Հայաստանի պաշտոնյաներն իրենք իրենց պարգևատրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես հայտնի է, ինքնաթիռով արտասահման են մեկնում բացառապես բիզնես դասի տոմսերով: Այս տեսանկյունից ռեկորդակիրն, իհարկե, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Միայն հոկտեմբերին Նալբանդյանը երեք անգամ մեկնել է արտերկիր: Նրա համար գնված բիզնես կարգի ավիատոմսերի համար ծախսվել է 2 միլիոն 864 հազար դրամ: Իսկ եթե նա էկոնոմ դասով մեկներ, ապա նույն ուղեւորությունների համար կծախսվեր մեկ միլիոն 264 հազար դրամ` փաստացի ծախսվածից ավելի քան կրկնակի անգամ ավելի քիչ:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի Երեւան-Մոսկվա-Դյուսելդորֆ-Մոսկվա-Երեւան ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 1 միլիոն 474 հազար դրամ, նույն ուղղության էկոնոմ դասի տոմսն արժեցել է 289 հազար դրամ` հինգ անգամ էժան: ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի համար գնված Երեւան-Տալին-Ռիգա-Երեւան բիզնես կարգի ավիատոմսի համար սեպտեմբերին վճարվել է 793 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն ուղղության էկոնոմ կարգի տոմսն արժեցել է 285 հազար դրամ` վճարվածից մոտ երեք անգամ էժան:

Բիզնես կարգով ճանապարհորդող նախարարների թվարկման եւ օրինակների շարքը կարելի է շարունակել եւ դրան հավելել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր նախորդի պես արտերկիր մեկնում է հատուկ պատվիրված չարտերային չվերթներով, որոնց համար պետբյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսվում:
Արդյո՞ք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բիզնես կարգով ճանապարհորդեն: Ակնհայտ է, որ հարցը միանշանակ պատասխան չունի, բայց կարծում ենք՝ ճիշտ կլինի այն քննարկել: Եթե խնդիրը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությունն են ներկայացնում, ապա առաջ է գալիս այն տեսակետը, որ այդքան էլ սիրուն չի լինի, եթե պետական այրերը շարքային մահկանացուների պես էկոնոմ կարգով ճանապարհորդեն, «ինչ կմտածեն մեր հանրապետության մասին»,-կասեն մարդիկ: Բայց մյուս կողմից երբեւէ մտածել եք, թե մեր հանրապետության մասին ինչ են մտածում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում եւ մնացած այլ երկրներում, երբ տեսնում են, թե ՀՀ քաղաքացիներն ինչ նվաստացումների եւ զրկանքների են դիմում, ինչպիսի նողկալի պայմաններում են պատրաստ գոյատեւել, միայն թե այդ երկրներում ապրելու իրավունք ստանան:

Պաշտոնյաների վարքագիծը գնահատելու ամենաճիշտ եւ արդյունավետ տարբերակը նրանց ծախսերը եւ գործունեության արդյունավետությունը համեմատելն է: Արդյո՞ք ՀՀ պաշտոնյաներն իրենց գործունեությամբ նպաստում են հանրապետության զարգացմանը: Երբ խնդիրն այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա տեսնում ենք, որ ի դեմս պաշտոնյաների՝ գործ ունենք մարդկանց հետ, ում անմիջական գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների 32 տոկոսը կամ մեկ միլիոն բնակչությունն ապրում է աղքատության պայմաններում: Այդ նույն պաշտոնյաների գործունեության արդյունքում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ տարբեր երկրների միգրացիոն եւ սոցիալական ծառայությունների դռներն են թակում, որպեսզի իրենց երեխաների համար մի կտոր հաց հայթայթեն, կամ որ թույլ տան այդ երկրներում ապրել:

Այն մարդիկ, ովքեր արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ մսխում են Հայաստանի հանրային սեփականությունը, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելով եւ կոռուպցիոն մեխանիզմներ կիրառելով՝ դարձել են միլիոնատերեր, ում համար Հայաստանը չի եղել կամ դադարել է հայրենիք լինել, եւ նրանք վաղուց այլ պետության շահեր են սպասարկում, իրենց պատվից ցածր են համարում շարքային մահկանացուների կողքին ճանապարհորդելը: Իսկ միգուցե նրանք վախո՞ւմ են իրենց գործունեությունից տուժած մարդկանց կողքը նստել:

Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ ՀՀ պաշտոնյաներն իրենց պատասխանատու չեն համարում Հայաստանում տիրող իրավիճակի համար: Եթե նրանք այդ պատասխանատվությունը զգային, ապա հաստատ իրենց ավելի համեստ կպահեին, իսկ խնայված միջոցների հաշվին էլ որեւէ խնդիր կլուծվեր: Եթե պաշտոնյաներն իրենց պատասխանատու զգային Հայաստանում տիրող իրավիճակի համար, ապա ոչ թե կործանարար գործունեություն կծավալեին, այլ ամեն օր կփորձեին ՀՀ քաղաքացիների, պետության համար նշանակություն ունեցող մի խնդիր լուծել: Արդյունքում՝ ոչ մեկի մոտ հարց չէր ծագի, թե ինչու են նրանք բիզնես կարգով ճամփորդում նույնիսկ ոչ պաշտոնական այցերի ժամանակ:

Վահագն Հովակիմյան




Լրահոս