Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունում այս օրերին քննարկվող թեման դարձել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կընտրվի, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ ձայներ հավաքել եւ պարտվեց: Իսկ քանի որ Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը մտածում է նրան «շնորհել» գոնե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը, որը մինչեւ այժմ պատկանում էր ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին:
«Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել Դալլաքյանից, սակայն վերջինս շատ վրդովված էր ու անտեղի գոռում էր, թե այլեւս իրեն չզանգենք: Զրուցեցինք ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: «Ոչ միայն պարոն Դալլաքյանի հետ կապված, այլեւ որեւէ նախարարական պորտֆելի հարց մենք դեռեւս չենք քննարկել, գործադիրի հետ կապված չեմ կարող ասել, թե երբ են լինելու քննարկումները»,-ասաց ՀՀԿ մամլո խոսնակը՝ հավելելով, որ այսօրվա նիստի ժամանակ կքննարկվի խորհրդարանականների հարցը:
Նշենք, որ այսօր՝ 19:30-ին, սպասվում է ՀՀԿ ԳՄ նիստ, իսկ 20:00-ին՝ խորհրդի:
ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱ՞Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ