Իշխանությունները փորձում են կեսքայլեր անելով ժամանակ շահել ու այդպես մեղմել Հայաստանում հասունացող բողոքի ալիքը: Այս առումով պատահական չէին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունները:
Նախ` լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանը չի բացառել, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքից կհանվի պարտադիր բաղադրիչը: «Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, եւ օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: Իսկ հարցին, թե պատրաստ են իշխանություններն օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, նա նշել է. «Պատրաստ ենք քննարկել»:
Բացի այդ, խորհրդարանում երեկ ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությամբ արտահերթ կարգով սկսեց քննարկվել «ՀՀ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս հարցում էլ առաջարկեց ժամանակավոր լուծում. հանձնաժողով ստեղծելու փոխարեն ԱԺ-ում կազմակերպել լսումներ: «Առաջարկում եմ բոլոր հարցերը բաժանել ըստ պատգամավորների, ուղարկել բոլոր պատկան մարմիններին, ստանալ պատասխանները եւ այնուհետեւ լսումներ նշանակել: Հրավիրենք եւ բոլորին լսենք մանրամասն, եթե պետք է՝ երկու օր լսում կկազմակերպենք»,-հայտարարեց նա` խոստանալով լսումներին ապահովել բոլոր պատկան մարմինների ներկայությունը:
Ակնհայտ է, որ Հայաստանում իրավիճակը լարված է. մի կողմից՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ալիքը ներգրավվում է նորանոր խմբերի. դա ցույց տվեց շաբաթ օրը Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքը: Մյուս կողմից՝ խորհրդարանական չորս ուժերի միջեւ համագործակցությունը գնալով ավելի է խորանում, ինչը լրացուցիչ անհարմարություն է ստեղծում իշխանությունների համար: Ու հիմա ԱԺ նախագահը փորձում է ցույց տալ, թե իրենք, այնուամենայնիվ, ականջալուր են հասարակության խնդիրներին ու փորձում են լուծել դրանք: Սակայն նրանք իրականում լուծելու փոխարեն փորձում են ժամանակ ձգձգել, հուսալով այդպես մարել կրքերը: Ի դեպ, սա Սերժ Սարգսյանի հայտնի տակտիկան է. նա մշտապես փորձել է խնդիրները նման կերպ լուծել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, թե ինքը իշխանությունների քայլերից չի զգում, թե նրանք պատրաստ են հասարակությանն ընդառաջ գնալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե իշխանությունները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքից հանեն պարտադիր բաղադրիչը, ապա դա կողջունվի բոլորի կողմից: «Դրանից հետո մենք պատրաստ ենք նստել, քննարկել կենսաթոշակային բարեփոխումների թեման»,- ասաց նա: Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, եւ այս համատեքստում իշխանությունների ժամանակավոր նահանջին, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց. «Չեմ ուզում ընդդիմության եւ իշխանության հարաբերություններն ընդունել որպես ռազմական դաշտ: Սա պատերազմի դաշտ չէ, սա քաղաքացիական իրավունքների եւ պետական հանրային շահի պաշտպանության համակարգում տեսակետների բախում է, որի ժամանակ ցանկացած ընդառաջ քայլ ընդդիմադիր դաշտը պատրաստ է ողջունել: Այլ բան է, թե իշխանական դաշտն իրոք պատրաստ է ընդառաջ քայլ կատարել, թե ընդամենը ձեւ է անում, թե` պատրաստ են զիջման, պատրաստ են երկխոսության, սակայն ընդդիմությունը մերժում է: Ցանկացած դեպքում անկեղծության պակասն ավելի վատ հետեւանքների է բերում»:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը երեկ վստահեցնում էր` իշխանություններն ընթացք են տալիս «ամեն դժգոհության»: «Եթե կան պրոբլեմներ, խնդիրներ, դրանք պետք է լուծվեն»,-ասաց նա` հավելելով, որ հասարակական դժգոհություններն իշխանությունները մեղմում են իրենց աշխատանքով: «Շատ լավ կլինի, որ մենք` ՀՀԿ-ականներս, այնպես աշխատենք, որ մեղմվեն ամեն տեսակի բողոքները»,-ասաց նա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ
Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճից կեսօրին հանկարծակի միջանցք դուրս եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Նրանք դահլիճի դռների մոտ սկսեցին ինչ-որ հարցեր քննարկել: Ու մի քանի վայրկյան անց նրանց շուրջ հավաքվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ փորձելով ԱԺ նախագահի հետ իրենց հուզող հարցերի առնչությամբ փոքրիկ զրույց ունենալ: Սակայն Հ. Աբրահամյանը Թ. Պողոսյանի հետ զրուցելուց հետո պատգամավորների ուղեկցությամբ ԱԺ դահլիճ մտավ: «Ժողովուրդ»-ը փորձեց Թեւան Պողոսյանից պարզել, թե ինչն էր ստիպել Հ. Աբրահամյանին Աժ դահլիճ դուրս գալ: «Ընդամենը քննարկում էինք, թե ինչ ֆորմատով կարելի է քննարկել սիրիահայերի մասին խնդիրը, աշխատանքային խնդիր է, ուղղակի մարդիկ ելույթ էին ունենում, ինչքանո՞վ սիրուն կլիներ հասարակ աշխատանքային քննարկումը բոլորի մոտ անել»,- վստահեցրեց Թ. Պողոսյանը:
ԽՆԴԻՐ ՉԿԱ՞
«Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանից պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հայրն է) գործունեության մասով: Նշենք, որ տեղեկություններ տարածվեցին, թե Գյումրիի քաղաքապետը որեւէ հանձնարարություն չի տալիս Ա. Կարապետյանին ու ամեն կերպ ցանկանում է, որ նա ազատման դիմում գրի: Ռ. Սանոյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե իրականում նման բան չկա. «Մշակույթի բաժնի պետն իր տեղում է ու աշխատում է, թե ինչ տեղեկություններ կան ես այլ բան չեմ կարող ասել, ինքը մեկուսացված չէ, ուղղակի մարդն առողջական խնդիրներ ունի ու մի քիչ աշխատանքային բեռը թեթեւացրել են ու դրվել է իր տեղակալների ու մյուս աշխատողների վրա»: Մեր դիտարկմանը, թե Ա. Կարապետյանն այլեւս առողջական խնդիրներ չունի՝ ասաց. «Կարծեմ մի երկու օր առաջ նորից նա դիմել էր աշխատակազմի ղեկավարին, որովհետեւ սրտի հետ կապված խնդիր ունի ու պետք է գար Երեւան»:
7 ՏԱՐԻ ԱՌԱՋ
7 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կյանքի 56-րդ տարում սրտի կաթվածից տանը հանկարծամահ եղած Մարգարյանը ՀՀ կառավարությունը ղեկավարում էր 2000-2007-ը: Ա. Մարգարյանն այն մարդկանցից մեկն էր, ով կարողանում էր իշխանության եւ ընդդիմության միջեւ կոնսոլիդացիան պահպանել՝ իր մարդկային որակների հաշվին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՃԻՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է: Նախ` Ուորլիքը գրել է Հաագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին, ապա մի քանի ժամ անց հստակեցրել է.«Ինձ այսօր ուղղեցին. հակամարտություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ուզում Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար»:
ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է 1909 թվականը, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ, ապա հիշատակել է 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից եւ աքսորներից անմասն չմնաց նաեւ Քեսաբի բնակչությունը։ «Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ` բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նա շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին՝ քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի եւ Ժնեւի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Սարգսյանը:
ՊԱՏՈՒՀԱՆԸ ՓԱԿ Է
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Քոչիյանչիչին՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու ԵՄ որոշումը «հնարավորությունների պատուհան» է բացում Հայաստանի համար, «Մեդիամաքս»-ին ասել է, թե նախորդ շաբաթ ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունում նշված է, որ ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրները հավատարիմ են մնում Ասոցացման համաձայնագրի մնացած մասի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը, որը քաղաքական գլուխների հետ մեկտեղ միասնական գործիք է ձեւավորում»: Այդպիսով՝ պարզ է դառնում, որ ԵՄ-ն չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը։
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է իրենց խնդիրների մասին բաց նամակով բարձրաձայնած մի խումբ տաքսու վարորդների հետ. «Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ՝ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն եւ մրցակցություն»,-նշել է Ծառուկյանը: Իսկ դժգոհ տաքսիստներն էլ, անդրադառնալով իրենց խնդիրներին, նկատել են. «Բերում, էս մեր քյասիբ երկրում եսիմ ինչ օրենքներ են դնում, սա տուգանային հանրապետություն է»:
ՈՒՐԻՇ ԼԻԳԱ ԸՆԿԱՆՔ
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչպես դա արվեց Ուկրաինայի դեպքում, Արեւելյան հարեւանության ծրագրի ջատագովներից Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն ասել է. «Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, ովքեր գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Ուկրաինայի դեմ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք այլեւս պատրաստ են նույն քաղաքական լիգայում լինել մեզ հետ»: