ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՄԻ ԴԵՍՊԱՆ ՉԻ ԽՈՍԻ ԴՐԱ ՄԱՍԻՆ»

Երեկ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան: Ըստ միջոցառման հեղինակների` ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման եւ իրականացման գործում: «Ժողովուրդ»-ը զրուցել է Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանի հետ` պարզելու նրա տեսակետը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին:

-Պարոն դեսպան, Եվրամիությունը տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին: Ձեր գնահատմամբ` որքանով են արդյունավետ եղել այդ ծրագրերը, արդյոք դրանց արդյունքում Հայաստանում կոռուպցիան նվազել է:
-Անձնական կարծիք, որպես դեսպան, ես չեմ կարող ասել, ես կարող եմ ներկայացնել միայն մեր գնահատականները, որպես Եվրամիություն՝ այն ծրագրերի վերաբերյալ, որոնք մինչեւ այժմ իրականացվել են: Կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որոնք իրականացվել են, ստեղծել են այն հարթակը, որպեսզի կարողանանք այդ խնդիրը Հայաստանում լուծել: Այն հարթակը, որին արդեն հասել ենք, սկսվել է որոշակի գնահատման փուլից, որը բարելավվել է: Բայց ժամանակն առաջ է շարժվում եւ մարդկանց պատկերացումները մեծացել են… թե ինչպես կարելի է նեգատիվորեն օգտագործել հակակոռուպցիոն միջոցները: Ինչպես միջոցառման ժամանակ ներկայացրեց պարոն Կարեն Զադոյանը, այս հարցը կարիք ունի ուշադրության եւ մշտական ջանքերի: Եվ այս գործողություններն ու ջանքերը պետք է տանեն նրան, թե ինչպես են քաղաքացիական հասարակությունը, անհատները կարողանում համագործակցել այս խնդիրն արմատախիլ անելու համար: Մենք շատ հետաքրքրված ենք տեսնելու, թե ինչպես այդ դրական ընթացքը կշարունակվի եւ նաեւ այս ծրագրի աջակցությամբ ապագայում իր զարգացումը կունենա: Չենք կարող ասել ու չենք ուզում ասել, որ այս ծրագրի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը կավարտվի, բայց մենք հույս ունենք, որ հասարակությունն ավելի լավ տեղեկացված կլինի այս ամենի մասին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրված կլինեն ավելի ընդարձակ ներկայացնելու այս խնդիրները, իսկ քաղաքացիական հասարակությունն էլ կունենա ավելի վերահսկող եւ մոնիթորինգային դերակատարում: Եվ, ի վերջո, հույս ունենք, որ կառավարությունը կունենա ավելի լավ մեխանիզմներ, կկիրառի դրանք ու այդ բացասական երեւույթի՝ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի լավ արդյունք կունենա:
-Այսինքն` Ձեզ բավարարում է ՀՀ իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարը:
-Ես գիտեմ տարբեր ինստիտուտներ, մարմիններ, որոնք Հայաստանում դա իրականացնում են: Անցյալ տարի մենք ունեցանք սեմինար, որն ուղղված էր բոլոր նրանց, ում հետաքրքրում էր այս հարցը… տեսնելու, գնահատելու հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետ իրականացման եղանակները: Եվ պետական մարմիններն էլ էին մասնակցում այդ սեմինարին: Վստահ եմ ու կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա պետական մարմինների կողմից հասկանալու, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, ապա այսօր հնչեցին որոշ կարծիքներ, թե ինչպես է այդ արդյունավետությունն ընկալվում կամ չի ընկալվում հասարակության կողմից: Կարծում եմ՝ այդ գործողությունները պետք է շարունակվեն ապագայում, որպեսզի ավելի լավ ընկալում լինի, երբ հարցը վերաբերվի կոռուպցիայի դեմ պայքարին:
-Կարելի՞ է ասել, որ Դուք ՀՀ իշխանություններին համարում եք ոչ կոռումպացված:
-Աշխարհում ոչ մի դեսպան չի խոսի դրա մասին:
Հ.Գ. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան խուսափողական պատասխաններ էր տալիս հատկապես ՀՀ իշխանությունների՝ կոռումպացվածության մասին հարցերին:

 

 

 

 

 

 

 

 

 

«ԱՄԵՆ ԻՆՉ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ»

Արդեն քանի օր է` ՀՀԿ-ականները հայտարարում են, թե իրենք մտավախություն ունեն, որ ՀՀ-ում այլեւս չի լինելու ընդդիմություն ասվածը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն, օրինակ, հետեւյալ կանխատեսումն արեց. «Ենթադրում եմ, որ մեր ընդդիմադիր ուժերն այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ կամ հակառակը` այլընտրանքն ընդդիմադիր ուժերին կտեղափոխի այլընտրանք: Այդպիսով` կստացվի, որ ընդդիմություն չենք ունենա: Իսկ այլընտրանքային ուժի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ինքը ընդդիմություն չի դառնա»: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանից պարզել՝ արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ ՀՀ-ում այլեւս ընդդիմություն չլինի:

-Պարոն Ջհանգիրյան, հանրապետականները հայտարարում են, թե շուտով ՀՀ-ում ընդդիմություն չի լինելու: Դուք նման մտավախություն չունե՞ք:
-Մենք համախմբվել ենք հարցերի, հարցադրումների շուրջ:
-Բայց համախմբումը նախաձեռնել է իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ: Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու:
-Բայց ով է ասել, որ նախաձեռնել է Գագիկ Ծառուկյանը, ես էլ ասում եմ, որ ամեն ինչ նախաձեռնել է մեր հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ին կայացած հանրահավաքի իր ելույթը խնդրում եմ մեկ անգամ եւս ուշադիր նայեք: Ինքն էր կոչ անում բոլոր քաղաքական ուժերին, այլընտրանքին, որպեսզի համախմբվեն եւ երկրի ներկա վիճակից դուրս գալու ուղիներ փնտրեն: Այնպես որ, ես այդպես չեմ կարծում: Չի կարող ընդդիմություն չլինել, եթե ընդդիմությունը եկավ իշխանության, ուրեմն անպայման իշխանությունն է դառնալու ընդդիմություն: Հիմա, ասենք, Ուկրաինայում Ռեգիոնների կուսակցությունը դարձավ ընդդիմություն, չեղա՞վ, որ իշխանությունն էլ առանց ԱԺ նոր ընտրությունների` դարձավ փոքրամասնություն եւ հիմա ընդդիմություն է:
-Իսկ ոչ իշխանական քառյակի համախմբումից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Իշխանությունն, օրինակ, հայտարարում է, որ այդ ամենը վատ ավարտ է ունենալու, քանի որ նախկինում մշտապես նմանատիպ համախմբումներ եղել են, սակայն արդյունքը չեն ունեցել:
-Զարմանալի կլիներ, եթե իշխող քաղաքական ուժը, կոալիցիան կամ կառավարությունը հայտարարեին, թե ամեն ինչ մեզ մոտ կստացվի: Իհարկե նրանք պետք է հայտարարեն, որ չի ստացվի: Շուտով 4 ուժերի համատեղ ուժերով ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը կներկայացվի: Սպասենք նախագծի հիմնավորումներին, հետո նոր կքննարկենք` դրանք հիմնավոր են, թե անհիմն: Ես կարծում եմ՝ միան Հայաստանի տնտեսության ներկա վիճակը՝ արտագաղթը, աղքատությունը եւ բազմաթիվ նման հարցեր, շատ են ու քիչ չեն, որպեսզի պահանջենք ՀՀ կառավարության հրաժարականը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՌԻՍԿԸ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը երեկ իր ելույթի նախաբանում «դաստիարակեց» ՀՀ ֆինանսների նախարարին: «Ֆինանսների նախարարը պարզ չէ` ինչու էր եկել… կարծես նորմ է դարձել, որ նախարարը ԱԺ-ում հանդես է գալիս տղայական պահվածքով, հոխորտում է, բայց ստացվեց երեխայական, հորդորեմ` մնա չափիդ մեջ, մեծերի գործերին մի խառնվի»: Ֆինանսների նախարարին հարմար չեն գտել բացատրել, թե ինչու է խաղատների մասին նախագծի օգտին քվեարկել: Իսկ ինչ կապ ունի այդ օրենքի մասին խոսել մեկ այլ օրենքի քննարկմանը, միայն իրենց է հայտնի»,-ասաց պատգամավորը:
Նախարար Դավիթ Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք ինքը չի վախենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծների վանդակում հայտնվելուց, քանի որ Գ. Ծառուկյանը սովորություն ունի նման ձեւով մարդկանց պատժել: «Կարծում եմ՝ ձեր այդ հարցն արդեն ամեն ինչ ասում է, այդպես էլ գրեք»,-եզրափակեց նախարարը:

 

ՄԻՏՈՒՄ

«Ժողովուրդ»-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված եւ Ուկրաինայից ներկրված ժամկետանց հավկիթներ, որոնց վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին եւ պիտանի է մինչեւ մարտի 26-ը: Խնդրի առնչությամբ, երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե այս ահազանգից հետո ծառայությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Ուկրաինայից ներկրված ժամկետանց հավկիթները շուկայից դուրս հանելու համար:
Պարզվեց, որ մեր նախորդ հրապարակումից, որտեղ գրել էինք, թե ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը պաշտոնական անգործություն է դրսեւորում, ՍԱՊԾ աշխատակիցները խիստ նեղացել էին: Ինչի համար էլ մեզանից պահանջեցին հարցումը գրավոր ուղարկել եւ 5 օր սպասել պատասխանին: Այսպիսով, մինչեւ ծառայության աշխատակիցները բարեհաճեն պատասխանել մեր հարցմանը, ժամկետանց հավկիթներն արագորեն կսպառվեն: Այս իրավիճակում 2 հարց է առաջանում. նախ՝ ենթարկվե՞լ են այդ ձվերը լաբորատոր փորձաքննության, եւ երկրորդ՝ ինչու է ՍԱՊԾ ղեկավար Աբրահամ Բախչագյուլյանը հանդուրժում ժամկետանց հավկիթների վաճառքը:

 

ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է

ՀՀ կառավարության վաղվա նիստում «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվելու է երեք հեկտար անտառային հող: ՀԿ-ն այն օգտագործելու է մշակութային նպատակով` սկաուտական պարապմունքներ, համահայաստանյան ու միջազգային բանակումներ կազմակերպելու համար: Այս տարածքը ժամանակին անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Որոշման այս նախագիծը ներկայացնելու է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 




Լրահոս