ հիմա ավելի կոնկրետ: «ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Մեջիք Սթիք» ՍՊԸ -ից 13 միլիոն 062 հազար 390 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պայմանով:

Ինչն է պատճառը:

Պարզվում է՝ 2013թ. մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Մեջիք Սթիք» սահմանափակ պատախանատվությամբ ընկերության միջեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կնքվել է ՀՀ ՊՆ կարիքների համար ապրանքների գնման պայմանագիր: Ըստ այդմ, ընկերությունը պարտավոր էր մարտի եւ ապրիլի մատակարարումն իրականացնել մինչեւ ամսվա վերջը, ինչը սակայն, չի կատարել: Ու թեեւ «Մեջիք Սթիք»-ը ներողություն է խնդրել պաշտպանության նախարարությունից ապրանքի մատակարարման ուշացման համար, ավելին՝ խնդրել է ընդառաջել եւ ժամկետ տրամադրել ապրանքի մի մասը մատակարարելու համար, սակայն այդպես էլ չի կատարել խոստումը: ՀՀ ՊՆ-ն էլ դիմել է դատարան: Գործը քննող դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է նախարարության ներկայացրած հայցը եւ պարտավորեցրել է «Մեջիք Սթիք» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի գանձել 13 միլիոն 062 հազար 390 դրամ:

Սա դեռ վերջը չէ:

2014թ. փետրվարի 21-ին պաշտպանության նախարարությունը հերթական անգամ գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան: Այս անգամ ՊՆ-ին «քցողը» «Ռեմդիզել» ՓԲԸ -ն է: Պարզվում է, որ 2006թ.-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ-ի եւ «Ռեմդիզել» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է փոխառության պայմանագիր, համաձայն որի ընկերությանը փոխանցվել է 15 միլիոն դրամ՝ նպատակային օգտագործման պայմանով` աշխատավարձի պարտքերի մարում, շրջանառու միջոցների ձեռքբերում, վարկի մասնակի մարում:
Սակայն ընկերությունը, խախտելով սահմանված ժամկետում գումարը վերադարձնելու պարտավորությունը, այդպես էլ չի վերադարձրել ՊՆ-ի տրամադրած գումարը:
Մինչ դատարանում քննվում էր այս գործը, կողմերը որոշել են հաշտության համաձայնության գալ: Ասել է թե՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարության ներկայացուցիչ Վիգեն Եսաֆյանի եւ պատասխանող «Ռեմդիզել» ՓԲ ընկերության տնօրեն Վ. Գալստյանի, ներկայացուցիչ Կ. Հովհաննիսյանի, կնքեցին հաշտության համաձայնությունը հետեւյալի մասին.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տոկոսներ պահանջելու պահանջից, իսկ 15 միլիոն դրամ գումարի դիմաց ընդունում է ընկերության առաջարկը` որպես սեփականություն վերցնելու ներքոնշյալ 19 (տասնինը) անվանում հաստոցները եւ սարքավորումները»:

Դեռ քննում են:

Հաջորդ ընկերությունը, որից գումար բռնագանձելու պահանաջով հայց է ներկայացրել պաշտպանության նախարարությունը, «Դայա» ՍՊԸ-ն է: Իսկ գումարի պահանջը 817.677 դրամ է: Այս գործով դեռեւս վճիռը հրապարակված չէ, եւ դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է ՍՊԸ-ն «քցել» ՊՆ-ին:
Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում մինչեւ երեկ տարբեր ընկերություններ ՀՀ ՊՆ-ին պարտք էին 28 մլն 880 հազար ՀՀ դրամ:

Այս դեպքերն ուշագրավ են այնքանով, որ դեռեւս 2012թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Կառավարությունում հրավիրած հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով պետական գնումների գործընթացին, շեշտել էր թե՛ պատվիրատուների, թե՛ շահած կազմակերպությունների մեծածավալ թերացումներն ու անբարեխիղճ գործելակերպը: Այդ կոնտեքստում էր տեղավորվում նաեւ գոմեշի մսի գործը, քանի որ ՊՆ-ին խաբել էին ու տավարի մսի փոխարեն գոմեշի միս էին վաճառել բանակին: Սերժ Սարգսյանը զարմանք էր հայտնել՝ ասելով, թե. «Էական բարեփոխումներ պետք է լինեն պաշտպանության նախարարությունում, Սեյրա՛ն: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես գլխավոր շտաբի պետի տեղեկալը կարող է մեծ գումար պարտք վերցնել մատակարարից: Ի՞նչ է նշանակում՝ պարտք է վերցնում: Այդպիսի հասկացողությունը ո՞րն է»:
Նշենք, որ այս հայտարարությունից առաջ պաշտոնանկ եղավ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ինչը կապված էր գոմեշի միս բանակ մատակարարելու եւ ՊՆ-ին խաբելու հետ: Սակայն այլ շեշտակի փոփոխություններ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդպես էլ չձեռնարկեց:
Նշենք, որ Արշալույս Փայտյանը մինչ օրս գործազուրկ է եւ այս ընթացքում մարում է պաշտոնավարման ընթացքում իր եւ այլ ՍՊԸ-ների գործունեության հետեւանքով բանակին կուտակված պարտքերը:

Քնար Մանուկյան




Լրահոս