«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը 2008թ. մարտի 10-ին: Հեղինակը քննարկում է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ուշագրավ գնահատականներ հնչեցնում: Դիվանագիտական մակարդակով առաջ է քաշվում Սերժ Սարգսյանի լեգիտիմության բացակայության կասկածը: Ավելին՝ հեղինակն անուղղակիորեն նկատում է, որ իրավիճակի հանգուցալուծման լավագույն ճանապարհը կլիներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հատկանշական է նաեւ ամերիկյան պաշտոնյայի այն կարծիքը, որ Հայաստանի իշխանությունները պարզապես կոպտորեն փակել էին ընդդիմության՝ հաղթանակն ընտրությունների միջոցով ամրագրելու բոլոր ճանապարհները:
Փենինգտոնը փաստաթուղթը սկսում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության հնչեցրած գնահատականի արձանագրմամբ, ըստ որի՝ կասկածի տակ է առնված Սերժ Սարգսյանի՝ առաջին փուլով նախագահ դառնալու փաստը: Հեղինակը հավելում է, որ այսօրինակ ընտրությունները, զինված ուժերի կիրառման եւ արտակարգ դրության հայտարարման հետ զուգակցված, «Սարգսյանին թողեցին լեգիտիմության խստագույն ճգնաժամում»: Հանրային կարծիքներին անդրադառնալիս դիվանագետը նկատում է, որ ներհայաստանյան արձագանքները տարբերվում են, եւ շատերի համար միանշանակ չէ` արդյոք Սերժ Սարգսյանը Քոչարյանի հետ հավասար մեղավորություն ու պատասխանատվություն ունի: Փենինգտոնը հայտնում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները վավերացնելու հայտարարությունն ինքնին այլեւս հավանական չի դարձնում ընտրությունների երկրորդ փուլը, ինչը հայաստանցիների համար արդար ելք կհամարվեր:
Ներկայացնելով իրավիճակի զարգացման ուղիների շուրջ առավել հաճախ հնչող կարծիքներից մեկը՝ ամերիկացին կանխատեսում է, որ միգուցե Սերժ Սարգսյանը հաղթահարի առաջացած ճգնաժամը ժողովրդավարական մեծ քայլերով՝ վերադարձնելով հասարակական աջակցությունն ու լեգիտիմությունը: Վերադառնալով իրականություն, սակայն, Փենինգտոնը նկատում է՝ «առավել հավական է, որ Սարգսյանը կգործի նույն եղանակով եւ կհիմնվի ոստիկանության ու անվտանգության ծառայությունների վրա՝ չհանդուրժելով այլակարծությունը»: Ավելին՝ հեղինակը կարծում է, որ իշխանության գործողությունները հասարակական իրավունքների ոտնահարման ուղղությամբ էլ ավելի կխորացնեն ճգնաժամը՝ ավելացնելով իշխանության ղեկին մնալու համար Սարգսյանի կախվածությունն անվտանգության ուժերից՝ ռիսկի ենթարկելով եւ վտանգի տակ դնելով երկրի կայունությունը կամ էլ հարատեւ ավտորիտար քաղաքական միջավայր հաստատելու վտանգ ստեղծելով:
Դիվանագետը ԱՄՆ Պետդեպին ուղարկված սույն զեկուցագրում հորդորում է Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդավարական քայլեր անելու պարագայում աջակցել նրան եւ դյուրացնել ընդդիմության հետ երկխոսությունը: Ուշագրավ է, որ ամերիկյան պաշտոնյայի վերոնշյալ տողերն իշխանության հասցեին ընդդիմության կողմից հնչած քննադատությունից էլ ավելի խիստ էին: Ակնհայտ է, որ Սարգսյանի՝ առաջին փուլով հաղթանակը ոչ միայն կասկածի տակ է առնված, այլեւ ուղղակիորեն ժխտված է ընտրությունների արդար ու ազատ անցկացման մասին պնդումը:
Հատկանշական է նաեւ այն, որ Փենինգտոնը ճշգրտորեն կանխատեսել է Սերժ Սարգսյանի ապագա գործունեությունը՝ անկայուն կառավարում եւ բռնապետական միջավայր ստեղծելու հեռանկար: Այս եւ նախորդ 5 տարիներին Հայաստանը գտնվել է մշտական լարվածության եւ հուզումների միջավայրում, իսկ այսօր իշխանությունը Սահմանադրության փոփոխության միջոցով հավերժորեն իշխելու հայտ է ներկայացրել: Այս ամենով հանդերձ ԱՄՆ-ն ընդառաջեց իր դիվանագետի հորդորներին եւ աջակցեց Սերժ Սարգսյանի՝ ժողովրդավարական ձեւական քայլերին՝ փաստացիորեն մեծապես նպաստելով վերջինիս իշխանավարության շարունակականությանը:
Շարունակելով ընտրությունների գնահատումը՝ Փենինգտոնը հիշատակում է բազում դիտորդների տեսակետները, որոնք չեն հավատում Սերժ Սարգսյանի արդար հաղթանակին: Այս հանգամանքով պայմանավորված՝ դիվանագետն արձանագրում է. «Մենք դժվարանում ենք վիճել այս հարցում»: Փենինգտոնը հավելում է, որ Սերժ Սարգսյանը միայնակ չէր կարող անարդար այդ հաղթանակը տանել, եթե չունենար Ռոբերտ Քոչարյանի եւ այլ ազդեցիկ պաշտոնյաների աջակցությունը հանձինս հակաժողովրդավարական գործողությունների:
Դիվանագետը համարում է, որ Սերժ Սարգսյանը տապալել է իր առաջադրանքը՝ թույլ չտալու իշխանության ապօրինություններն իր հաղթանակի համար: Ամերիկացին արձանագրում է, որ «Սարգսյանը լավագույն, արեւմտամետ պաշտպանության նախարար էր, ով արագացնում էր Հայաստանի՝ եվրա-ատլանտյան մերձեցումը»: Ենթադրելի է, որ ամերիկյան կողմի համար Սերժ Սարգսյանին մատուցած աջակցության հարցում այս հանգամանքը վճռական նշանակություն է ունեցել, թեպետ ներկայումս ԵՏՄ-ի հետ կապված գործընթացներում բացահայտվեց սարգսյանական «արեւմտամետությունը»:
Ընդդիմության գործողություններին անդրադառնալով՝ հեղինակը հայտնում է, որ իրեն այս ճամբարից մշտապես փոխանցել են իշխանության՝ ընտրությունները կեղծելու պատրաստակամության մասին, ինչով էլ պայմանավորված էր այն հանգամանքը, որ իրենք իրենց ռազմավարությունը կառուցել էին գլխավորապես հետընտրական հանրահավաքների վրա, որոնց միջոցով հնարավոր կլիներ հեռացնել իշխանություններին: Փենինգտոնը պնդում է, որ իրադարձությունների ընթացքը ապացուցեց Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների իրավացիությունը:
Ավելին՝ դիվանագիտական մակարդակով արձանագրված է, որ իշխանությունը բռնությամբ փակել էր ընդդիմության հաղթանակի բոլոր արդար ճանապարհները: Դիվանագետն ամփոփում է, որ Սարգսյանի միակ ճիշտ ճանապարհը Քոչարյանից հրապարակայնորեն տարբերվելն է եւ իրական գործողություններով սեփական սխալներն ընդունելն ու դրանց շտկմանը ձեռնամուխ լինելը, «ինչին, սակայն, Սարգսյանը կարծես պատրաստ չէ»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ