ԲՀԿ-ի՝ վերջին շրջանի անակնկալ պահվածքը, երբ ԱԺ-ում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը հրաժարվեց մաս կազմել իշխող կոալիցիային, շարունակում է մնալ քաղաքական կուլիսներում ամենաքննարկվող թեմաներից մեկը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին հանրահավաքային ելույթներից մեկում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ քաղաքագիտական հայտնի վերլուծությամբ՝ ԲՀԿ-ի՝ իշխանությունից տարանջատվելու եւ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին: Ժամանակին այդ հեռանկարը շատերին թվում էր անիրական, նույնիսկ ՀԱԿ ներսում այս վերլուծությունը դժգոհությունների առիթ էր տվել: Ժամանակը, սակայն, ցույց տվեց հակառակը. նախընտրական շրջանում ԲՀԿ-ն համագործակցեց ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ: Այնուհետեւ տեղի ունեցավ անսպասելին. ի հեճուկս բոլոր կանխատեսումներին, թե ԲՀԿ-ն ընդդիմության հետ համագործակցությունն օգտագործելուց, այդպես՝ ընտրություններում պատկառելի ձայներ ստանալուց հետո «քցելու է» նրանց՝ վերադառնալով կոալիցիա, տեղի ունեցավ հակառակը. ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիայի մաս կազմելուց:
Ու հիմա շատերին են հետաքրքրում ԲՀԿ հետագա քայլերը: Ընդ որում, ԲՀԿ հետագա քայլերն անհայտ են անգամ այս կուսակցության շատ ներկայացուցիչների համար: Ակնհայտ է մեկ բան՝ ԲՀԿ-ն չի գնա ծայրահեղ, արմատական ընդդիմադիր դաշտ, բայց եւ՝ չի լինելու իշխանություն:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը երեկ է վերադարձել արտերկրից, հենց այսօր էլ պատրաստվում է հանդիպել իր կուսակցության վերնախավի, պատգամավորական կորպուսի եւ նախարարների հետ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, երեկ որոշ կուսակիցների հետ արդեն հանդիպումներ է ունեցել, փորձել շոշափել նրանց տրամադրությունները, կիսվել ապագայի մասին պլաններով: Ծառուկյանը երեկ ԲՀԿ-ականներին խորհուրդ է տվել գնալ ԿԸՀ, վերցնել մանդատներն ու հանգիստ աշխատել: Նա տեղեկացրել է, ԱԺ-ում ԲՀԿ-ն ունենալու է 4 մշտական հանձնաժողովի նախագահ եւ 2 փոխնախագահ:
Ծառուկյանը երեկ իր մտերիմներին արդեն ասել է, որ նույն խոսքերը նախատեսում է փոխանցել մյուսներին: Ենթադրվում է, որ այսօր կուսակիցներին կասի, որ կոալիցիա չմտնելու իր որոշումը ճիշտ էր, ու դրանից չպետք է իրար խառնվել: Կպնդի, որ ամեն ինչ լավ է լինելու, որ ինքը գիտի՝ ինչ է անում, կարեւորը՝ «դուխներդ տեղը լինի»: Նա կհիշեցնի, որ պետք չէ իշխանության հետ գնալ սուր առճակատումների, բայց եւ՝ չպետք է անտեսել խնդիրները: Ըստ նրա՝ հարկավոր է լինել կառուցողական դաշտում, չխուսափել քննադատություններից, բայց՝ դրանք անել չափավոր: Նույնիսկ նախանշվում է, որ իշխանություններին հիմնական քննադատողները լինելու են Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, որոնք նաեւ ԲՀԿ կոալիցիայի կազմում եղած ժամանակ էին պարբերաբար հանդես գալիս սուր քննադատություններով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօրվա հավաքը կայանալու է ժամը 14:30-ին՝ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: Իսկ ժամը 16-ին էլ Ծառուկյանը հանդիպելու է իր նախարարների հետ: Երեկ արդեն նա խոսել է նաեւ ԲՀԿ-ական նախարարների հետագա ճակատագրի մասին, քանի որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, կոալիցիա չկազմելու վերաբերյալ իր որոշումն անակնկալ է եղել կուսակիցների, առաջին հերթին՝ կառավարության ԲՀԿ-ական անդամների համար: Ավելին, տեղեկություններ կան, որ նրանցից ոմանց սրտով չի եղել այս որոշումը, բայց ստիպված են ենթարկվել: Ծառուկյանը երեկ արդեն ասել է, որ ամռանը պետք է մի լավ հանգստանան, իսկ աշնանն արդեն բոլորովին այլ իրավիճակ է լինելու: «Չմտածեք, դուխներդը տե՛ղը պահեք, մի լավ հանգստացեք, որովհետեւ աշնանը բոլորովին այլ վիճակ է լինելու»,-ասել է նա՝ հավելելով, որ նույն խոսքերը նաեւ այսօրվա հավաքին է ասելու:
Այնուամենայնիվ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա կոալիցիա կազմելուց հրաժարվելու իրական պատճառները այնուամենայնիվ, գաղտնի է պահելու:
Այսպիսով՝ առաջիկայում ԲՀԿ-ն չի դառնա արմատական ընդդիմություն, դուրս չի գա փողոց: Իսկ դա նշանակում է, որ Ազատության հրապարակի ու փողոցի տերը շարունակելու է մնալ Հայ ազգային կոնգրեսը կամ նոր ձեւավորվելիք ընդդիմադիր բեւեռը:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ ԿՊԱՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ