ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նա ողջունել է բարոնուհուն եւ բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին ու Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

ՉԻ ԿԻՍՎԻ
Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ  նախարարությունը չի կիսվելու: «Համենայնդեպս, ես նման խոսակցությունների, տարբերակի ծանոթ չեմ: Կարծում եմ, որ լիներ, ես պիտի իմանայի չէ՞»,-ասել է  Մովսիսյանը: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր կառավարությունում լինելու են 2` էներգետիկայի եւ ընդերքի նախարարություններ:

ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Պատճառն այն է, որ Անանյանը չէր հասցնում խոսնակի գործը համատեղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի աշխատանքի հետ, ինչը երբեմն վարչապետի դժգոհությունն էր հարուցում: Այժմ նա ընդհամենը «Արմենպրես»-ին զուգահեռ խորհուրդներ կտա վարչապետին:

ՁԻԴ ԿԱՄ ԳԼՈՒԽԴ
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն իր պատգամավոր չդառնալու հարցում միակ մեղավորը համարում է Սերժ Սարգսյանին: Նա նաեւ վստահեցրել է, որ  ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել Գագիկ Ծառուկյանի զենքի սպառնալիքի ներքո: Քաղաքագետը վստահ է, որ ԲՀԿ-ին 15 տոկոս ձայն ինքն է բերել: Իսկ կլինի արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ն ընդդիմություն, թե ոչ՝ քաղաքագետի կարծիքով՝ ժամանակը ցույց կտա. «Այստեղ այնպիսի իրավիճակ է, որ կարծես աջ գնաս՝ ձիդ կկորցնես, ձախ` գլուխդ: Բավականին բարդ վիճակ է»:

ՇՈՒԿԱՅԻ ՀԱՐՑՈՎ
Փակ շուկայի խնդրով մշակույթի նախարարի ու Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով: «Շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով` շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են: ՀՀ մշակույթի նախարարի ու Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության արդյունքներով ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը»,-ասված է տարածված հաղորդագրությունում:

ՓՐԿԵ՛Ք ԿՈՄԱՅԳԻՆ
Մայիսի 29-ի գիշերը Երեւանի Կոմայգում տրանսվեստիտների ուղղությամբ արձակված կրակոցների կասկածանքով երեկ բերման են ենթարկվել 22-ամյա Գոռ Տ.-ն եւ  21-ամյա Գրիգոր Ե.-ն, որոնք, ներկայացնելով «Բայկալ ՄՊ-654Կ» տիպի օդամղիչ ատրճանակը, հայտնել են, որ Երեւանի քաղաքապետարանի մոտ գտնվող այգում իրենք են կրակել Գեւորգ Թ.-ի եւ Տիգրան Ք.-ի ուղղությամբ: Հիշեցնենք, որ ամենագնացի սրահից կրակոցներ էին արձակվել 21-ամյա Գեւորգ Թ.-ի եւ 43-ամյա Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով առաջինը ոտքի մասում ստացել էր վնասվածք: Տուժած տրանսվեստիտներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:




Լրահոս