Վերջերս Ջիվան Գասպարյան կրտսերը թողարկեց իր առաջին` «Արմատներ» (Roots) ձայնասկավառակը, որը ձայնագրվել է Երեւանում` շուրջ մեկ տարվա ընթացքում։ Երաժիշտը շուտով կթողարկի իր երկրորդ ձայնասկավառակը, որի համար ութ ստեղծագործություն արդեն իսկ ձայնագրել է, մի քանիսն էլ նվագել ակումբային էթնո-ջազ համերգի ընթացքում: Այն պատրաստվելու է 50-60-ականների ջազային ոճով: Առաջիկայում կթողարկվի նաեւ տեսահոլովակ:
-Եթե Ձեր պապը չլիներ աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանը, Դուք դուդուկահար կդառնայի՞ք ։
-Եթե պապս չլիներ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ես այս գործով չէի զբաղվի. նա է ինձ ոգեշնչել: Սկզբում որոշել էի դեղագործ դառնալ, բայց հետո միտքս փոխվեց։
-Երեւի մանկուց լսել եք դուդուկի երաժշտությունը եւ Դուք էլ ցանկացաք նվագել պապի նման։
-Ես երաժշտությամբ զբաղվել եմ մանկուց. դաշնամուր, վոկալ, երգչախումբ։ ԱՄՆ-ում էի, երբ պապիկս եկավ, այնտեղ «Գլադիատոր» ֆիլմում էր նվագում, այդ ժամանակ տեսա, ոգեւորվեցի ու որոշեցի անպայման դուդուկ նվագել։ ԱՄՆ-ում նաեւ կարոտը ստիպեց, որ դուդուկ նվագեմ։
-Երեւի կարելի է դուդուկը համարել կարոտի երաժշտական գործիք։
-Այո։ Այո։ Հենց այդպես է։
-Վերջնականապես ընտրե՞լ եք մասնագիտությունը, թե՞ մտածում եք նաեւ բժիշկ դառնալու մասին։
-Մեկ-մեկ բժշկության մասին էլ եմ մտածում, բայց ժամանակի առումով դժվար կլինի երկու մասնագիտություն ունենալ։
-Ձեր եւ Ձեր պապի՝ դուդուկ նվագելու տեխնիկայի, ոճի մեջ տարբերությունը շա՞տ է։
-Պապիկիս նվագը լսել եմ փոքրուց, եւ այն աչքի է ընկել զգացմունքայնությամբ, գործիքի յուրահատուկ տեմբրով։ Ես, իհարկե, ուրիշ ձեւով եմ նվագում, իմ նվագը տարբերվում է տեխնիկայով. պարզ է, երիտասարդ եմ, նաեւ այլ կերպ եմ մտածում։
-Երեւի նաեւ շնչառության հետ կապված տարբերություն կա։
-Շնչառության հետ կապված պապիկս պրոբլեմ չունի, պարզապես, երբ մեծանում ես, ավելի իմաստուն ես դառնում, իսկ երբ երիտասարդ ես, մի քիչ սիրում ես վազվզել…
-Ոմանք ասում են, որ դուդուկը շատ պարզունակ երաժշտական գործիք է։ Եթե իրոք այդպես է, ինչո՞ւ են, այսպես ասած, ընտրյալներն այդքան քիչ։ Եվ, ընդհանրապես, օտարերկրացիները դժվարությամբ են տիրապետում այդ գործիքին։
-Հենց դրանով է նաեւ հայկական գործիք, որ հայերն են ամենալավը նվագում։ Ծիրանափողը ոչ միայն երաժշտական գործիք է, այլեւ հայկական հողն է, ջուրը, շունչը, օդը, ամեն ինչը։ Ես, օրինակ, երեք տարի է, ինչ եկել եմ, Հայաստանում եմ ապրում, որովհետեւ այստեղ ինձ լավ եմ զգում։ Սա դուդուկի հայրենիքն է, եւ եթե դուդուկահար ես, պետք է այստեղ ապրես, որ այդ ամեն ինչը քո մեջ ավելի հասունանա, նստի, զարգանա։ Հայաստանում ապրելը նաեւ սովորելու, կատարելագործվելու առումով է օգտակար, որ փորձի փոխանակման համար շփվես այլ երաժիշտների հետ:
-«Եվրատեսիլ» երգի մրցույթի հայ մասնակիցներն իրենց ելույթներում նաեւ դուդուկի երաժշտությունն են օգտագործում, եւ Ձեր պապն էլ նվագակցում էր նախկին մասնակիցներից Եվա Ռիվասին։ Հավանաբար տեղյակ եք, թե ինչ երգով է հանդես գալու մեր այս տարվա մասնակից Արամ MP3-ը։ Այն Ձեզ դո՞ւր է գալիս։
-Ես լսում եմ ամեն տեսակի երաժշտություն. թե՛ մեր հին ժողովրդական, թե՛ եկեղեցական, թե՛ արտասահմանյան բլյուզ, ջազ, ռոք… Ամեն ինչ էլ լսում եմ, որովհետեւ երաժիշտը պետք է այդպես վարվի, որպեսզի զարգանա։ Ինչ վերաբերում է Արամ MP3-ի երգին, ապա նման ոճն էլ եմ սիրում, նորմալ երգ է, բայց Աստված գիտի, թե ինչ հաջողություն կունենա։
-Տեղեկացել ենք, որ ամուսնացել եք։ Ձեր կինն էլ է երաժի՞շտ։
-Անցյալ տարի ամուսնացել եմ, կինս՝ Նվարդը, երաժիշտ չէ, բայց արվեստի մարդ է. շատ է սիրում նկարել, դիզայն ու նկարչություն է սովորում:
ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԻ ՔԻՉ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է
Ժամանակին Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երեւան տեղափոխելու շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, նույնիսկ բողոքի միջոցառումներ տեղի ունեցան։ Սակայն, կարծես թե, այդ ընթացքում քիչ հնչեց նկարչի ընտանիքի անդամների կարծիքը։
Մինաս Ավետիսյանի որդիներից նկարիչ, արվեստի տեսաբան Նարեկ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Որմնանկարների վերաբերյալ իմ կարծիքը շատ օբյեկտիվ է, եւ ես շատ ազնվորեն՝ ինչպես մտածում եմ, կպատասխանեմ։ Արդեն քսան տարի, գուցե ավելի, եղբայրս՝ Մինաս Ավետիսյանի Ջաջուռի տուն-թանգարանի տնօրենը, ամեն շաբաթ գնում, տարբեր մարդկանց հետ զրուցում էր, բայց որմնանկարների պահպանման, վերականգնման համար որեւէ պայման չստեղծվեց, որեւէ հովանավոր չգտնվեց։ Եվ արդեն հնարավոր չէր հարցին այլ լուծում տալ»։ Ն. Ավետիսյանը համոզված է, որ եթե կառավարական մակարդակով որոշեն Մինաս Ավետիսյանի որմնանկարները մի տեղ հավաքել, ե՛ւ պարոն Էռնեկյանը, ե՛ւ կառավարության ընդունելությունների տան ադմինիստրացիան կվերադարձնեն իրենց մոտ գտնվող ստեղծագործությունները։ «Ասում են՝ պարոն Էռնեկյանն արվեստով առանձնապես չի հետաքրքրվում, բայց տեսել է կառավարության ընդունելությունների տանը գտնվող երկու աշխատանք, հիացել դրանցով եւ անմիջապես որոշել մի որմնանկար վերականգնել ու տեղափոխել օդանավակայան, քանի որ այնտեղ շատերը դա կտեսնեն, կհիանան։ Եվ դա լուծում էր, որովհետեւ, ասենք, եթե մարդուն բուժելու համար անպայման պետք է վիրահատեն, ապա կարեւոր չէ, թե որ բժիշկը նրան կվիրահատի, կարեւորն այն է, որ լավ մասնագետ լինի։ Ոմանք ասում են, որ որմնանկարների տեղափոխությունը հատուկ Գյումրիի դեմ է արվում, բայց դա այդպես չէ. ի՞նչ մեղք ունի Գյումրի քաղաքը, դա պարզապես քաղաքի ղեկավարության մոտեցումն է»։
Մենք հիշեցրեցինք, որ մշակույթի նկատմամբ նման անտարբեր վերաբերմունքի պայմաններում ցանկանում են Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխել։ «Ես այդ ուղղությամբ շատ եմ մտածել եւ եկել որոշակի եզրահանգման։ Եթե Հայաստանը Մաքսային միության մեջ է մտնում, եւ Ռուսաստանն այստեղ ռազմական ոլորտն է հզորացնում… Ինձ թվում է՝ Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելը ռուսական քաղաքականություն է, ոչ թե բխում է մեր ազգային շահերից։ Ես շատ եմ ցանկանում, որ Գյումրին զարգացնելու ծրագրեր լինեն, սակայն այս ամենը մի քիչ տարօրինակ է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՖԵՏԻՍՈՎԱՆ ԲՈՅԿՈՏԵԼ Է
«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր, սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան բոյկոտ է հայտարարել ֆիլմին շնորհվելիք Հայաստանի պետական մրցանակի համար` Ղրիմի հանրաքվեի հարցով ՀՀ-ի քաղաքական դիրքորոշման պատճառով: Ե. Ֆետիսովան ներկա չի գտնվելու մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի կունենա Հայաստանում: Նա հրաժարվել է նաեւ կից գումարային պարգեւից՝ խնդրելով, որ այն տրամադրեն Հայաստանի որբերի կարիքների համար: Նա հայտարարել է, որ կարծում է՝ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավակարգի խախտում է, սպառնալիք Ուկրաինայի եւ ամբողջ աշխարհի բնակչության բարօրությանը եւ այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում: Ըստ Ֆետիսովայի` Սերգեյ Փարաջանովը նույնպես նման կերպ կվարվեր:
ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Արամ MP3-ի եվրատեսիլյան «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի ալիքում դիտումների ռեկորդներ է սահմանել: Մի քանի օրվա ընթացքում երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի կոմպոզիցիան ավելի քան 900.000 դիտում է ունեցել: Հիշեցնենք, որ բուքմեյքերական հայտնի «William Hill» գրասենյակն արդեն կատարել է «Եվրատեսիլ» մրցույթի իր խաղադրույքը, որտեղ «Not alone» երգն ամենաբարձր՝ 2.10 գործակցի է հավակնում:
ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Ռուս հայտնի ռեփեր Տիմատին 30 տարեկան հասակում առաջին անգամ հայր է դարձել: Նա դուստր է ունեցել, որին անվանել են Ալիսա: Աղջնակի մայրը 21-ամյա մոդել եւ «Երկրորդ վիցե միսս Ռուսաստան 2012» Ալյոնա Շիշկովան է, ում հետ Տիմատին հանդիպում է արդեն երկու տարի: Ալիսան ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում, ռեփերը ներկա է եղել դստեր ծննդաբերությանը: