
Դեկտեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում:
Լուսահովտում ցուցակային ընտրողների թիվը 284 է, Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղում՝ 983: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Լուսահովիտ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արայիկ Սարհատյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական Մարսել Մովսեսյանը:
Մեր տեղեկություններով` առաջիկայում Մ. Մովսեսյանը կհանի իր թեկնածությունը: Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն են՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանը, ներկայումս չաշխատող, ՀՀԿ անդամ Գագիկ Մադաթյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական Սեյրան Սարիբեկյանը:
Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքների ղեկավարների բոլոր թեկնածուներն իրենց թեկնածությունը ներկայացրել են ինքնառաջադրմամբ: Գագիկ Մադաթյանը Սարիգյուղի նախկին գյուղապետ Գերասիմ Մադաթյանի որդին է: Նշենք, որ Գագիկ Մադաթյանը համայնքի ղեկավարի թեկնածու էր նաեւ 2011թ. կայացած ընտրություններում: Այն ժամանակ նա հանդես էր գալիս որպես անկուսակցական:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ