5 ՏԱՐԻՆ ՄԵԿ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազմաթիվ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում` կապված սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի աննախադեպ բարձր վարձավճարների հետ: Քաղաքացիները պնդում են, որ թեեւ փետրվար ամսին ավելի քիչ քանակությամբ են գազ եւ էլեկտրաէներգիա սպառել, բայց ամսվա վերջին ներկայացված հաշիվներն ավելի մեծ են, քան հունվար ամսինը:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիներից մեկը` տիկին Անահիտը(առայժմ չենք հրապարկում քաղաքացու բնակության հասցեն) տեղեկացրեց, որ հունվար ամսին սպառած գազի վարձը կազմել է 48 հազար դրամ, իսկ փետրվար ամսին, երբ բնակարանը գազով ջեռուցել են, ընդամենը 17 օր, ստացել են 61 հազար դրամ վարձավճարի հաշիվ: Եվ հունվար ամսվա վարձավճարը չվճարելու պատճառով փետրվարի 24-ին գազն անջատել են:
«Եթե ամբողջ հունվար ամսվա սպառած գազի վարձը կազմել է 48 հազար դրամ, այդ ինչպես ստացվեց, որ փետրվարին, միայն 17 օր օգտագործելուց հետո, այն կազմել է 61 հազար դրամ: Աբսուրդ է: Մենք էլ չենք մուծում, որովհետեւ ոչ միայն հնարավորություն չունենք, այլեւ մեզ խաբված ենք զգում: Գուցե ինչ-որ բան է կատարվում հաշվիչի հետ»,-զայրացած նշեց տիկին Անահիտը:
Նմանատիպ իրավիճակից, սակայն արդեն կապված էլեկտրաէներգիայի հաշվիչների հետ, օրերս «Ժողովուրդ»-ին բողոքել էին նաեւ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղու բնակիչները: Մոտ 18 ընտանիք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հունվար ամսվա սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարի չափը բարձր է եղել: Բնակիչներից մեկը՝ Գագիկը, նշել էր. «Հունվար ամսվա էլեկտրաէներգիայի վարձը կազմել էր 22 հազար 610 դրամ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ քիչ էինք օգտագործել: Էլեկտրիկը եկավ, բոլորս էլ հավաքվեցինք ու մի լավ զայրացանք: Արի ու տես, որ դրանից հետո փետրվար ամսվա գումարը քիչ էր, ուղիղ կեսը: Բայց սովորականի նման էինք հոսանքն օգտագործել: Բա դա տրամաբանությո՞ւն է»:
Հարցի կապակցությամբ ոլորտին քաջատեղյակ, Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զարմացավ` նշելով, որ գազի տեսուչը չի կարող սպառածից «ավել թիվ» գրել: Տեղեկացնենք, որ տիկին Ադամյանը ժամանակին աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:
«Բնակիչները, եթե դժգոհում են, պետք է դրա պատճառը այլ տեղ որոնեն: Բայց փաստը մնում է փաստ, որ երբ տեսուչները գնում են այս ահազանգերի եւ բողոքների հետքերով ու համապատասխան ստուգումներ անցկացնում, հետո պարզվում է, որ խնդիրն այլ էր: Գուցե շատ են սպառել, չէ որ փետրվար ամիսն այնքան էլ տաք չէր»,-ասաց տիկին Ադամյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ հնարավոր է, որ հաշվիչները խնդիր ունեն կամ անսարք են, ինչի համար էլ կարող են արագ պտտվել: «Յուրաքանչյուր հինգ տարին մեկ գազի հաշվիչները տարվում եւ համապատասխան լաբորատոր փորձաքննության են ենթարկվում: Իսկ երբ բացահայտվում է, որ ինչ-որ բան այն չի եղել հաշվիչի հետ, անպայման բնակիչների նկատմամբ տուգանքներ են կիրառվում»,-բացատրեց տիկին Ադամյանը:
Զրույցի ընթացքում նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին գազի խողովակներն անցկացվել են գետնի տակով, իսկ հիմա դրանք ակնհայտ երեւում են: Դա էլ կարող է պատճառ հանդիսանալ գազի ճնշման կորստի: «Պետք է բնակիչներին ամեն նրբության մասին իրազեկվի, որպեսզի նրանք դադարեն մտածել կամ անհանգստանալ, թե հսկիչը գազ է գողացել կամ էլ հաշվիչի հետ ինչ- որ բան այն չի արել»,-նկատեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի հաշվիչներին՝ նա հայտարարեց, որ այստեղ մարդիկ նման քայլերի շատ են գնում: Բացի այդ, հաշվիչները ոչ միշտ են ենթարկվում լաբորատոր փորձաքննության: «Եվ մինչեւ բաժանորդը չպահանջի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի արձագանքի»,-նշեց նա՝ հավելելով նաեւ հոսանքի պարբերական տատանումների ու անջատումների հետ կապված խնդիրները:
Ստացած բողոքի կապակցությամբ զրուցեցինք նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ. «Եթե քաղաքացին դժգհություն ունի, ապա նա կարող է դիմել տեղամասային ծառայություն կամ մեզ՝ հասկանալու, թե ինչն է խնդիրը: Չի կարող վճարը սպառած գազի չափից ավելի լինել, համապատասխանաբար իրենց սպառած գազի չափով էլ գումարները կազմում են: Լինում են դեպքեր, երբ պարզվում է, որ քաղաքացին դեկտեմբեր ամսվա սպառած գազի վարձը պարտքով է թողել եւ այն գումարվել է արդեն փետրվար ամսին սպառած գազի գումարին»:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարության նիստում քննարկվեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի՝ նախագիծը կոչված էր պաշտպանելու սպառողի շահերը եւ թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»: Սակայն կառավարության եզրակացության համաձայն` օրինագիծը նոր հարցեր էր հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով` լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին եւ բիզնեսին: Կառավարությունը նաեւ գտավ, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են եւ օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:
ԴՊՐԵՎԱՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է
ՀՀ Արագածոտնի մարզի Դպրեվանքի բնակիչների թիվն օր օրի նվազում է: Այս պահին գյուղում միայն ծերացող ընտանիքներ են ապրում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Դպրեվանքի համայնքապետ Արամայիս Ղասաբյանի հետ:
-Ինչո՞վ են զբաղվում գյուղի բնակիչները:
-Ո՞վ կա որ: Մարդ կա՞ որ:
-Քի՞չ է բնակիչների թիվը:
-Մի քանի հոգի են, պառավ մարդիկ են:
-Քանի՞սն են:
-Մի քանի ընտանիք, 58 բնակիչ:
-Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Չէ, չունեն ոչ մի բան: Պարապ են եւ ծերացած:
-Ինչո՞վ են զբաղվում:
– Մի երկու ընտանիք է միայն հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվում: Իսկ մյուսներն ապրում են Ռուսաստանից ուղարկված փողերով: Բոլորն էլ թոշակառու են, նպաստ չեն ստանում:
-Արտագնա աշխատանքի մեկնողներ կա՞ն:
-Չէ, մեզ մոտ բոլորը ծեր են, չեն կարող Ռուսաստանում աշխատել: Իրենց որդիները տարիներ առաջ գնացել են ու այնտեղ հաստատվել, հիմա մեկ-մեկ գումար են ուղարկում: Ով մնացել է գյուղում թոշակառու է: Թե չէ երիտասարդները վաղուց են գնացել:
-Մի խոսքով, գյուղում խնդիրները շա՞տ են:
– Մեր գյուղում խմելու ջրի խնդիր կա: Ջուր չունենք: Տեւական ժամանակ է, ինչ ջուր չունենք: Էլ մարդ չի մնացել, որ ջրի հարցով դիմենք: Լուծող չկա:
-Հիմա ինչպե՞ս եք ձեռք բերում խմելու ջուրը:
-Ով ոնց պատահի:
-Այսինքն:
-Մեկը մեկից, հարեւան համայնքներից: Կամ էլ՝ ոռոգման ջուրն են խմում, որն էլ մաքուր չէ ու առողջությանը մեծ վնաս է հասցնում:
-Իսկ մարզպետ Սարգիս Սահակյանը տեղյա՞կ է խնդրին: Չի՞ օգնում:
-Մենք դիմել ենք մարզպետին: Ասել են՝ ջուր չկա, պոմպը վառվել է: Չգիտեմ: Ինչ ասես, որ չեն ասում, միեւնույն է՝ հարցը լուծող չկա:
-Իսկ դպրոց ունե՞ք:
-Մեզ մոտ ընդհանրապես դպրոց չենք էլ ունեցել, գյուղապետարանի շենք էլ չունենք: Մենք նման «ճոխ» բաներ չունենք:
-Այդ դեպքում որտե՞ղ եք աշխատում:
-Մի վագոն-տնակ ունենք: Հենց այդտեղ էլ մեր գործերն անում ենք:
-Աշակերտ էլ չունե՞ք:
-Մի վեց հոգի: Գնում են հարեւան՝ Արուճ համայնքի միջնակարգ դպրոց: Դե սա փախստականի գյուղ է եղել եւ դրա համար էլ ոչինչ չունենք: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել: Մեկ-մեկ ես եմ տանում աշակերտներին, մեկ-մեկ էլ ուրիշը: Բոլորս էլ օգնում ենք երեխաներին, տանում ենք դպրոց:
-Առաջիկայում Ձեր համայնքում գյուղապետի ընտրություններ են սպասվում: Կցանկանայի՞ք վերընտրվել:
-Դեռ չգիտեմ: Չեմ կարող ասել:
-Փոշմանե՞լ եք:
-Չէ, չեմ փոշմանել: Ռուսաստան չեմ գնա, որովհետեւ տարիքս թույլ չի տալիս: Բայց մյուս կողմից չգիտեմ էլ, թե ինչ պետք է անենք, որովհետեւ ո՛չ ջուր ունենք, ո՛չ էլ հող: Ոչ մի բան չունենք, ի՞նչ աշխատեմ, ո՞նց աշխատեմ:
Նյութերը` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Ռուսաստանի Դաշնության Սակագների որոշման դաշնային ծառայությունն անսպասելի հայտարարություն է արել: Հուլիսի 1-ից գազի մեծածախ գինը շուրջ 4 տոկոսով թանկանալու է Ռուսաստանում:
Սա, իհարկե, այնքան էլ մեծ թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ նախ՝ այս երկրում գազը ներքին սպառման համար խորհրդանշական գին ունի (մի քանի անգամ էժան, քան Հայաստանում) ու 4 տոկոսանոց գնաճը կոպեկների տարբերությամբ կնշանավորվի: Բացի այդ, ռուսները հազիվ թե հայկական հնարամտություն ունենան ու սպառողի համար 4 տոկոսով թանկացած գազը 24 կամ 34 տոկոսով վերջնարդյունքում մատակարարեն իրենց բնակիչներին:
Բայց այս դեպքում անգամ հայկական հնարամտությունը չի փրկի: Ռուսաստանն, անշուշտ, օգտվելով առիթից, բոլորի համար էլ կարող է սակագինը վերանայել: Այդ գերտերության փաստարկներն հիմա ավելի զորեղ են. ինչո՞ւ չվերանայել գները, օրինակ, Հայաստանի նման երկրի համար, երբ արդեն ունեն բավականին հիմնավոր մի պատճառ. սեփական ազգաբնակչությունը գազի դիմաց հուլիսից սկսելու է ավելի թանկ վճարել:
Իսկ ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները։ Չէ՞ որ արդեն «Գազպրոմ»-ի հայտարարությունները թարգմանաբար ներկայացնելն իրավիճակը չեն փրկի, խնդիրն էլ չի լուծվի: Եթե սպառման ծավալները նախքան հերթական թանկացումն են ամսեամիս նվազում, թանկ սակագինը հաստատ է՛լ ավելի ուժգին հարված է հասցնելու «Գազպրոմ»-ի հայաստանյան բիզնեսին: Ասել է թե՝ հայկական սպառոը կամաց-կամաց հրաժարվում է երկնագույն վառելիքից:
Գազն անցյալի հուշ չդարձնելու համար, Էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանը օրերս թարմացրեց Իրանից գազ գնելու հավանականության թեման: Նկատենք, որ պարսկական կողմից նման առաջարկ վաղուց է եղել, բայց հայրենի իշխանությունները մինչեւ հիմա ոչ մի կերպ չեն ցանկացել հրաժարվել մեծ եղբոր` Ռուսաստանի ապրանքն ամեն գնով իրացնելու մտքից: Թերեւս ժամանակն է, որ պարսկական գազը հակակշիռ դառնա ռուսականին եւ վառելիքային շուկայում «Գազպրոմ»-ի կամակորությունները նոր գնաճ չարձանագրեն:
ԴԱՎԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ