ՀՀԿ-ական գյուղապետերը վերընտրվելու հայտ են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի տասը մարզերում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած պաշտոնական տվյալներից պարզ է դառնում, որ գործող գյուղապետերն են համայնքներում վերընտրվելու հայտ ներկայացրել:

Իհարկե, շատ դեպքերում պարզվում է, որ թեկնածուների մրցակիցները դրածոներ են լինում, այսպես կոչված, մրցակցային պայմաններն ապահովելու համար: Կուսակցությունները, որոնք Երեւանում իրենց պատառոտում են քաղաքական հայտարարություններով եւ դրանց առթիվ գործողություններ ծավալելու խոստումներով, այս դեպքում ավելի քան պասիվ են: Ավելին՝ նայելով առաջադրված թեկնածուների ցանկին՝ պարզ է դառնում, որ նրանց գերակշիռ մասը ՀՀԿ-ական է, տասն՝ անկուսակցական, եւ միայն մեկը՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, ով պատահաբար սպրդել է որպես թեկնածու եւ հայտնվել է այս ցանկում:

Որպես օրինակ նշենք մի քանի գյուղ, որտեղ համայնքի գործող ղեկավարները վերընտրվելու հայտ են ներկայացրել: Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Հարություն Չվչյանն առաջադրել է իր թեկնածությունը: Նրա մրցակիցը՝ Գեղամ Մուրադյանը, անկուսակցական է: Նույն պատկերն է նաեւ Լոռու Մեղվահովիտ, Սյունիքի Կուրիս, Վայոց ձորի Ռինդ, Տավուշի Լուսահովիտ, Արագածոտնի Գեղադիր համայնքներում: Նշենք նաեւ, որ գործող գյուղապետերի մեծ մասն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզի Գետիկ համայնքն այն միակն է, որտեղ գործող գյուղապետը՝ Սարգիս Այունցը, պայքարելու է դաշնակցական թեկնածուի՝ Աշոտ Դալլաքյանի հետ: Մյուս մարզերի գյուղերում, բացի ՀՀԿ-ական թեկնածուից, այլ թեկնածու չկա:

Թերեւս սա է պատճառը, որ վերջին տարիներին ՏԻՄ կառույցների հանդեպ հետաքրքրությունն ամբողջությամբ մարել է:

Նկատենք, որ առավել անհետաքրքիր են անցում համայնքի ավագանու անդամների ընտրությունները: Նույնիսկ գյուղեր կան, որոնց գյուղապետերը համագյուղացիներին խնդրում են, որ իրենց թեկնածությունն առաջադրեն՝ ավագանու անդամ ընտրվելու համար: Քանի որ ավագանու ինստիտուտը մեր հանրապետությունում այդպես էլ չկայացավ, մարզերում մարդիկ պարզապես տեղյակ չեն, թե ավագանու անդամն ինչ լիազորություններ ունի, ինչ կարող է անել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս