Արդեն երեք շաբաթ է, ինչ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել մանրամասները, թե ինչից է առաջացել դատախազության կողմից քննչական կոմիտեի քննիչներին հետապնդելու միտքն ու իրավական հիմքերը: Պարզվում է՝ իր մեղքի բաժինն ունի նաեւ գործավարուհին:
Եվ այսպես՝ 2014թ. մայիսի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արսեն Մարգարյանը որոշում է կայացրել քաղաքացի Լիլիթ Սարգսյանի կողմից իր անչափահաս դստեր՝ Վիկտորյա Սարգսյանին ծեծելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցել: Իսկ արդեն հուլիսի 14-ին Շենգավիթ վարչական շրջանի քննչական կոմիտեի քննիչ Հակոբ Մանուկյանը Լիլիթ Մարգարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա խոշտանգել է անչափահաս դստերը` Վիկտորիա Սարգսյանին:
2014թ. հոկտեմբերի 10-ին քննիչ Մանուկյանը 5-րդ անգամ որոշում է կայացրել հիշյալ գործով նախաքննության ժամկետը եւս 1 ամիս ժամանակով երկարացնելու միջնորդություն հարուցել: Ուստի իր որոշման օրինակները՝ քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի ստորագրությամբ, նույն օրը հանձնել է քննչական բաժնի գրասենյակի գործավար Նարինե Սարդարյանին, որը նշված փաստաթղթերը գրանցել է իր հաշվառման մատյանում, որպեսզի ուղարկի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն:
Եվ հենց այս պահից էլ սկսվել է ողջ խառնաշփոթը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություների` բաժնի գործավարուհի Նարինե Սարդարյանը փաստաթղթերը Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն ուղարկելու փոխարեն ուղարկել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Իսկ երբ ոստիկանությունը հետ է ուղարկել գրությունը՝ պատասխանելով, թե սա իրենց գործը չէ, հոկտեմբերի 14-ին համապատասխան որոշումը գործավարուհին ուղարկել է դատախազություն, որը տեղ է հասել հենց նույն օրը:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, վարչական շրջանի դատախազ Արսեն Մարգարյանը հետ է ուղարկել քննիչի որոշումը եւ նշել, որ քննիչի գրությունը դատախազախությունը ստացել է նախաքննության ժամկետի ավարտից մեկ օր հետո, մինչդեռ քննիչը պարտավոր էր ներկայացնել դատախազին քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ: Քանի որ ժամանակագրական անհամապատասխանություն է նկատել դատախազը, անմիջապես զեկուցել է ՀՀ գլխավոր դատախազին:
Արդյունքում՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության՝ հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այն հանձնվել է հատուկ քննչական ծառայության՝ նախաքննություն կատարելու համար:
Ի՞նչ է ասել քննիչը
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում Շենգավիթի քննիչ Հակոբ Մանուկյանն ասել է՝ եթե նախապես տեղյակ լիներ, որ գործավարը սխալվել է եւ իր կայացրած որոշումը ժամանակին դատախազությունը չի ուղարկել, ինքը միջոցներ կձեռնարկեր, որպեսզի որոշումը ժամանակին հասներ դատախազություն, եւ դրա հետ կապված խնդիրներ չառաջանային:
Ավելին՝ ըստ Հակոբյանի ցուցմունքի, երբ դատախազը չի երկարացրել քրեական գործի նախաքննության ժամկետը, ինքը կատարելով բաժնի պետի տեղակալի ցուցումը՝ ավարտել է քրեական գործի նախաքննությունը եւ հոկտեմբերի 16-ին կազմել մեղադրական եզրակացություն եւ գործը ուղարկել դատախազություն:
ՀՔԾ մեր աղբյուրներից պարզեցինք՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Արսեն Մարգարյանը, թեեւ նախաքննության ընթացքում որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության, սակայն չի ներկայացել: Հետագայում պարզվել է, որ նրան հարցաքննելու անհրաժեշտությունը վերացել է:
Շենգավիթի քննչական բաժնի գրասենյակի գործավար Նարինե Սարդարյանը հայտնել է, որ կատարվածն իր անուշադրության հետեւանքով է եղել: Երբ ոստիկանության Շենգավիթի բաժնի քարտուղարությունից հետ է ստացել փաստաթղթերը եւ դրանք ուղարկել դատախազություն, քննիչ Հակոբ Մանուկյանին, քննչական բաժնի պետին կամ տեղակալներին չի հայտնել փաստաթղթերը սխալ ուղարկելու փաստի մասին եւ չի մտածել, որ իր սխալմունքը կարող էր այսպիսի բարդ իրավիճակ ստեղծել: Արդյո՞ք գործավարուհին ճիշտ է ասել, թե՞ փորձել է «փրկել» քննիչներին, դժվար է ասել: Բայց որ դատախազ Մարգարյանը որեւէ քայլ չի ձեռնարկել՝ իմանալու, թե ինչու է նախաքննության ժամկետի որոշումը իրեն ուշ հասել, դա արձանագրվել է նաեւ պաշտոնապես:
Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՔԾ-ն կարճել էր Շենգավիթի քննիչների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Սակայն նոյեմբերի 18-ին գլխավոր դատախազությունը իր որոշմամբ վերացրել է քննիչների գործը կարճելու` ՀՔԾ որոշումը եւ գործում, որպես արդեն մեղադրյալներ, ներգրավել վերը նշված քննիչներին:
Թե ինչքան կտեւի իրավական այս «տուրուդմփոցը», դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ դատախազության եւ քննչական կոմիտեի միջեւ լարված փոխհարաբերությունների աշխարհագրությունն օրըստօրե մեծանում է: Բայց այս պատմության մեջ առավել տխուր վիճակում է հայտնվել անչափահաս երեխան, ում ընտանիքի շուրջ ստեղծված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ:
Քնար Մանուկյան