ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԱՆՋՆԵՐ ՊՈԿԵԼՈՒ ՎԱՐՊԵՏ ԲՆԱՊԱՀՊԱՆԸ

ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, երեկ աչքի է ընկել շարքային խուլիգանին հարիր պահվածքով:

Հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ կառավարության կազմակերպած միջազգային կոնֆերանսի ժամանակ, մի խումբ բնապահպաններ ցուցանակներով մտել են դահլիճ, ընդհատել միջոցառումը՝ իրենց բողոքն արտահայտելով հանքարդյունաբերության ոլորտում տիրող աղետալի վիճակի վերաբերյալ: Նրանք նույնիսկ նախարարներին առաջարկել են խմել իրենց հետ բերած կեղտոտ գետաջուրը, որն առաջացել է հանքավայրի շահագործման հետեւանքով: Սա դուր չի եկել Արամ Հարությունյանին, ով ակտիվիստներից մեկին սպառնացել է. «Չափդ ճանաչի, այ տղա… Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռդ, լակոտ»: Հարությունյանն, իհարկե, միակ ՀՀԿ-ական պաշտոնյան չէ, որ աչքի է ընկնում նման ցինիկ պահվածքով. ժամանակին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը խոստանում էր լրագրողի «ծնոտը պոկել»: Բայց այս բոլոր միջադեպերից, սպառնալիքներից հետո ՀՀԿ-ականները մնում են անպատիժ՝ իրենց տեղում: Հիշո՞ւմ եք՝ ՀՀԿ 2012թ. դեկտեմբերի 15-ի համագումարում Սերժ Սարգսյանը կուսակիցներից պահանջել էր. «Հայաստանի քաղաքացու հետ պետք է «դուք»-ով խոսել»: Բայց ՀՀԿ-ականներն անտեսում են նրա այս հորդորը:
Հ. Գ. «Ժողվուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզի ապօրինի անտառահատման դեպքերով դարձյալ քրեական գործ է հարուցվել: Սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, հավանաբար, էլի «կպլստա»:
ԵՎրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, արդյոք ՀՀ իշխանություններին հաջողվում է կոռուպցիայի դեմ իրական պայքար մղել: «Անցյալ տարի մենք ունեցանք սեմինար, որն ուղղված էր բոլոր նրանց, ում հետաքրքրում էր այս ամենը… Եվ պետական մարմիններ են մասնակցել այդ սեմինարին, վստահ եմ ու կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա պետական մարմինների կողմից հասկանալու, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, ապա… Կարծում եմ, որ այդ գործողությունները պետք է շարունակվեն ապագայում»,-նշեց դեսպանը: «Ժողովուրդ»-ի մյուս հարցին, թե կարելի՞ է ասել, որ ՀՀ իշխանությունները կոռումպացված չեն, պարոն Հրիսթեանը դիվանագիտական պատասխան տվեց. «Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի դրա մասին»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձեւի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից: Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով` ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչեւ ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը: Տեղեկացանք, որ այս վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի բանաձեւի ընդունում՝ քվեարկությամբ: Ու հիմա սպասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են լոբբիստական խմբերի միջոցով դիմել ՀՀ իշխանություններին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում «դեմ» քվեարկի բանաձեւի նախագծին:

 

Շաբաթ օրը «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներն ու նախարարները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ «Օջախ» ռեստորանում կրկին հանդիպել են ու «մի կտոր հաց կիսել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ նրանց հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, ՕԵԿ-ականները միմյանց կենաց են խմել ու ջերմ բաժանվել միմյանցից: Նախարարներից մեկը բաժակ բարձրացնելիս Արթուր Բաղդասարյանին հասկացրել է, որ եթե ինչ-որ բան ունի ասելու, կարող է ուղիղ իրենց ասել եւ ոչ թե ԱԺ ՕԵԿ պատգամավորների դժգոհությունը բեմադրել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, ով ասաց, թե «ՕԵԿ-ականները, որտեղ էլ որ հանդիպում են միմյանց հետ չեն կռվում, բոլոր հանդիպումներն էլ անցնում են ջերմ, կոնստրուկտիվ մթնոլորտում»: Հիշեցնենք, որ մարտի սկզբին ՕԵԿ-ականները նույն ռեստորանում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ՝ նույն կազմով, որտեղ ԱԺ պատգամավորները քննադատել էին նախարարներին: Փաստորեն, Ս. Սարգսյանին հաջողվել է բարիշացնել ՕԵԿ-ականներին:

 

 

 

 

 

 

 
ՃՆՇՈՒՄԸ
ԿՈՒԺԵՂԱՆԱ

 

Մարտի 19-ին կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը», Ուկրաինայի Ռադայում հնչեցին կոչեր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ մեր երկրում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին: Զուգահեռաբար` եվրոպական տարբեր երկրների դիվանագիտական խողովակներով բացասական ազդակներ փոխանցվեցին ինչպես Հայաստանի` օտար լիգայում խաղալու, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի հետ կապված: Փոխարենը, սակայն, Ռուսաստանին անվերապահ նվիրվածության այս վերջին հրապարակային դրսեւորումից հետո Սերժ Սարգսյանը առավել վստահ տոնով հայտարարեց, թե Հայաստանի անվտանգության մակարդակը երբեք այսքան բարձր չի եղել:

Երեկ, սակայն, Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը «Ազատության»-ն ասել է, թե Հայաստանի իշխանություններն իրեն տեղեկացրել են, որ Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը միայն ճանաչել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ ոչ թե Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Դեսպանը, չողջունելով հանդերձ Ղրիմի մասով ինքնորոշման իրավունքի հետ կապված Ս. Սարգսյանի հայտարարությունը, այդուհանդերձ, նշել է, որ դա ընկալելի կարելի է համարել` հաշվի առնելով Ղարաբաղի հարցը: Սակայն այդպիսով` Գերմանիայի դեսպանը, փաստորեն, բացահայտել է ՀՀ իշխանությունների վարած երկակի խաղը: Իհարկե, այս դեպքում նման դիվանագիտական «մանեւրները» միայն ողջունելի են, քանի որ Հայաստանի շահերից է բխում չեզոքության պահպանումը` բնականաբար ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման: Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ դա արվել է բավականին «կացնային ձեւով», ինչի արդյունքում, պաշտոնական Երեւանի վրա առաջիկայում կուժեղանա ռուսական կողմի ճնշումը` առավել հստակ դիրքորոշում հայտնելու պահանջով:
Եվ որքան էլ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե «մենք ունենք մի որակ, մի հատկանիշ` մենք չենք փորձում որեւէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք` սա է մեր շահը», ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում թե՛ Արեւմուտքին, եւ թե՛ Ռուսաստանին հնարավորինս դիվանագիտորեն մոլորեցնելուց բացի Սերժ Սարգսյանն այլ ճանապարհ չունի: Այլ բան է, որ ինչպես նա ինքն է նշել, նման գործիչները քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունենում:

 




Լրահոս