Երեկ ԿԸՀ-ն գրանցել է խորհրդարան անցած 6 քաղաքական ուժերի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ցուցակները: Ասել է թե` արդեն հայտնի է գալիք խորհրդարանի ամբողջական կազմը, եւ կարելի է գնահատել, թե որքանով էր այս կամ այն քաղաքական ուժն անկեղծ, երբ անցած տարի բարձրաձայնում էր ԱԺ կազմը թարմացնելու անհրաժեշտության մասին:
Ու թեեւ այս առումով պատկերը որոշակիորեն հստակեցվեց նախընտրական ցուցակների հրապարակումից անմիջապես հետո, սակայն հաշվի առնելով մեր քաղաքական իրականությունում լայնորեն կիրառվող «միանգամայն կամավոր» ինքնաբացարկների պրակտիկան, մինչեւ դրանց ընդունման վերջին օրը սկզբունքորեն պետք չէր բացառել որեւէ ցուցակային անակնկալ: Հետեւաբար դժվար էր ասել՝ որքանով էին իրական այն կանխատեսումները, թե ՀՀԿ-ն իր ցուցակում ներառած այլ կուսակցությունների ղեկավարներին` ի դեմս Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի եւ Հայկ Բաբուխանյանի, ընտրությունների շրջանում կօգտագործի եւ վերջում նրանց կթողնի առանց մանդատների: Ինչպես տեսանք, այդ կանխատեսումները չիրականացան: Ավելին, ՀՀԿ-ն, գոնե քարոզչական տիրույթում, որեւէ կերպ չօգտագործեց նշված գործիչների ունեցած շատ կամ քիչ հեղինակությունը եւ ավելի շատ տվեց նրանց, քան ստացավ: Թե որն էր այդ քայլի նպատակը, դժվար է ասել: Համենայնդեպս, այն պետք չէ փնտրել Հանրապետական կուսակցության շահերի տիրույթում, դա ավելի շատ գալիք նախագահական ընտրություններին միտված քայլ էր:
Ինչեւէ, եթե դիտարկենք նոր խորհրդարանի ամբողջական կազմը, ապա պետք է նկատենք, որ նախորդ ԱԺ-ում ներկայացված 5 քաղաքական ուժերն էլ այս անգամ ներկայանալու են որոշակիորեն թարմացված կազմով: Սակայն սա այն դեպքն է, երբ թարմ ասելով` ավելի շատ կարելի է հասկանալ խակ: Ընդ որում, ցավալին այն է, որ առավել հաճախ այդ թարմությունը ներմուծվեց ի հաշիվ նախորդ խորհրդարանում ակտիվ եւ արդյունավետ գործունեություն ծավալած պատգամավորների: Եթե մի կողմ դնենք Հայ ազգային կոնգրեսի ապագա խմբակցության անդամներին, որոնք բոլորն էլ փորձառու քաղաքական գործիչներ են, ապա կտեսնենք, որ մնացած բոլոր խմբակցությունների համալրումն էլ եղել է ի հաշիվ առավել փորձառուների: Օրինակ` ՕԵԿ ցուցակում ներմուծվել է քաղաքական նորելուկ Սամվել Թադեւոսյանը` դուրս մղելով Հովհաննես Մարգարյանին, ՀՅԴ-ում տեսնում ենք Արմեն Բաբայանին, որը գրավեց Արտյուշա Շահբազյանի տեղը, «Ժառանգություն»-ում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ թեեւ մանդատներ ստացած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը փորձառու քաղաքական գործիչներ են, սակայն նրանց մուտքով ԱԺ-ն զրկվեց իր ամենաակտիվ պատգամավորներից` Ստեփան Սաֆարյանից եւ Անահիտ Բախշյանից: Դեռ չասած` Լարիսա Ալավերդյանի եւ Արմեն Մարտիրոսյանի մասին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին, ապա այստեղ նման օրինակները բազմաթիվ են: Օրինակ` ԲՀԿ-ն զրկվեց իր ամենաբանիմաց պատգամավորներից՝ Վարդան Բոստանջյանից, Արամ Սաֆարյանից եւ Էռնեստ Սողոմոնյանից` նրանց փոխարեն ներառելով Վահան Բաբայանին, Տիգրան Ուրիխանյանին, Ստեփան Մարգարյանին եւ Էլինար Վարդանյանին: Իսկ ՀՀԿ-ն էլ գերադասեց ՄԻԱԿ-ական Լեւոն Մարտիրոսյանին, Նաիրա Կարապետյանին ու վերը նշված քաղաքական հնաբնակներին սեփական ակտիվ ու փորձառու պատգամավորներից` ի դեմս Գագիկ Մելիքյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Լեռնիկ Ալեքսանյանի եւ Վազգեն Կարախանյանի:
Ամփոփելով ձեւավորված պատկերը` հանգում ենք այն տխուր եզրակացությանը, որ ներկայում քաղաքական դաշտում նախապատվությունը տրվում է առավել վերահսկելի գործիչներին:
ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԻԺ ՉՄՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ