ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Ապրիլի 7-ին մեկնարկող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Ընդ որում, բավականին ծանր իրավիճակ է սպասվում հայաստանյան պատվիրակությանը:

Մի խումբ եվրոպացի պատգամավորների նախաձեռնությամբ արդեն իսկ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձեւի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Այս նախագծին բավականին շատ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից: Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչեւ Ռուսաստանին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը: Այս վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը:
Հարկ է նկատել, որ ուկրաինական ճգնաժամի հետեւանքով լարված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու տարբերակն էլ հավանական է: Մանավանդ որ արդեն կասեցվել է ՌԴ անդամակցությունը «Մեծ ութնյակին»: Բացի այդ, ԵՄ-ն հայտարարել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. ՌԴ-ն մեկ անգամ արդեն առիթ ունեցել է «արժանանալու» ԵԽԽՎ պատժամիջոցներին. 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ԵԽԽՎ-ն մեկ նստաշրջանով ՌԴ պատվիրակությանը զրկեց ձայնի իրավունքից: Հիմա, փաստորեն, ՌԴ պատվիրակությունը կանգնած է նույն խնդրի առաջ:
Հասկանալի է, որ ԵԽԽՎ պատժամիջոցները կարող են կիրառվել բանաձեւի ընդունումից հետո, իսկ բանաձեւը պետք է ընդունվի քվեարկությամբ: Ու հիմա սպասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է շատ անհարմար իրավիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են լոբբիստական գործունեություն ծավալել, նրանք դիմել են նաեւ ՀՀ իշխանություններին՝ խնդրանքով, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում «դեմ» քվեարկի բանաձեւի նախագծին:
Հայկական պատվիրակության վիճակը նախանձելի չէ. չեն կարող ոչ «կողմ» քվեարկել նախագծին, ոչ՝ «դեմ»: «Կողմ» քվեարկելու դեպքում, հասկանալի է, խնդիրներ կստեղծվեն ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ. մի քայլ, որից ՀՀ իշխանությունները պարզապես սարսափում են եւ երբեք դա չեն անի: Իսկ «դեմ» քվեարկելը կնշանակի՝ ՀՀ-ն կտրուկ հակադրվում է Եվրոպային, այդպես իր համար ԵԽԽՎ-ում ստեղծելով լրացուցիչ խնդիրներ: Այսօր ուկրաինական ճգնաժամի պատճառով Արեւմուտքը ՌԴ-ին դիտում է որպես ագրեսոր: Ընդ որում, ՌԴ-ի դեմ է դուրս եկել ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ ԵՄ-ն: Ուստի, ՌԴ-ին պաշտպանել՝ նշանակում է՝ ասոցացվել այդ երկրի հետ՝ կրելով պատասխանատվություն:
Ու սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները դեռ չեն մարսել Մաքսային միությանն անդամակցելու 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը, երբ մեկ օրում հրաժարվեցին եվրաինտեգրացիայից, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, բռնելով ՌԴ առաջարկած ճամփան: Ու հիմա իրավիճակը շտկելու համար փորձում են համոզել, թե իբր իրենք, այնուամենայնիվ, արեւմտյան արժեքների կրողներ են ու «եւ-եւ» սկզբունքի շրջանակներում նաեւ ԵՄ-ի հետ են համագործակցելու: Անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր հայտարարել, թե «ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություն»: Միայն թե, հիմա ԵԽԽՎ նախագծի քվեարկությունը կարող է այս հարցում «փորձաքար» դառնալ:
Նշենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ունի չորս ձայնի իրավունք. քվեարկել կարող են պատվիրակության հիմնական անդամները՝ Դավիթ Հարությունյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Հասկանալի է, որ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարող է լավագույն դեպքում ազդել իր կուսակից ընկերոջ՝ Արփինե Հովհաննիսյանի վրա, իսկ ահա Լեւոն Զուրաբյանի ու Նաիրա Զոհրաբյանի հարցը բաց է մնում: Որպես այլընտրանքային ընդդիմություն, նրանք կարող են ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: Մնում է նրանց կուսակցության ղեկավարները Ռուսաստանի շահերին դեմ քվեարկելու հրահանգ չտան:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

Իշխանության ներսում ստեղծվել է մի վիճակ, երբ «շունը տիրոջը չի ճանաչում»: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախօրեին տված հարցազրույցում հայտարարել է, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում կառավարությունը պատրաստ չէ գնալ զիջումների, այնինչ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն, ընդհակառակը, երեկ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե կառավարությունը կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում պատրաստ է գնալ փոխզիջումների: Մինչ այդ, փոխզիջումների եւ օրենսդրական փոփոխությունների պատրաստակամության մասին էր հայտարարել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

 

ԲՈՅԿՈՏ   ԳԱԼՈՒՍՏԻՆ

Երեկ, երբ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սկսեց քննադատել ոչ իշխանական ուժերին, ԲՀԿ խմբակցության պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը՝ բոյկոտելով իշխող մեծամասնության ներկայացուցչին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական ուժերն ավելի ուշ ընդհանուր համաձայնության են եկել: Ամեն անգամ, երբ Գրիգորիչն իր խոսքի «չափն անցնի», 4 ուժերը պարբերաբար կկիրառեն այս տակտիկան:

 

ՄԵՐՁԵՆՈՒՄ ԵՆՔ

Հայկական դիվանագիտությունը նորանոր հորիզոններ է նվաճում. հիմա էլ ՀՀ-ն սերտացնում է հարաբերությունները Պերուի Հանրապետության հետ: Ավելին, կառավարության առաջիկա նիստում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատրաստվում է ներկայացնել Պերուի Հանրապետության հետ դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագիը: Ինչպես նշված է հիմնավորման մեջ, այն կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը: Ավելին, պարզվում է, ԱԳՆ-ն հիմա ամապատասխան միջոցառումներ է իրականացնում Լատինական Ամերիկայի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

 

ՄԱՔՈՒՐ ԶԻՆԳՐՔՈՒՅԿԻ ՀԱՄԱՐ

Երեկ ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել էր Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանը ոմն Արմանի զինգրքույկը մաքուր հանձնելու համար նրանից պահանջել է 300 դոլար: Մեր տեղեկություններով՝ Արմանը ծառայության ընթացքում խախտումներ է իրականացրել, որոնք արձանագրվել են զինգրքույկի մեջ: Սակայն Սերգեյ Սարգսյանին չի հաջողվել մաքրել Արմանի զինգրքույկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԻՄՊՈՏԵՆՏ  ԴԱԼՏՈՆԻԿՆԵՐԸ

«Չգիտեմ՝ ես դալտոնի՞կ եմ, թե՞ չէ, կյանքը շատ բաների մասին է խոսում, բայց այն մարդիկ, որ ինձ որակեցին, բոլոր հիմքերն ունեմ ասելու՝ նրանք էլ քաղաքական իմպոտենտ են, որովհետեւ նախագահական ընտրություններից հետո ունենալ հինգ հարյուր հազար ձայն եւ մեկ ամսում փչացնել, դրա համար հարկավոր է լինել ընդամենը իմպոտենտ, քաղաքական իմպոտենտ՝ ոչ ավել, ոչ պակաս»,-երեկ ԱԺ նիստում հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ հակադարձելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի քննադատությանը, ով նկատել էր, որ ընդդիմությանը սեւ ակնոցներ հագնելու մեջ մեղադրողները դալտոնիկներ են:

 

ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉԿԱ

Երեկ նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել «Հարսնաքարի գործով» 12 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալների հարազատները: Նրանք պահել են «Պատիժն ըստ կատարածի», «Արդարացում անմեղներին», «Յուրաքանչյուրը թող պատժվի իր արածի համար» վերտառությամբ պաստառներ: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, «Ա1+»-ին ասել է, որ չի արդարացնում որդուն, սակայն նա Վահե Ավետյանին վնասվածքներ չի պատճառել:

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ դիմել է գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված մասնագետներ գտնելու հարցում իրենց օգնելու կոչով: «Սա զուտ դիմում է փորձված մասնագետներին, որոնց մասնագիտական աջակցության կարիքն ունենք»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ նրանք կարող են օգնել բացահայտելու այն խնդիրները, որոնք գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի օրակագում են:ՀԱԿ պատգմավորը հայտնել է, որ աջակցողները կարող են դիմել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ։

 

 

ԳԱՂՏՆԻ ԱՅՑ

ԱԺ-ում լուրջ սկանդալ է հասունանում. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Քեսապի հայության խնդիրներին տեղում ծանոթանալու համար պատգամավորական խումբ է գործուղել Սիրիա, միայն թե՝ դա արել է ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցութուններից գաղտնի: Այս խմբում ընդգրկված են երիտհանրապետականներ Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը, որը համարվում է «իշխանության մարդը» ընդդիմադիր խմբակցությունում: Ավելին, Աբրահամյանն անտեսել է նաեւ ՀՅԴ-ին, մի կուսակցության, որը Սիրիայում բավականին մեծ կառույց ունի եւ որի ներկայացուցիչները սիրիահայերին օգնելու համար կազմակերպել էին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը: Համենայն դեպս, ՀՅԴ-ականները Քեսապում ավելի մեծ օգուտ կարող էին տալ, քան, օրինակ, Նաիրա Կարապետյանը, որն իր լուսանկարներով է հիանում սոցիալական ցանցերում:

 

ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀՀ փաստաբանների պալատը երեկ տարածած հայտարարությունում հայտնել է իր մտահոգությունը «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ եւ վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։ «Այս եւ մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ»,-ասված է հայտարարությունում:




Լրահոս