Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեսակետին, թե ինքը Վարդենիսի ոսկու հանքից հանքաքարեր գողացող չղջիկների տիրակալն է, ասաց, որ այն չի համապատասխանում իրականությանը:
«Ժողովուրդ»-ը օրերս այցելել էր Վարդենիս քաղաք եւ քաղաքում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ զրուցել քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ:
-Պարոն Խլոյան, մինչ Վարդենիս քաղաքում չղջիկների շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալը, կասե՞ք, թե այս տարիների ընթացքում ինչ բացթողումներ ու ձեռքբերումներ է ունեցել քաղաքը:
-Բազմակի խնդիրներ կան, բայց կցանկանայի խոսել կատարված աշխատանքների մասին: Մենք ունենք հանրապետական եւ պետական նշանակության փողոցներ, որոնք երկու տարվա ընթացքում հիմնովին հիմնանորոգեցինք: Այս տարի ցանկանում ենք կարճ ժամանակահատվածում լուսավորել մոտ 7 փողոց, եթե դա իրականացնենք, ապա քաղաքն արդեն 80 տոկոսով լուսավորված կլինի: Այդպիսի բան անգամ սովետի ժամանակ չի եղել: Մեր Գեղարքունիքի մարզպետի հետ ամենաառաջնային խնդիրն ենք համարել նաեւ, որ Վանավանի պոլիկլինիկայի ճանապարհը հիմնանորոգենք, քանի որ 36 համայնք կախվածություն ունի այդ փողոցից:
-Իսկ բյուջեն բավականացնո՞ւմ է, որ կարողանաք աշխատել:
-Գիտեք, մենք շատ նվազ բյուջե ունենք: Այս տարի՝ 245 միլիոն դրամ, որը մենք կարողանում ենք աշխատավարձ տալ, իսկ ժողովուրդն անվճարունակ է: Չնայած մենք մեր պլանները անում ենք, ու չեմ կարող իմ ժողովրդից շնորհակալություն չհայտնել:
-Նշեցիք, որ մարդիկ անվճարունակ են: Գաղտնիք չէ, որ վարդենիսցիների մեծ մասը ընտանիքի գոյությունը պահպանում է Սոթքի ոսկու հանքից հանքանյութեր գողանալով, չղջիկությամբ զբաղվելով: Ավելին, օրերս մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հայտարարելով, թե ոստիկանությունն անհիմն կերպով մտնում է իրենց բնակարանները եւ հանքանյութ փնտրում: Դուք, որպես քաղաքապետ, որքանո՞վ եք տիրապետում իրավիճակին:
-Կան մարդիկ, ովքեր բանսարկություններով են զբաղվում: Կարող է՝ ինչ-որ մի մարդ, ինչ-որ տեղ մեկի դուռը հող է բերել լցրել ու նման խնդիր է եղել: Միայն գիտեմ, որ մեր համաքաղաքացիները, որոնք Սոթքում են աշխատում, պետականորեն ստանում են իրենց աշխատավարձը: Իսկ այդ բողոքի ակցիան նրա համար էին կազմակերպել, որ ներքին գործերն անհիմն կերպով գնում մտնում են մարդկանց տները եւ երեխաները վախենում են: Այսինքն՝ ստուգում են, թե դուք այստեղ ոսկի բերե՞լ եք: Մարդկանց բերեցի այստեղ եւ ակցիայի կազմակերպիչներից մի քանիսը հանդիպեցին Գեղարքունիքի ոստիկանության վարչության պետ Արսեն Ադամյանի, ինչպես նաեւ Վարդենիսի ոստիկանապետի հետ: Հետո էլ մարդիկ զանգահարեցին, շնորհակալություն հայտնեցին: Ով ինչ է գողանում, ինչ է անում, դա անհեթեթություն է: Անկեղծ եմ ասում:
-Այսինքն՝ Դուք խնդիրն այսքանով լուծվա՞ծ եք համարում:
-Այո, քանի որ միգուցե մարդկանց տուն այլ հարցով են ցանկացել գնալ: Ամեն ինչ վերագրում են չղջիկին: Ի՞նչ չղջիկ, լավ էլի: Իսկ ես անմնացորդ ծառայում եմ իմ ժողովրդին ու մինչեւ վերջ էլ դնելու եմ քաղաքապետի թեկնածությունս եւ ծառայելու եմ: Կցանկանան՝ կընտրեն, չեն ցանկանա՝ իրենց էլ հաջողություն, ինձ էլ: Թող ցանկացած մարդ հյուր գա Վարդենիս ու ասի, թե Խլոյի Վալոդը մեզ վատ ընդունեց, ուրեմն Խլոյի Վալոդի հերն անիծած: Պարզ խոսում եմ:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեզ համարում են «չղջիկների» տիրակալ:
-Վարդենիսի սովորական քաղաքացի եմ եւ աշխատել եմ շինարարությունում, արդյունաբերությունում: Ի՞նչ չղջիկ, ի՞նչ կապ ունեմ էդ ամենի հետ: Ուղղակի զարմացած եմ: Մարդ կա՝ գնում հանքում աշխատում է, ասում են՝ չղջիկ, ոսկի գողացող: Սա վերացական մի բան է, պետք է տեսնեմ, չէ՞, իրոք չղջիկ կա, թե չկա:
-Երբեւէ չե՞ք տեսել չղջիկ:
-Չղջիկի հետ գործ չունեմ: Միայն գիտեմ հանքավայրի ղեկավարությանը եւ եթե կա չղջիկ, դա իմ հետ կապ չունի:
-Որպես քաղաքապետ` Ձեզ համար տարօրինակ չէ՞ այն փաստը, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետերը հաճախակի են փոխվում: Մեկին նույնիսկ կալանավորեցին: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչ խնդիր կա:
-Սա դուք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պետք է հարցնեք: Ես իրավասու չեմ պատասախանել: Բայց ցավով եմ ասում, որ մեր նախկին ոստիկանապետին, մեր համագյուղացու վրա հոդված են դրել: Չեմ ընդունում, մարդիկ կան, որ միգուցե սարքել են: Ձեզ պարզ ասեմ. ինքը շատ լավ տղա է: Չեմ ասում, որ փորձառու մարդ չէր, բայց երեւի մեկին անհրաժեշտ էր բագաժ տար: Թե ինչ սարքեցին չեմ պատկերացնում: Կարող է մի կեղտոտ թաշկինակ բերեն, քցեն այստեղ եւ ասեն, թե Խլոյի Վալոդ, սա քո տարածքն է, ուրեմն քոնն է, կամ ինչո՞ւ իմֆորմացիա չես տվել:
-Ասում են՝ նա թաքցրել է հանցագործությունը:
-Լավ էլի: Չեմ հավատում: Խնդրանքով ցանկանում եմ դիմել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ ճիշտ լուծում տա իրավիճակին:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ Դուք Գեղարքունիքի մարզի պատգամավորների ու առանցքային շատ պաշտոնյաների հետ լարված փոխհարաբերություններ ունեք: Ոչ մեկի հետ յոլլա չեք գնում: Ինչո՞ւ:
-Ով է նման բան ասում: Շատ լավ հարաբերություններ ունենք, մեզ բարեկամ, հարազատ մարդ է, իրեն օգնել ենք, ներկայացրել ենք ժողովրդին, որ մեր համաքաղաքացիները լավ աշխատեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՊԵԿ-Ը ԿՐԿԻՆ ՊԱՏԺԵՑ «ԳԵՈՊՈՐՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գեոպորմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը Սոթքի ոսկու հանքի սեփականատերն է, մարտի 3-ին արտահանման պարտավորությունները չկատարելու պատճառով տուգանվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուգանքի չափը կազմել է շուրջ 67,5 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերությունը Հայաստան է ներմուծել օդամղիչ պոմպի մասեր, մետաղական կոնստրուկցիաներ, ցանցային մալուխներ եւ արտահանձնման պարտավորությունները այդպես էլ, ըստ պայմանավորվածության, չի կատարել: Նշենք, որ ընկերության տնօրենը Վլադիմիր Կոզլովն է: Ի դեպ, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ժամանակ չի խնայում ռուս գործընկերներին անխնա տուգանքներ նշանակելու հարցում: Հիշեցնենք, որ ընկերությունն այս տարվա հունվար ամսին եւս տուգանքի էր ենթարկվել:
ՊԱՐՏՔ ԵՆ
«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն Թուխմանուկի ոսկու հանքավայրում աշխատելու նպատակով Արագածոտնի մարզի Մելիքգյուղի ավելի քան 40 բնակչի չի վճարել տարիներով կուտակած աշխատավարձերը: Թե ինչքան է կազմում պարտք մնացած աշխատավարձերի չափը Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանը չկարողացավ հստակ նշել, որովհետեւ նույնիսկ բնակիչները չգիտեն, քանի որ ժամանակին չեն ստացել եւ չգիտեն, թե այն ինչքան է կազմում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մարտի 28-ին Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական եւ ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:
«Կարող է նորից փոփոխվի լսումների օրը, քանի որ ընկերությունը դեռ չի վճարել աշխատավարձերը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լրացրեց համայնքապետը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանից հետաքրքրվեց, թե երբ են վճարվելու պարտք մնացած աշխատավարձերը. «Երկար ժամանակ է, ինչ կանգնած են ոսկու հանքավայրի աշխատանքները: Մենք աշխատավարձերը հաշվարկել ենք, մարդիկ հիմա տանը նստած են, ու, այո, պարտք ենք մնացել եւ մենք պարբերաբար վճարում ենք»:
ԲԼԹ
«Հանրապետականի ռեսուրսը խորհրդարանում այնքան մեծ է, որ 4 ուժերն իրար հետ, մի 4-ն էլ կողքից վերադիր, միեւնույն է՝ չունեն այն կրիտիկական զանգվածը, որպեսզի կարողանան հարցը պարզապես խոսակցությունից ռեալության դաշտ բերել»:
Հերմինե Նաղդալյա «Առավոտ»
Նրանք հզոր են եւ անպարտելի, Հանրապետականի դեմ ոչ մի խաղ չկա, նույնիսկ, եթե ամբողջ ժողովուրդը դուրս գա նրանց դեմ։ Մի կողմից՝ ԱԺ-ի ՀՀԿ-ական փոխնախագահը ճիշտ է. այն, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ձայն չստացավ, բայց քանի տոկոս ուզեցին, խփեցին։ Բայց մյուս կողմից էլ՝ եթե իրոք այդքան վստահ են եւ անպարտելի, ապա ինչո՞ւ են խուճապի մեջ ընկնում, ինչո՞ւ են սկսել մամուլում ակտիվանալ, իրենց բլոգերներին ակտիվացնել, իսկ Հերմինե Նաղդալյանն էլ շաբաթը մեկ ինքնաբուխ հարցազրույցներ է կազմակերպում… Դե, հանգիստ նստեք։
«Չեմ կարծում, որ Հայաստանն առաջիններից մեկը պետք է ողջունի: Մենք պետք է ունենանք լավ հարաբերություններ ապագա Ուկրաինայի հետ… իմ ասածի եւ Սերժ Սարգսյանի մոտեցման միջեւ հակասություն չկա»:
Խոսրով Հարությունյան aravot.am
Ակնհայտ հակասությունն արտահայտեց վերջացրեց, էլ ինչպե՞ս հակասություն չկա, երբ Սերժ Սարգսյանն անձամբ է զանգահարել Պուտինին եւ ողջունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Պարզապես ՀՀԿ խմբակցության միջոցով ԱԺ-ում հայտնված Խոսրով Հարությունյանը չէր կարողացել լավ հաշվարկել իր «շախմատիստ» առաջնորդի հնարավոր քայլերը եւ շտապել էր կարծիք հայտնել։ Դե ի՞նչ իմանար, որ դրանից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հստակ դիրքորոշում կհայտնի… Չնայած, հիշելով սեպտեմբերի 3-ը՝ կարող էր ենթադրել։ Հերթական անգամ նախկին վարչապետը շրջահայաց չգտնվեց։
«ՀԴԿ-ն չի միանա չորս ընդդիմադիր կուսակցություններին, որոնք պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը եւ պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը»:
Արամ Սարգսյան Armlur.am
Ինչպիսի՜ մեծ կորուստ, կարելի է ասել, թե չորս ոչ իշխանական ուժերը Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած կուսակցության հույսին էին մնացել եւ նրանց հաջողությունը պայմանավորված է միայն եւ միայն ՀԴԿ-ի միանալով։ Պարզապես մեկ ընդդիմություն, մեկ էլ՝ իշխանություն լինելով մանր ծառայություններ մատուցող գործիչը երեւի ուզում է ընդգծել իր կուսակցության նշանակությունը՝ այն զրոյականից մի փոքր բարձրացնելու ակնկալիքով։ Բայց դե հասկանում ենք, որ նույնիսկ, եթե ՀԴԿ-ն միանար չորս ուժերին, դրանից ոչինչ չէր փոխվի, ընդամենը ավելորդ բեռ կդառնար:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ