ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց Հայ ազգային կոնգրեսի հայցի քննարկումը: Պատասխան խոսքով հանդես եկավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ավելի քան մեկ ժամ տեւած ելույթում նա հերքում էր ընտրությունների կեղծման մասին ՀԱԿ փաստերը: Ըստ Մուկուչյանի՝ Կոնգրեսի ներկայացրած փաստերը ծանրակշիռ չեն՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Մուկուչյանը հայտարարեց, թե կնիքների, կրկնակի քվեարկության, կուտակումների մասին տեղեկությունները ենթադրությունների ոլորտից են, իսկ արձանագրված դեպքերն էլ բավարար չեն ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Նա շեշտեց, որ ընտրատեղամասերում ՀԱԿ-ի 2200-ից ավելի վստահված անձանց ընդամենը 2 տոկոսն է օգտվել տեղամասում քվեարկության արդյունքը բողոքարկելու կամ վերահաշվարկ պահանջելու իր իրավունքից, մյուսները չեն բողոքել:
ՀԱԿ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը Մուկուչյանի ուշադրությունը հրավիրեց մի քանի կոնկրետ փաստերի վրա. մասնավորապես վկայակոչելով հենց ԿԸՀ-ի պաշտոնական տվյալները՝ նա հայտարարեց, որ 1222 ընտրատեղամասերում ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը ավելին է եղել քվեատուփից դուրս բերվածներից: 1222 տեղամասերը հանրապետության բոլոր տեղամասերի 62 տոկոսն են, եւ Գրիգորյանի խոսքերով՝ սա խոսում է կարուսելի վտանգի մասին:
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց Կոնգրեսի հայցի քննությունը: Վահե Գրիգորյանն ասաց, որ ԿԸՀ-ն գրավոր չի ներկայացրել իր հարցերի պատասխանները, հետեւաբար պատրաստ չէ հանդես գալ: Այդ պատճառով էլ նա խնդրեց հետաձգել նիստը: Հաջորդ նիստը կլինի այսօր՝ ժամը 12:00-ին. կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
ԱՅՍՕՐ ԿԼՍԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ