Շարունակելով քննարկել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» փաստաթղթում ներառված մոտեցումները՝ այսօր հարկ է անդրադառնալ մի շարք հետաքրքրական դրույթների, որոնք իբրեւ հիմնավորում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ դրանց շարքում հեղինակները հատկապես ընդգծում են իշխանական տիրույթում ստվերային երեւույթների վերացման հրատապության խնդիրը: Ավելին՝ «Հայեցակարգը» պնդում է, որ գործող Սահամանադրությունը հնարավորություն չի ընձեռում իրավունքի պաշտպանությունն ամբողջապես իրականացնելու համար: Ի վերջո, փաստաթղթում մատնանշվում է, որ նոր Սահմանադրությունը պիտի սահմանափակի իշխանության հայեցողությունն ու սուբյեկտիվ դրսեւորումները:
«Հայեցակարգի» «Ներածություն» բաժնում նախ եւ առաջ արձանագրված է, որ սահմանադրական փոփոխությունների իրականացումն այն հիմնական եղանակն է, որ ապահովելու է պետաիշխանական մարմինների լիազորությունների իրականացման ընթացքում ստվերային երեւույթների բացահայտումն ու վերացումը: Համաձայնելով հանդերձ իշխանության մարմինների փոխհարաբերություններում առկա հակակշիռների մեխանիզմների թերի լինելու հանգամանքի հետ՝ հարկ է նկատել, որ գործող սահմանադրությունն ինքնին չի աջակցում կամ նույնիսկ քարոզում ստվերային երեւույթների տարածումն ու անպատժելիությունը: Պետաիշխանական մարմինների կողմից լիազորությունների իրականացման ընթացքում ստվերային գործողությունների առկայությունն ամենեւին սանձահարված չէ գործող սահմանադրությամբ, որը համապատասխան պետական կառույցներին օժտում է կոնկրետ լիազորություններով՝ ստվերային երեւույթների դեմ պայքարելու եւ դրանք վերացնելու նպատակադրությամբ:
Վերջին շրջանում ամենամեծ աղմուկը հանած ստվերային երեւույթներից մեկն անմիջականորեն կապված էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ: Ավելին՝ Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է օֆշորային հաշիվ բացել որեւէ մեկի անունով՝ առանց նրա իմացության, նկատել էր, որ օֆշորային հաշիվ բացել ցանկացողի անձը նույնականացվում է, եւ հակառակը պարզապես բացառված է: Այսպիսով՝ ակնհայտ դարձավ, որ պետության բարձրագույն պաշտոնյաներից մեկը ներքաշված է մի խայտառակ ապօրինության մեջ, ինչով առաջին հերթին պետք է զբաղվեր ՀՀ դատախազությունը: Սակայն նման բան ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ օֆշորային հայտնի սկանդալի գլխավոր հերոսը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Արդ, մի՞թե գործող Սահմանադրությունն էր կաշկանդում դատախազությանն իրական հետաքննություն նախաձեռնելու հարցում: Պետաիշխանական մարմինների լիազորությունների իրականցման գործում առկա ստվերային երեւույթների համար Սահմանադրությանը մեղադրելն ամենադյուրին ճանապարհն է՝ պատասխանատվությունից խուսափելու, ապօրինությունը թաքցնելու եւ բարձիթողիությունը արդարացնելու համար:
Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման անհրաժեշտությունը թվարկելիս հեղինակները հիշատակում են այն հանգամանքը, որ այսօր գործնական մակարդակում երաշխավորված չէ իրավական պետության չափանիշներին համարժեք իրավունքի պաշտպանությունը: Փոփոխությունների անհրաժեշտության կողմնակիցները, հարկավ, չեն պնդի, թե այսօր Հայաստանում իրավունքների համատարած խախտումները թելադրված են ներկայիս Սահմանադրությամբ: Սակայն որքան էլ գործող Սահմանադրությունն ամբողջապես չի ապահովում իրավունքների պաշտպանվածությունը, միեւնույնն է, քաղաքական կամքի կամ անգամ ցանկության բացակայության պարագայում աշխարհի լավագույն սահմանադրությունն անգամ ոչնչով չի կարող օգնել մարդու իրավունքների պաշտպանության գործին:
Մարդու իրավունքների ամենաառարկայական խախտումները համատարած են մասնավորապես ցույցերի ու պիկետների ժամանակ, երբ ոստիկանությունը հազվադեպ է ականջալուր լինում օրենքի տառին: Դեռ 2008թ. մարտի 1-ին ժամկետանց զենքով 3 քաղաքացի սպանած ոստիկաններից որեւէ մեկը ցայսօր պատժված չէ, ինչին գործող Սահմանադրությունը չէ, որ խանգարում է: Ի վերջո, ներկայիս Սահմանադրությունը հռչակում է խոսքի ազատություն, մինչդեռ իշխանության հաստատած ամենակուլ վերահսկողությունն էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ, ինչի մասին դիվանագիտական զրույցներում ուղղակիորեն հայտարարել է Սերժ Սարգսյանը, պարզապես խախտում է սահմանադրական համապատասխան դրույթը: Հատկանշական է, որ այսօր ոչ մի երաշխիք չկա, որ նոր Սահմանադրության պայմաններում իշխանությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանը չեն պահպանի նույն կեցվածքը՝ ծանակելով արդեն խորհրդարանական համակարգը եւ հիմնավորապես արժեզրկելով նաեւ այդ գաղափարը:
«Հայեցակարգում» արձանագրված հետեւյալ դրույթի համաձայն՝ սահմանադրաիրավական անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու սկզբունքը ենթադրում է, որ իրավունքների երաշխավորված պաշտպանության հետեւանքով ապահովվելու են ժողովրդավարական ազատությունները, ինչի արդյունքում էլ սահմանափակվելու են իշխանական մարմինների հայեցությունը եւ սուբյեկտիվ դրսեւորման շրջանակները: Ըստ էության, առաջին հերթին պետք է սահմանափակել իշխանության գործունեության տիրույթը եւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ստեղծմամբ երաշխավորել իրավունքների պաշտպանությունը: Նկատելի է, որ իրավունքների պաշտպանության երաշխավորությունը իրականում սոսկ բարի ցանկության տիրույթից է, ուստի անհոդաբաշխ բառակույտ հիշեցնող հոդվածներն ու նորմերը չեն, որ ապահովելու են իրավունքների պաշտպանությունը եւ զսպելու պետաիշխանական մարմիններին:
Իրավապահ համակարգի՝ գործող Սահմանադրությամբ բացասված, սակայն գողապետական կաղապարներով թելադրված արտոնյալ դիրքն այսօր պարզապես նսեմացնում է իրավունքի գերակայության սկզբունքը: Ըստ այդմ, այս խնդիրը ոչ թե պահանջում է սահմանադրական լուծումներ, այլ օրենքի պարզ կիրառություն: Ներկայիս խեղաթյուրված իրավակարգում սահմանադրական փոփոխությունները կարող են աղետ դառնալ՝ նպաստելով փոփոխությունների հանդեպ հասարակական խորացող արհամարհանքին եւ «չհասկացվածության պատի» բյուրեղացմանը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ